Ռաֆայել Ղազարյանի կանխատեսումը ճիշտ չէր....
Ամերիկյան «Դաբլյու էմ էյ փի» գիտական արբանյակից վերջերս սենսացիոն տվյալներ էին ստացվել, որ տիեզերքը մեծ մասամբ բաղկացած է առեղծվածային էներգիայից, որի բնույթը առայժմ չի ենթարկվում ժամանակակից գիտության ըմբռնմանը («Ազգ», 19 հունիսի, 2003)։ Գիտնականների անկախ խմբի ղեկավար Նորայր Սարգսյանը երեկ «Կոնգրես» հյուրանոցում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իրենց խումբը մի քանի տարի առաջ էր կատարել այդ հայտնագործությունը, բայց քանի որ Հայաստանը չունի հայտնագործությունները պատենտավորող օրենք, հետեւաբար, դրանք մնում են թղթի վրա։ Նրա համոզմամբ, իրենց հայտնագործությունների որոշ ուղղությունների գործնական ներդրումը հնարավորություն կտա 1¬2,5 տարում ապահովել ոչ միայն երկրի գիտատեխնիկական ու տեխնոլոգիական առաջընթացը, այլեւ շատ կարճ ժամանակամիջոցում լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական բոլոր խնդիրները։ Մինչդեռ մեր երկրի նախկին եւ ներկայիս ղեկավարներն անտեսում են իրենց առաջարկներն ու լրացուցիչ խնդիրներ ստեղծում։ Նրա խմբի մի հայտնագործության մասին հրապարակվել է ռուսական «Վեստնիկ» ամսագրում, սակայն նա չի ցանկացել հայտնագործությունը պատենտավորել Ռուսաստանում եւ դարձնել երկրի սեփականությունը։ Հետաքրքրական է, որ պրն Սարգսյանի պահանջն իրականում շատ պարզ ու հեշտ լուծելի է, քանի որ նա ֆինանսական որեւէ աջակցության պահանջ չի դնում։ Բավական է միայն վերանայել գիտնականների գործունեությունը սահմանափակող օրենքներըՙ նրա պարագայում առաջին հերթին փոփոխություն մտցնել պատենտավորման օրենքում։ Այս դեպքում միայն նրա գիտական խումբը կստեղծի գրավիտացիոն գեներատորներ, կյանք կմտցնի երկրաշարժերը կանխելու եւ այլ հայտնագործություններ։
Լսենք ասուլիսին ներկա գիտնականներից մի քանիսի կարծիքները։
Արտակարգ իրավիճակների վարչության գիտաշխատող Լյուդվիգ Նազարյան. «Այս խմբի համար հրատապ հարցը պատենտավորում ստանալն է, գումարային որեւէ խնդիր չունեն։ Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը ժամանակին հայտարարեց, թե մեր երկրում 100 տարին մեկ անգամ են հայտնագործություններ կատարվում, հետեւաբար օրենք ընդունելու կարիք չկա։ Իրականում մեզանում կատարվում են այնպիսիները, որ կասկածի տակ են առնում համաշխարհային գիտության մեջ արմատացած տեսություններ։ Հեղաշրջում առաջացնող գիտական նորույթները միշտ էլ դժվարությամբ են ըմբռնվում մարդկության կողմից»։
Երկրաբանական գիտությունների դոկտոր Ռուդոլֆ Գեւորգյան. «Մեր գիտնականներից շատերը քննարկումների ժամանակ իրենց գիտական մտահորիզոնով ու պատրաստվածությամբ ի զորու չեն հերքելու պրն Սարգսյանի առաջ քաշած գիտական թեզերը։ Սա նշանակում է, որ նա առաջ է անցել, որով էլ ըստ էության պայմանավորված է նրա մտքերի հակադրությունը ԳԱ ակադեմիայի հետ, որտեղ ակադեմիկոսները կառչած են արդեն ընդունված գիտական հայացքներից»։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ