«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2003-07-03 | #126, 2003-07-04 | #127, 2003-07-05


ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Երեւանը վերածվել է մի մեծ գյուղիՙ խառը, անկանոն, հոգնեցնող, անհետաքրքրական։ Ծայրամասի բնակիչների մեծ մասի մեջ մշտապես խանդ առաջացնող քաղաքի կենտրոնը հիմա դարձել է բնակության համար հույժ անհարմար եւ ոչ ձեռնտու (խոսքը երթեւեկության մասին է)։ Ու միեւնույն է, որքան էլ քայլելն առողջության համար լավ է, մեր փողոցների վիճակը բնավ էլ տրամադրող չէ դրա համար։ Քաղաքի կենտրոն հասնելը հիմա հեշտ չէ։ Ենթադրենք Կասյան փողոցից ուզում ես հասնել կինոթատրոն «Երեւան», կամ «Ազգ» օրաթերթի խմբագրատուն (Հանրապետության փողոց)։ Կարծում եք 15¬20 րոպեի գո՞րծ է։ Անցավ այդ ժամանակը։

Բարեկամության փողոցը 2 շաբաթ փակ է։ Տրամվայի գծերն են հանում։ Մեզ տրամվայ պետք չէ, տրամվայը թոշակառուների համար է, մեզ թոշակառու էլ պետք չէ, մանավանդ որ իրենք անվճար երթեւեկելու իրավունքից մեկ-մեկ օգտվում են։

Մետրո՜ն. ամենահուսալին, ապահով, հանգիստ, ուղղագիծ, ոչ ծռվում է, ոչ ծղրտում, վնասակար արտանետումներ էլ չունի (մի քանի օր առաջ գործադուլ էր հայտարարել, հուսահատությունից տնից չէի ուզում դուրս գալ)։ Երեւանյան երթուղային մաշված տաքսինե՜րը։ Սրանք ինչ «մեղք» ունեն, անիվները ճռռացնելով հազիվ քարշ են տալիս, թռչում, իջնում քաղաքի դարուփոսերով, ծռմռվելով ինչ նրբանցք կաՙ մտնում, դուրս գալիս, մինչեւ ասենք կինո «Երեւանից» հասնում են Ամիրյան փողոց։

Երթուղայիններում տեղ ու դադար չկա, իրար վրա թառած, երբեմն էլ հումանիզմից դրդված նստածներն օգնել են ուզում ծռված-կանգնածներին ու վերցնում պայուսակը կամ, ասենք ձեռքի տեսամագնիտոֆոնը կամ ֆոտոապարատը, հետո խցկոցներից օգտվելով, իբր մոռանում կամ մեջից դրամապանակ-բան թռցնում։ Կողոպտված, վիրավորված, ծռմռված իջնում ես 1¬1,5 կանգառ հեռավորությամբ, բախտդ անիծելով, կոշիկներդ ավելորդ անգամ մաշեցնելով, քայլելով առաջ ես ընթանում։ Ահա երեւանյան երթուղային իրականության մի կողմը։ Այստեղից առաջարկՙ երթուղային մաշված տաքսիների եւ քաղաքացիների առողջության համար խիստ վտանգավոր դրանց խցանումների ու աղմուկի պատճառով ուղեվարձը կրկնակի իջեցնել, ասենք 50 դրամ, կամ մինչեւ քաղաքային շինարարության ավարտն աշխատել բարեգործական սկզբունքովՙ անվճար (հետեւանքների համար պատասխանատու չենք)։

Այս ամենի մասին երբ գրում ես, որոշ հեռուստաընկերություններ մամուլի իրենց տեսությամբ բացատրում են, թե իբր այս շինարարությունը բոլորիս համար է։ Կարծես մենք չենք հասկանում, որ Պռոշյանի ճոխ ռեստորաններն ու քաղաքի մնացած հյուրանոցները, կազինոներն ու ստրիպտիզ-ակումբները, դիսկոտեկներն ու գիշերային բարերը, սաունաներն ու վերջապես մատչելիագույն սրճարանիկները մեզ համար են կառուցվում։ Բոլորս օրական մի քանի անգամ մտնում դուրս ենք գալիս, չէ՞։ Մի հարցնող լինի, թե Երեւանի կենտրոնական փողոցներով մեր քաղաքաշինարարները քայլե՞լ են օրը ցերեկով։ «Եվրոպական չափանիշներով» եւ մակարդակով տներ ու հասարակական զվարճատեղեր կառուցող մեր տղերքըՙ կերած-խմած, հաստավիզ, ասենք, Սամոն, Արտուշը, Գուգոն, Սաքոն, անգլերենը չգիտեն ինչ է, բայց բոլոր օբյեկտներն անգլիատառ, օտարահունչ անվանումներով են կնքելՙ Էլֆ, Ջենթլմեն, Մարսել, Միշել, Շարլոտ, Պիոներ, Կակադու, Կակտուս, Մետելիցա, Քիսո, Հավաբուն։

Երեւանի ծայրամասը անտերուդուս, մոռացության մատնված, իսկ կենտրոնը բարգավաճում էՙ անճոռնի ճուտիկի պես, անճաշակ, տձեւ, գունավոր կարկատաններով։ Ում խելքին ինչ փչի, կառուցում է, գումարի չափն է որոշում մայրաքաղաքի նորօրյա ճարտարապետական ոճը։ Ու այս ամենը պարտադրվում է մեզ բոլորիսՙ իբրեւ արդի հայկական մշակույթ, ճարտարապետության մեջՙ եվրոպականի, արեւելյանի (մզկիթաձեւ), հայկականի (աննշան) խառնուրդով։ Երաժշտության մեջՙ երթուղային տաքսիներումՙ ռուսական, տոնավաճառներումՙ արեւելյան, թուրք-պարսկական, բակերումՙ հայկական ռաբիս, «էլիտար» վայրերումՙ ջազ, դիսկոտեկներումՙ ռեպ։ Այսպես շարունակում ենք քանդել ու քանդել տենդորեն, ամեն ինչՙ մշակույթ, փողոց, բարոյականություն, տուն։ Հիշեցի մեկին, որ քսան տարի առաջ տուն գնեց ու քանդուքարափ արեցՙ իր ուզած ձեւով սարքելու համար, դուռ-լուսամուտը ֆրանսիական պալատների դռների ոճով։ Ու քսան տարի կառուցում է, ամեն ինչ տեղը տեղինՙ վարձով մի կերպ յոլա գնալով։ Արդեն միջին տարիքի է, երիտասարդությունը անցավ-գնաց։ Հիմա մերն էՙ քաղաք ենք սարքում կիսաեվրոպական, կիսաարեւելյան, ոչ միայն շքեղ ռեստորան-հյուրանոցներով, դրամատներով, այլեւ փայլուն, շքեղ դեղատներով։

Սեւ ապակեպատ նորաոճ մի կառույցի հարեւանությամբ փողոցում կանգնած մարդկանց եմ նայումՙ հոգնած, մաշված, մտազբաղ կամ անտարբեր, մտակորույս, անկյանք։ Մեզ, նաեւ այս մարդկանց համար է կառուցվում այս քաղաքը, երբ արտագաղթը նվազելու միտում չունի, երբ օրըստօրե մարդիկ հուսալքվում են, ու հեռանալ են ուզում հենց երիտասարդները։ Մնացողները կամ ընտանիք չեն կազմում, կամ եթե հերոսաբար մեկ երեխա են ունենում, խիստ կասկածում են նրա ապագային։ Սերունդն առհասարակ հիվանդ է եւ ֆիզիկապես, եւ հոգեպես։

Հարցՙ ո՞ւմ համար եք կառուցում։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4