Հուլիսի 1-ից բարձրացվելու են բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղծառայողների աշխատավարձերը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երեկ կառավարությունն իր որոշմամբ հաստատեց 2003 թ. պետբյուջեով հուլիսի 1-ից նախատեսված բարձրացումը։ Թե որքա՞ն գումար է պահանջվելու այս տարի պետական բյուջեից առանց այդ էլ ապահով խավի ապահովության բարձրացման համար, մանրամասն ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը։
Բոլոր քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի բազային չափ է սահմանվելու 20 հազար դրամը, որին ավելանալու են համապատասխան դրույքաչափի գործակիցներ։ Քաղծառայողների աշխատավարձերը, ըստ Պավել Սաֆարյանի, բարձրանալու են միջին հաշվով 50 տոկոսով։ Նախատեսվում է նաեւ տեխնիկական անձնակազմերի աշխատավարձերի բարձրացում 50 տոկոսով։ Այս ամենը կարժենա ընդհանուր առմամբ 821 մլն դրամ։
Անկախ հանձնաժողովների աշխատավարձերն էլ միասնականացվելու են, քանի որ էական տարբերություններ կային դրանց միջեւ։ Այժմ հանձնաժողովի նախագահները կստանան 300 հազար դրամ, նախագահների տեղակալներըՙ 240 հազար դրամ, խորհրդի անդամներըՙ 230 հազար դրամ։
Բարձրացվել են նաեւ Սահմանադրական դատարանի, դատարանների, ՀՀ նախագահի, ԱԺ, կառավարության աշխատակազմերի աշխատակիցների աշխատավարձերըՙ դարձյալ 50 տոկոսով։ Այս ամենը (ներառյալ քաղծառայողների աշխատավարձերի ավելացումը) կկազմի 1 մլրդ 54 մլն դրամ։
Եվս 626 մլն դրամ էլ այս տարվա վերջին 6 ամիսներին կավելանա բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերին (նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, նախարարներ, դատավորներ եւ այլն)։ «Թե ինչով էր պայմանավորված այս բարձրացումը» (նկատի ունենալով, որ հիշյալ բարձրաստիճան պաշտոնյաները դրա կարիքն ամենեւին էլ չունեին) հարցին փոխնախարարը պարզաբանեց, որ անհրաժեշտ էր պահպանել այն հարաբերակցությունը, որ կար, օրինակ, նախարարի եւ քաղծառայողների աշխատավարձերի միջեւ։ Այլապես բարձրացնելով միայն քաղծառայողների աշխատավարձերը, կարող էինք ականատես լինել դրանցՙ նախարարի աշխատավարձի գերազանցման փաստին։ Իսկ կոռուպցիայի նվազմանն այս որոշումը միայն նպաստող գործոն կարող է լինել։
Այս պատասխանն առնվազն տարակուսանքի առիթ է տալիս։ Երբ քննարկվում էր բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հարցը, բոլոր իշխանավորներն ու նրանց ձայնակցողները միաբերան գոչում էին, որ դա արվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Այժմ արդեն դա երկրորդ եւ ոչ կարեւոր գործոն է համարվում։ Փաստորեն, մենք հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես են կառավարության ներկայացուցիչները «մոռանում» նախորդ հիմնավորումը, երբ բարոյական երեւալու խնդիրն արդեն գոյություն չունի։
Կցանկանայինք ընդգծել եւս մեկ հանգամանք։ Ընդհանուր առմամբ մոտ 1,7 մլրդ դրամի հավելումը հիշյալ աշխատավարձերին եթե ուղղվեր կենսաթոշակառուների թոշակների ավելացմանը, ապա մեր 550 հազար տարեցներն այս տարվա մնացած 6 ամիսներին ամսական մոտ 500 դրամ ավելի կստանային, ինչը նրանց շատ ավելի անհրաժեշտ է, քան 100-200 դոլարը նախարարի համար։