«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2003-07-09 | #130, 2003-07-10 | #131, 2003-07-11


ՆՈՐ ԿԸՀ, ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀՈՎ

Իսկ նախկին նախագահը գնում է հանգստի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմի անդրանիկ նիստը կայացավ երեկ, համաձայն ընտրական օրենսգրքի պահանջների։ Նախագահում էր ԿԸՀ արդեն նախկին նախագահ Արտակ Սահրադյանը։ Նա ներկայացրեց, որ հանձնաժողովի նիստի օրակարգի առաջին կետի համաձայն պետք է հրապարակվեր նոր կազմը։

Այսպիսով, այսուհետեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կաշխատեն Արտաշես Ավոյանը («Օրինաց երկիր»), Սեւակ Առաքելյանը (ՄԱԿ), Զավեն Պլուզյանը («Ազգային միաբանություն»), Ֆելիքս Խաչատրյանը («Արդարություն» դաշինք), Համլետ Աբրահամյանը (ՀՅԴ), Աննա Ալեքսանյանը (ՀՀԿ)։ Հանրապետության նախագահի ներկայացուցիչները կլինեն Գարեգին Ազարյանը, Արթուր Պողոսյանը եւ Արմեն Սինանյանը։

Կազմի հրապարակումից հետո հանձնաժողովն անցավ ղեկավարության ընտրությանը։ Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Արմեն Սինանյանը որպես ԿԸՀ նախագահի թեկնածուի առաջարկեց Գարեգին Ազարյանին։ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի այն հարցին, թե ինչպես է գնահատում վերջին երկու ընտրությունները, պրն Ազարյանը պատասխանեց, որ քվեարկության հաջորդ օրն ինտերնետային էջում 1000-ից ավելի ընտրատեղամասերի մասին տվյալներ են տեղադրվել։

Զավեն Պլուզյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու Գարեգին Ազարյանի թեկնածությանը, քանի որ «Ազգային միաբանությունը» չի ընդունել նախագահական ընտրությունների արդյունքները։ Հետեւաբար, ըստ իրենց, հանրապետության նախագահը լեգիտիմ չէ եւ չի կարող առաջադրել ներկայացուցիչներ։

Ինչեւէ։ 7 կողմ, 2 դեմ (Զավեն Պլուզյան, Ֆելիքս Խաչատրյան) քվեարկությամբ ԿԸՀ նախկին նախագահի մեկ ամսով խորհրդականը դարձավ նոր հանձնաժողովի նախագահ։

Անցնելով հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությանը, նորընտիր նախագահն առաջադրեց Համլետ Աբրահամյանի (ՀՅԴ) թեկնածությունը, ինչն անցավ միաձայն։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի քարտուղարին, ապա այս անգամ էլ ԿԸՀ նախագահի նորընտիր տեղակալն առաջադրեց Աննա Ալեքսանյանի թեկնածությունը։ Քվեարկվեց միաձայնՙ կողմ։

Պրն Սահրադյանը, հասկանալով լրագրողների բազում հարցերի առկայությունը, նիստից հետո նշեց, որ բնականոն է համարում ԿԸՀ նախագահի փոփոխությունը, որն իր համար անակնկալ չէր։ Ըստ Արտակ Սահրադյանի, ընտրական նման մարաթոնից հետո ինքն իրավունք ունի հանգստանալու։ Այնուամենայնիվ, ԿԸՀ նախկին նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր լրագրողներին համագործակցության համար։ Նշեց, որ միշտ լրջորեն է վերաբերվել լրագրողների քննադատությանըՙ համարելով, որ մարդը միշտ իրեն այդ կերպ ձգված է զգում։

Այն հարցերին, թե ի՞նչ է պատրաստվում անել Արտակ Սահրադյանը եւ հնարավո՞ր է, որ հեռանա Հայաստանից, նա պատասխանեց, որ առայժմ կարիք ունի հանգստանալու, որից հետո միայն կքննարկի իր հետագա անելիքների հարցը։ Իսկ Հայաստանից գնալ չի պատրաստվում։

Պրն Սահրադյանն ավելացրեց նաեւ, որ հանրապետության նախագահին նախագահական ընտրություններից հետո հենց ինքն է խնդրել ԿԸՀ մասին մտածել։ Իսկ վերջին ընտրությունների մասին միջազգային դիտորդների գնահատականների կապակցությամբ Արտակ Սահրադյանը եզրափակեց. «Կարծում եմ, որ մեզ մոտ իրոք ժողովրդավարության նվաճումն ակնհայտ է։ Յուրաքանչյուր չինովնիկ իր տեղում պետք է թեւերը բարձրացնի, քիչ խոսի եւ լավ աշխատի»։

Իսկ մենք կարծում ենք, որ ԿԸՀ նախկին նախագահի հենց այս խոսքերը կարելի է մեկնաբանել նաեւ խիստ յուրովի։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4