Ավելի քան 5 ամիս ապօրինի կալանավորված Հակոբ Ճարոյանը երեկ անժամկետ հացադուլ է հայտարարելՙ պահանջելով, որ ստեղծվի հանձնաժողովՙ իր նկատմամբ հարուցված քր. գործի եւ մեղադրական եզրակացության համապատասխանության, իր տված մեկնաբանության ու միջնորդությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար։ Նա նաեւ դիմել է ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովին։ Հակոբ Ճարոյանը հիշեցրել է հանձնաժողովի 3 անդամների հետ իր նախկին հանդիպումը, որի ժամանակ նա ներկայացրել էր իր հիմնականՙ Գեղարքունիքի մարզի դատախազության հարուցած քր. գործի հիմնավորումը տալու պահանջը։ Սակայն մինչ այժմ որեւէ բան չի փոխվել։ Հակոբ Ճարոյանը պատրաստ է անկախ հանձնաժողովի ստեղծման դեպքում նրա անդամներին ցույց տալ, թե ինչպես է դատախազությունն անմեղ մարդկանց վրա քրեական գործ սարքում, հիմնավորել եւ ապացուցել իր նկատմամբ նման գործ սարքելու հանգամանքները։
Մեր կողմից հարկ ենք համարում ընդգծել, որ հատկապես այս օրերի իրադարձությունների համատեքստում, երբ սպանությունների ալիք է սկսվել մայրաքաղաքում, եւ դատախազության ուղղակի պարտականությունն է բացահայտել դրանք, նրա որոշ աշխատակիցներ զբաղված են անմեղ մարդկանց ձերբակալելով եւ ապօրինի ազատազրկելով։ Ի՞նչ է, դրա համա՞ր են դատախազության աշխատակիցները պետբյուջեից վարձատրվում եւ ստանում հարկատուներիս վճարած գումարները։
Ա. Մ.
Հ. Գ. Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Հ. Ճարոյանի բաց նամակի առնչությամբ դեռեւս որեւէ պատասխան չենք ստացել։