ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2003 թ. առաջին կիսամյակում հանրապետության ժողովրդագրական իրավիճակի ամփոփագիրը։ Համաձայն դրաՙ անցած վեց ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնվել է 990 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 22-ով։ Համեմատական ժամանակաշրջանում ծնունդների աճ է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում, Քաշաթաղի, Ասկերանի, Շուշիի եւ Մարտակերտի շրջաններում, իսկ Մարտունու, Հադրութի եւ Շահումյանի շրջաններում նվազել է։
2003 թ. առաջին կիսամյակում ԼՂՀ բոլոր շրջաններում բնակչության բնական հավելաճը դրական է եւ հանրապետությունում կազմել է 357 մարդ։
2003 թ. հունվար-հունիս ամիսներին Արցախ եկողների թվաքանակը կազմել է 587, իսկ մեկնողների թվաքանակըՙ 410 մարդ։ Մեխանիկական հավելաճը կազմել է 177 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 296 մարդով։
Կիսամյա ժամանակահատվածում ԼՂՀ-ում ամուսնությունների թիվը կազմել է 276։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այդ թիվն ավելացել է 11-ով։
2003 թ. առաջին կիսամյակում ամուսնալուծությունների թիվը 13-ով նվազել էՙ կազմելով 36 ամուսնալուծություն։
Կ. Գ., Ստեփանակերտ