«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2003-07-09 | #130, 2003-07-10 | #131, 2003-07-11


ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԸ ՄԱՍԱՄԲ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԵՆ

Երեկ կառավարությունը միջոցներ հատկացրեց այս տարվա մարտ-մայիս ամիսներին հեղեղումներից տուժած մի շարք մարզերի կամուրջների, ճանապարհների, դպրոցների եւ անհատական բնակելի տների շինարարության համար։

Արտադրական ենթակառուցվածքների եւ տարածքային կառավարման փոխնախարար Կամո Արեյանը տեղեկացրեց, որ 82 մլն դրամ կտրամադրվի տրանսպորտի եւ կապի նախարարությանը, վեց մարզերում (Տավուշ, Շիրակ, Լոռի, Արագածոտն, Վայոց ձոր, Գեղարքունիք) համայնքային նշանակության ճանապարհների եւ կամուրջների շինարարության համար։

41,7 մլն դրամ էլ կուղղվի Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի դպրոցների եւ անհատական տների շինարարությանը, որոնք դարձյալ տուժել էին հեղեղներից եւ քամիներից։ Այդ գումարից 9,9 մլն դրամը կտրամադրվի Չիվա գյուղի սողանքային ակտիվ գոտում բնակվող 6 ընտանիքներինՙ այլ վայրում նոր տներ կառուցելու համար։ Իսկ հիմնական միջոցները (մոտ 32 մլն դրամ) պետք է ծախսվեն այս մարզերի դպրոցական շենքերի նորոգման եւ կառուցման համար։

Հեղեղումների ընդհանուր վնասը, ըստ Կամո Արեյանի հայտնած տվալների, կազմում է 394 մլն դրամ։

Կառավարության ընդունած մեկ այլ որոշման մասին էլ երեկ հայտնեց քաղաքաշինության փոխնախարար Անդրանիկ Անդրեասյանը։ Խոսքը Որոտան-Արփա-Սեւան ջրատարի շահագործման եւ ընդունման պետական հանձնաժողով ստեղծելու մասին է, ինչը նշանակում է, որ մոտ ժամանակներս այս խոշոր կառույցը շարք կմտնի։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4