Ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը
Երեկ կառավարությունում քննարկված հարցերից ութը ներկայացրել էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։ Դրանցից առաջինը վերաբերում էր 2001 թ.-ին անցկացված մոնիտորինգի արդյունքներին։ Ուսումնասիրվել են 60 ձեռնարկություններ, որոնք կամ պետական են, կամ պետությունը հսկիչ փաթեթի տերն է։ Նպատակն է եղել պարզել, թե ինչպես են կառավարվում պետական ձեռնարկությունները։
Դժվար է ասելՙ կառավարությունում տեղյակ չէի՞ն այդ մասին, թե մոնիտորինգի իրականացման այլ շարժառիթներ կային։ Այդուհանդերձ, ստացված արդյունքներն այնպիսին էին, որ առանց ուսումնասիրության էլ հայտնի էին բոլորին։ Պարզվել է, որ այդ 60 ձեռնարկությունների 51 տոկոսն աշխատում է վնասով, որը կազմում է մոտ 118 մլրդ դրամ։ Կրեդիտորական պարտքերը 498 մլրդ դրամ են եղել, այդ թվումՙ առեւտրային գործընկերներին ունեցածները։ Դա նշանակում է, որ այս անառողջ ձեռնարկություններն իրենց հետեւից փոսն են քաշում նաեւ այլ տնտեսվարողների։
Վարդան Խաչատրյանի եզրակացությամբ, այդ ձեռնարկությունները պետք է լուծարել, որովհետեւ դրանց կառավարումը «նողկալի վիճակում է»։
Նախարարը տեղեկացրեց, որ փոփոխություններ են կատարվել «Գնումների մասին» օրենքում։ Շատ հաճախ մրցույթների հաղթողների հետ գործարքների ժամանակ օրենքի շրջանակներից դուրս եկող դրույթներ են լինում։ Քանի որ գործարքից 10 օր հետո են դրանք ներկայացվում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հաստատմանը, հարկ էր լինում փոփոխել այդ դրույթները։ Այսուհետեւ մինչ կնքելը պայմանագիրը պետք է ներկայացվի նախարարությանը։
«Վիճակախաղերի եւ շահումով խաղերի մասին» օրենքում նույնպես կատարվել են փոփոխություններ, որոնք Վարդան Խաչատրյանը հիմնավորեց «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքերի մասին» եւ մի շարք այլ օրենքների ընդունմամբ։ Սակայն անգամ լրագրողների հարցերից հետո հնարավոր չեղավ պարզել, թե վերոնշյալ օրենքում ինչ հիմնական փոփոխություն է կատարվել։ Դրանք, ըստ նախարարի, ոչ էական փոփոխություններ են եղել։
Ելույթի վերջում ներկայացվեցին 2003 թ.-ի առաջին 6 ամիսների բյուջեի կատարման ցուցանիշները։ Եկամուտների գծով բյուջեն կատարվել է 100,9 տոկոսով։ Հարկային մասով մուտքերը կատարվել են 101,1 տոկոսով, ինչը գումարային առումով կազմել է 98 մլրդ դրամ։
Ընդհանրապես ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի խոսքը երեկ շատ խճողված էր եւ անհասկանալի։ Մասնավորապես երկու անգամ նրան հարց ուղղվեց, թե ինչպես են համատեղվում տնտեսական աճն ու հարկային ահռելի վնասներ (ընդհանուր առմամբ մոտ 200 մլրդ դրամ) ցույց տված ձեռնարկությունների առկայությունը։ Երկու անգամ էլ Վարդան Խաչատրյանը պատասխանեց, որ այդ ձեռնարկությունների մի մասը մեծ ներդրումներ է կատարել, եւ 2¬3 տարի դա կարող են որպես վնաս ձեւակերպել, իսկ մնացած մասը վնասով է աշխատում կամ վնաս է ցույց տալիս շահութահարկից խուսափելու համար։ Այսինքնՙ բացի նրանից, ինչն ակնհայտ է, ոչինչ չասվեց, եւ հարցի պատասխանից չհասկացվեց, թե դա ինչ կապ ուներ տրված հարցի հետ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ