Ստեփանակերտում եկեղեցի կառուցելու մտադրությունը հղացվել էր դեռեւս 1995 թ., երբ Արցախ էր ժամանել երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը։ Այն ժամանակ նույնիսկ նշվել էր ապագա եկեղեցու տեղը, ընդ որումՙ տեղանքը նույնիսկ հարթեցվել ու նախապատրաստվել էր այդ կառույցի համար։
Անցած 8 տարիներին Արցախի մայրաքաղաքում եկեղեցի ունենալու գաղափարն ավելի էր ամրապնդվել։ Սակայնՙ միայն այդքանը։ Իսկ ստեփանակերտցի հավատացյալների համար առ այսօր իբրեւ աղոթատեղի է ծառայում Վահրամ Փափազյանի անունը կրող պետթատրոնի երկրորդ հարկը։ Քաղաքի հնաբնակների վկայությամբ, 1932 թ. կառուցված թատրոնի շենքը զբաղեցրել էր հենց հին եկեղեցու տեղը։ Թե ում կարգադրությամբ էր այն ժամանակ քանդվել եկեղեցինՙ տեղում թատրոնի շենք կառուցելու նպատակով, կարելի է միայն գուշակել։ Նշենք միայն, որ հազիվ թե դա տեղի ունենար զուտ աթեիստական մղումներով։ Ըստ երեւույթինՙ քիչ դեր չի խաղացել նաեւ ադրբեջանական իշխանությունների խտրական վերաբերմունքը, երբ ամեն մի պատեհ առիթ օգտագործվել էՙ հայկական մարզում ոչնչացնելու քրիստոնեական սրբավայրերը։
Այդուհանդերձ, շուտով Ստեփանակերտը վերջապես կունենա իր եկեղեցին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-իՙ հուլիսի 8-ին Ստեփանակերտ կատարած այցը կարելի է համարել խնդրի լուծման առաջնաքայլ։ Վեհափառը Ստեփանակերտ ժամանեց օրվա կեսին եւ անմիջապես, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ուղեկցությամբ, այցելեց ինչպես հին կառուցավայրը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, այնպես էլ եկեղեցու շինության համար նախատեսված նոր վայրը մայրաքաղաքի վերեւի մասում։ Մասնագետների գնահատմամբ, այս երկրորդ տեղանքը ճարտարապետական տեսքով ավելի համահունչ է Ստեփանակերտի ընդհանուր տեսքին։ Մանրազնին ուսումնասիրությունից հետո Վազգեն Սարգսյան-Անդրանիկ փողոցների հատույթում գտնվող պուրակն ավելի նպատակահարմար գտնվեց ապագա եկեղեցու կառուցման համար։
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Գարեգին Բ-ը, եկեղեցու կառուցումը կսկսվի այս տարվանից, կավարտվի 2-3 տարի հետո։ Էջմիածնի մայր եկեղեցին այս սուրբ գործին կօժանդակի ֆինանսապես, իսկ շինարարական աշխատանքների վերահսկողությունը կդրվի ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ Արցախյան թեմի վրա։
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը երեւույթը համարեց մեր հաղթարշավների շարունակությունըՙ իբրեւ հոգեւոր վերազարթոնքի եւս մի արտահայտություն։
Ոտքով շրջագայելով Ստեփանակերտում, Վեհափառը հանրապետության ղեկավարի հետ եղավ նաեւ Մաշտոցի փողոցում վերջերս կառուցված 50 բնակարանանոց շենքում, որի աշխատանքներն իրականացվել են հայ մեծանուն բարերար Ալեք Մանուկյանի դուստր Լուիզ Սիմոն Մանուկյանի նյութական աջակցությամբ։
Նույն օրվա երեկոյան Գարեգին Բ կաթողիկոսը վերադարձավ Երեւան։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ