Պետական լեզվի չիմացությունը հայ պաշտոնյային կանգնեցնում է աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ
Հարավային Վրաստանի գերազանցապես հայաբնակ Նինոծմինդայի եւ Ախալքալաքի շրջանների երեք դատավորներ աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ են պետական լեզվիՙ վրացերենի վատ իմացության պատճառով։
Նինոծմինդայի շրջանային վարչակազմի ղեկավար Ռաֆիկ Արզումանյանն ասում է, որ հուլիսի 19-ին երեք հայ դատավորներին քննության նոր հնարավորություն է տրվելՙ իրենց պաշտոններում մնալու համար։
Վրաստանի սահմանադրության 29-րդ հոդվածում նշվում է. «Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի զբաղեցնելու պետական պաշտոն այնքան ժամանակ, քանի դեռ նա բավարարում է հաստատված պահանջները։ Պետական պաշտոններ զբաղեցնելու պահանջները սահմանում է օրենքը»։
Խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահ Ելենա Թեւդորաձեն ասում է, թե քանի որ Վրաստանում պետական լեզուն վրացերենն է, յուրաքանչյուր պաշտոնյաՙ վրացի կամ կամ ոչ վրացի, պարտավոր է տիրապետել վրացերենին։
«Համաձայն «Պետական լեզվի մասին» օրենքի նախագծի, որը դեռ խորհրդարանում չի հաստատվել, 5 տարի ժամկետ է տրվում այն պաշտոնյաներին, ովքեր վրացերեն չգիտեն», ասում է Թեւդորաձեն։
«Այստեղՙ Թբիլիսիում, մենք հանդիպեցինք պաշտոնյաներին եւ փորձեցինք համոզել նրանց, որ երեք հայ դատավորների հնարավոր պաշտոնազրկումն իմաստ չունի։ Եթե նույնիսկ նրանք վրացերեն իմանային, միեւնույն է, դատավարությունը վարելու էին հայերենով, քանի որ մեղադրյալ հայերը չգիտեն վրացերեն», ասում է Արզումանյանը։
Ախալքալաքից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Համլետ Մովսիսյանն ասում է, որ վրացերեն իմանալու համար հայերը նախ եւ առաջ պետք է շփում ունենան վրացիների հետ։
«Եթե հայ պաշտոնյան կանգնում է պաշտոնը կորցնելու վտանգի առջեւ լոկ այն պատճառաբանությամբ, որ չգիտի վրացերեն, ապա, առաջին հերթին, պետությունը վնաս է հասցնում ինքն իրեն, քանի որ հայ պաշտոնյաներն իրենց աշխատանքի ոլորտում պրոֆեսիոնալներ են», ասում է Մովսիսյանը։
Նինոծմինդայում բնակչության 98,5, իսկ Ախալքալաքումՙ ավելի քան 92 տոկոսը հայեր են։ Այս երկու շրջաններում հայերն ավելի կապված են Հայաստանի, քան Վրաստանի որեւէ այլ շրջանի կամ Թբիլիսիի հետ։
Արզումանյանը եւ Մովսիսյանը համաձայն են, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները, ներառյալ հայերը, պետք է իմանան վրացերեն, բայց լեզուն սովորելու համար նրանց պետք է ժամանակ տրամադրվի։
«Վրացերենի իմ գիտելիքներն աղքատ են, եւ ես չեմ կարող ինձ զգալ որպես այս երկրի լիիրավ քաղաքացի։ Խորհրդարանում ելույթ ունենալուց առաջ ստիպված եմ լինում նախապես տեքստը գրել, որ կարդամ։ Ես չեմ կարողանում պատշաճ կերպով վիրահայության խնդիրները ներկայացնել երկրի օրենսդիր մարմնում», ասում է Մովսիսյանը։
Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը կարծում է, որ վիրահայերի նոր սերունդն անխտիր պետք է սովորի վրացերեն, այլապես «վաղը նրանք չեն կարողանա աշխատել պետական մարմիններում»։
«Պետք է ժամանակ տալ այն մարդկանց, ովքեր զբաղեցնում են պաշտոններ, որպեսզի նրանք տիրապետեն վրացերենին։ Ավելի ճիշտ կլինի ավագ սերնդին հանգիստ թողնել եւ ուշադրություն դարձնել նոր սերնդին», ասում է Սնխչյանը։
Սնխչյանն ազատ տիրապետում է վրացերենին, ինչպես նրա երկու դուստրերը, որոնցից մեկը վրացերենի ուսուցիչ է Նինոծմինդայի դպրոցում, մյուսը 10-րդ դասարանի աշակերտուհի է։
Պատգամավոր Թեւդորաձեն ասում է, որ 5 տարին բավարար ժամանակ է այն պաշտոնյաների համար, ովքեր չգիտեն, բայց ցանկություն ունեն սովորելու վրացերենը։
«Պետական լեզվի մասին» օրենքի նախագիծը պատրաստել են մասնագետներ, մարդու իրավունքների հարցով զբաղվողներ, հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներ։ ԵԱՀԿ-ն հավանություն է տվել օրենքի նախագծին», ասում է Թեւդորաձեն։
«Թբիլիսիում ամեն մի հայ գիտի վրացերեն։ Պրոբլեմը հայաբնակ երեք շրջաններում էՙ Ծալկա, Ախալքալաք, Նինոծմինդա։ Լեզուն սովորեցնելու հիմնական նախապայմանը լավ մասնագետների առկայությունն է, այն ուսուցիչները, ովքեր լավ են պարապում, սիրով են տրամադրված, հայ երեխաները սովորում են վրացերեն», ասում է Սնխչյանը։
Հայկական դպրոցներում վրաց լեզվի եւ գրականության ուսուցիչները հիմնականում վրացիներ են եւ չգիտեն հայերեն։ Ըստ էության ստացվում է, որ վրացի ուսուցիչը եւ հայ աշակերտը միմյանց չեն հասկանում։
Նինոծմինդայի շրջանային վարչության ղեկավար Արզումանյանն ասում է, որ հայերեն չիմացող վրացի ուսուցիչը չի կարող հայ երեխային վրացերեն սովորեցնել։
«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Առնոլդ Ստեփանյանն ասում է, որ իրականում չկա պետական ծրագիր, ըստ որի Վրաստանի ոչ վրացի քաղաքացիները սովորեն պետական լեզուն։
Նա նկատում է, որ ոչ բոլոր հայերը ցանկություն ունեն սովորելու Վրաստանի պետական լեզուն, միեւնույն ժամանակՙ «նախորդ տարիների համեմատ ավելանում է այն վիրահայերի թիվը, ովքեր ցանկություն ունեն սովորելու վրացերեն»։
«Հայերը սկսել են ընկալել, որ պետական լեզուն անհրաժեշտ է սովորել։ Եվ ամենակարեւորը հենց այդ ընկալումն է», ասում է Ստեփանյանը։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի