Մեծ Բրիտանիա հյուրախաղերի մեկնելուց առաջ....
«Հովեր» երգչախումբը սեպտեմբերի 13¬22¬ը համերգներով հանդես կգա Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ, Քեմբրիջ, Լոնդոն, էդինբուրգ եւ Գլազգո քաղաքներում։ Լոնդոնի Սբ. Եղիշե եւ Սբ. Սարգիս եկեղեցիներում երգչախմբի կատարմամբ կհնչի Մակար Եկմալյանի «Պատարագը», առանձին համերգով կներկայացվեն հայ եւ արեւմտահայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Վարդան Այգեկցու «Առակների» հիման վրա ստեղծված երգչախմբային նոր ներկայացումը, որի պրեմիերան կայացավ այս տարվա մայիսի 30¬ին, նախատեսվում է ցուցադրել Օքսֆորդի համալսարանում։ Իսկ Էդինբուրգում սկիզբ կդրվի «Հովերի» եւ բրիտանական հայտնի երգչախմբերից մեկի համագործակցությանը։
Մինչ երգչախմբի համերգային շրջագայության մեկնելը զրուցեցինք նրա գեղարվեստական ղեկավար ու խմբավար Սոնա Հովհաննիսյանի հետ։ «Մեկնումից առաջ շատ անելիքներ ունենք։ Թե դրանցից քանիսը կհասցնենք իրագործելՙ դժվարանում եմ ասել։ Ամենից առաջ ասեմ, որ երեւանյան մեր ունկնդիրներին հաջորդ ուրբաթ օրվանից հաճելի նորություն է սպասում, քանի որ Կասկադում ամեն ուրբաթ տեղի կունենան մեր երգչախմբի համերգները։ Փորձ է արվում մեզանում ձեւավորել բացօթյա դասական համերգների ավանդույթ։ Համերգները կլինեն անվճար տոմսերով, որոնք պետք է ձեռք բերել նախապես եւ ոչ թե հենց այնպես դուրս գալ զբոսանքի եւ հաճախել համերգ։ Սա հրաշալի երեւույթ է, որը դասական երաժշտության հանդեպ պարտադրում է առանձնահատուկ վերաբերմունք», ասաց երգչախմբի ղեկավարը։
Օգոստոսին երգչախմբի նոր ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան Արցախի մեր հայրենակիցները։ Իսկ սեպտեմբերի մեկին «Փոմգրենետ մյուզիք» ընկերության հետ լույս կտեսնի երգչախմբի երկրորդ սկավառակըՙ Այգեկցու «Առակները»։ Նախատեսվում է նկարահանել նույն ներկայացման տեսաֆիլմըՙ Մեծ Բրիտանիա տանելու համար։ Սոնա Հովհաննիսյանը մտահղացել է ստեղծել դասական տեսահոլովակների շարք, որն առայժմ գոյություն չունի մեզանում։ «Շողակաթ» հեռուստաընկերության հետ ծրագրել է նկարահանել Կոմիտասի խմբերգերից մեկի տեսահոլովակը։
Մի խոսքով, երգչախումբը ստեղծագործական աշխույժ պրպտումների ու հղացումների մեջ է եւ նորանոր անակնկալներ կմատուցի երգչախմբային արվեստի երկրպագուներին։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ