Ըստ Աբխազիայի վտարանդի կառավարության նախարարի
Թբիլիսիում հաստատված Աբխազիայի վտարանդի կառավարության անվտանգության նախարար Լեւան Կիկնաձեն «Ազգի» հետ զրույցում ասաց, որ Աբխազիայի հայերի նկատմամբ ահաբեկչությունը, թալանը շարունակվում են։
Կիկնաձեն, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող տեղեկությունները, ասաց, որ թուրք մոհաջիրները եւ աբխազական ավազակախմբերը թալանում, կողոպտում, ահաբեկում են աբխազահայությանը, հատկապես Գանթիադիի եւ Սուխումի շրջաններում։
Թուրք մոհաջիրները, ըստ Կիկնաձեի, էթնիկ աբխազներ են, որոնք Ռուսաստանում ցարական իշխանության տարիներինՙ ավելի քան 100 տարի առաջ, Աբխազիայից արտաքսվել էին Թուրքիա։
«Այսօր նրանց մի մասը վերադարձել է Աբխազիա եւ տեղի զինված խմբավորումների հետ զբաղված է հայերին թալանելով։ Հայ գյուղացիներին ստիպում են «նալոգ» վճարել, նրանցից դրամ են շորթում», ասաց Կիկնաձեն։
Աբխազիայի վտարանդի կառավարության անվտանգության նախարարը նշեց, որ «չնայած պատերազմի տարիներին աբխազահայերն օգնում էին անջատողականներին եւ կռվում վրացիների դեմ», այսօր անջատողականների կառավարությունում չկա եւ ոչ մի հայ նախարար։
«Վերջինն Ալբերտ Թոփալյանն էր, ով ձեւավորեց եւ գլխավորեց Բաղրամյանի գումարտակը 1992¬93թթ. պատերազմի ընթացքում», ասաց Կիկնաձեն։
«Աբխազահայերը փախչում են Աբխազիայից եւ հաստատվում Ռուսաստանում։ Այնտեղ հայերի թիվն այսօր 40 հազարից պակաս է», ասաց Կիկնաձեն։
«Ազգը» չկարողացավ կապվել Սուխումի իշխանությունների հետՙ պարզելու, թե ինչ է կատարվում Աբխազիայում։
Նկատենք, որ վրաց-աբխազական պատերազմի ավարտից հետո աբխազահայությունը պարբերաբար դարձել է զինված խմբավորումների թիրախ։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի