«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2003-07-10 | #131, 2003-07-11 | #132, 2003-07-12


ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ

Հայ բժիշկների հայտնվելը հեռավոր Բանգլադեշի խուլ բնակավայրերում անակնկալ էր, եւ տեղաբնակները նրանց ընկալում էին իբրեւ ռուսներ կամ սովետական մարդկանց։ Բազմամիլիոն բնակչությամբ այս երկիրը բժիշկների կարիք շատ ունի, եւ նրանք հիմնականում գալիս են Ճապոնիայից, Գերմանիայից, Դանիայից, Հոլանդիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից, նաեւՙ Հնդկաստանից։ Այստեղ բժիշկը բացառիկ հարգանք է վայելում, որտեղից էլ լինի։ Վերջերս Հայաստանից Բանգլադեշ էին մեկնել բժիշկներ Սարգիս Ավագյանը եւ Ռուզան Խաչատրյանը։

Հեռավոր Բանգլապարայի բնակիչները

Էկզոտիկ մի երկիր. XXI դարի քաղաքակրթությունից ասես հազարամյակներով կտրված, 250 հազարանոց Բանգլապարա բնակավայրՙ բոլորակված գյուղերով։ Բանգլադեշի ջրառատ տարածքներից մեկն է սա, որտեղ Հիմալայներից հոսող մի քանի մեծ գետերի վտակներ միախառնվելովՙ առաջացնում են ջրային տարածքների լայն ցանց, որոնց միջեւ գոյացած հողաշերտերի վրա կառուցվում են գյուղեր։ Գետերը վարարելիս հողային շատ տարածքներ անցնում են ջրերի տակ, իսկ երբ ջուրը հետ է քաշվում, դրանք մշակվում են։ 6 ամիսների ընթացքում հասցնում են բրինձ ցանել եւ հավաքել։ Իսկ երբ այս հողակտորները ջրի տակ են անցնում, ժողովուրդը սկսում է զբաղվել ձկնորսությամբ։ Ջրառատ գետերին ավելի անմատչելի տեղանքում (մշտական ցամաքներ) աճում են գրեթե բոլոր արեւադարձային բույսերը։ Խոնավությունը բարձր է, հողը ոռոգման կարիք չունի, արեւադարձային անձրեւները սնում են բուսականությունը։ Իրենց ազգային պտուղըՙ 5¬6 կիլոգրամանոց, սեխի մեծությամբ ջեկֆրուտն աճում է ծառերի վրա։ Ամենացուրտ ամիսը համարվում է հունվարը, այս տարի +7 աստիճանի պայմաններում մարդիկ զոհվել են «սաստիկ ցրտերից»։ Հիմնականում ապրում են փայտածածկ կամ եղեգնյա հյուղակներումՙ պարզ կենցաղով։ Ունեւորներըՙ աղյուսապատ, թիթեղածածկ տանիքներով կացարաններում։ Առկա սոցիալական ծայրբեւեռացումները մարդկանց մի մասին ստիպում են զբաղվել գրեթե ստրկական աշխատանքներով։ Հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունը եւ անասնապահությունն է։ Կով են պահում եւ ստանում ընտիր կաթՙ բարձր յուղայնությամբ, սակայն չգիտեն մածուն, թթվասեր, կաթնաշոռ ստանալու տեխնոլոգիան։ Օգտագործում են պարզունակ, ձեռքի սարքեր։ Բավականին հետամնաց եւ անբարենպաստ այս բնակավայրում զանազան (հատկապես աղիքային) հիվանդություններ են տարածված, որին նպաստում են վխտացող միջատներն ու մոծակները, հակասանիտարական վիճակը համատարած է։

Մարդիկ ապրում են բնապայմաններին հարմարված, կոշիկ ընդհանրապես չեն հագնում, նույն գետի ջրերում աման են լվանում, լողանում են եւ իրենք, եւ կենդանիները, խմելու համար օգտագործում են արտեզյան ջրեր։

Բնակչության մեծ մասը մուսուլման է, բնույթով մեղմ ու հյուրասեր, կան նաեւ հինդուսներ, քրիստոնյաներն ավելի քիչ ենՙ 3¬5 տոկոս։ Ապրում են հաշտ ու համերաշխ, կրոնական, ազգային բախումներ գրեթե չկան։

Հայ բժիշկները Բանգլադեշում

Հայաստանցի երկու բժիշկներն ապրում էին Բանգլապարա կոչվող բնակավայրումՙ «Ռոթարի ինտերնեյշնլին» պատկանող հաստատությունում, որի առաջին հարկում բուժական կենտրոնն էր տեղակայված, իսկ վերեւումՙ հյուրանոցային հարկաբաժինը։

«Ռոթարի ինտերնեյշնլը» բարեգործական առաքելությամբ կազմակերպություն է, որի կենտրոնական գրասենյակն ԱՄՆ-ում է, իսկ մասնաճյուղերը տարածված են աշխարհով մեկ, որոնք ունեն համագործակցության տարածված ցանց։ Տարբեր երկրների ռոտարիներն այցելում են միմյանց, փորձ փոխանակում, իրականացնելով ամենատարբերՙ հումանիտար օգնության, բժշկական ծրագրեր հետամնաց երկրներում։

Ընդգրկված լինելով «Ռոթարի ինտերնեյշնլ» ակումբումՙ հայաստանցի բժիշկները ցանկություն են հայտնել մասնակցելու Բանգլադեշում իրականացվող բժշկական օգնության ծրագրին եւ գարնանը մեկնել հեռավոր այդ երկիրը։ «Նրանք բժշկական օգնության շատ մեծ կարիք ունեն, պատմում է Սարգիս Ավագյանը։ Մենք սպասարկում էինք 250 հազար բնակչություն ունեցող մի շրջան։ Մեզ ընդունեցին մեծ ցնծությամբ, եւ գրեթե ամեն ինչով ապահովել էին, հատկապես դեղորայքով։ Փոխարինեցինք մի բժշկի, որը հենց նույն գիշեր մեկնեցՙ փոխանցելով դեղորայքի մի տեղեկատու։ Սկզբում դժվար էր, բայց տեղի բուժաշխատողների հետ, որ շատ բարյացակամ ու հարգանքով էին վերաբերվում մեզ, համագործակցելով, արագ ընկերացանք։ Մեզ մոտ գալիս էին 50¬60 կմ հեռավորությունից, ընդհանուր եւ մասնագիտական բժշկական օգնություն էինք ցույց տալիս օրական 20¬30 հիվանդի։ Մեկ ամսվա ընթացքում 600 հիվանդի ենք սպասարկել, իսկ ոչ պաշտոնապեսՙ 1000։

Աշխատանքի ընթացքում նրանք մեզ ճանաչեցին, մենքՙ իրենց։ Այստեղ հասկացան, որ կան մասնագետներ ոչ միայն ԱՄՆ-ից ու Եվրոպայից, այլեւ (իրենց համար) Խորհրդային Միությունից, որ եթե չեն գերազանցում, ապա հետ չեն մնում նրանցից։ Մենք էլ հայտնաբերեցինք, որ այստեղ ապրում են բժշկական օգնության կարիք ունեցող մարդիկ, որ կարելի է գնալ եւ աշխատել այս երկրում։ Ունենք բժիշկներ, որ կարող են մեկնել հեռագնա աշխատանքի։ Մեր բժիշկներն օգտակար լինելով տեղաբնակներին, կարող են նաեւ դրամ վաստակել։ Նրանց բժիշկների մի մասը կրթություն է ստանում Կիեւում, Մոսկվայում։ Երեւանի բժշկական համալսարանում եթե սովորում են հնդիկներ, կարող են սովորել նաեւ բանգլադեշցիներ։ Կարելի է աշխուժացնել այս հարաբերությունները։ Հայաստանի առողջապահության նախարարության միջազգային կապերի բաժինը կարող է աշխատանքներ տանել այս ուղղությամբ։ Հայ բժիշկները տարիներ շարունակ աշխատելու են մեկնել հիմնականում Եմենՙ զուտ առողջապահության նախարարության պահանջից ելնելով, իսկ ինչո՞ւ միայն այնտեղ»։

Աշխատանքային այս մեկամսյա ուղեւորության տպավորությունները բազմազան ու հետաքրքրական ենՙ մանգոների ու անանասների անտառների առատություն եւ ոտքի տակ թափվող մրգեր. հաճախակի մարդկային կյանքեր խլող տորնադոներ, վտանգավոր նավարկություններ, իրաքյան պատերազմից սարսափած եւ Խորհրդային Միության փլուզման համար ափսոսող մարդիկ, դժվարին պայմաններ, բայց հայաստանցի բժիշկները ոգեւորված են եւ հույս ունեն նոյեմբերին դարձյալ այցելելու։ Իսկ Դաքայի «Ռոթարի» ակումբի ղեկավարը շնորհակալական երկու նամակ է հղել ՀՀ առողջապահության նախարարինՙ իր գոհունակությունը հայտնելով հայաստանցի բժիշկների լավ աշխատանքի համար։

Հայ եկեղեցին եւ հայկական համայնքը մոռացության մեջ

Բանգլադեշյան տպավորություններից ամենաազդեցիկը եւ հուզիչն այցելությունն էր Դաքայի հայկական եկեղեցի։ XVII¬XVIII դարերի կառույցը գտնվում է Բանգլադեշի մայրաքաղաքումՙ Հայկական փողոցումՙ թիվ 4 համարում։ Լքված հայկական եկեղեցի, խունացած պատերով, բորբոսահոտով, խաչը կիսաքանդ, հայկական մասունքներով, 1903 թ. հայերեն մի ավետարանով, եկեղեցու բակումՙ գերեզմաններով։ 6 զինվորներ զինված հսկում են տարածքը։ Ժամանակին հայերի կառուցած Հայկական փողոցում ապրում էին հայեր, տարբեր ժամանակներում նրանք լքել եւ հեռացել են։ Մարտինըՙ միակ հայը, եկեղեցու պահապանն է, ծնվել, մեծացել է Բանգլադեշում, իր տունը հիմա եկեղեցու բակում է, ապրում է մենակ, ծառաների հետ։ Կինը տեղափոխվել է մի այլ բնակավայր, ուր երեխաներն են սովորում։ Հայերեն չի խոսում, իր կյանքի նպատակը եկեղեցու պահպանումն է։ Իր ասելով, 800 հայ ընտանիք է ապրում քաղաքում, բայց կազմակերպված հայ համայնք չկա, նրանք եկեղեցի չեն այցելում, ապրում են միմյանցից անջատ, չկան հայկական դպրոցներ, առհասարակ հայկական ոչինչ չկա։ Ընտանիքներում հայկականը պահպանվում է այնքանով, որքանով հնարավոր է։ Անտարբերության մատնված հայություն, երբ օտարության մեջ նրանց համախմբողը եկեղեցին է, այստեղ այդ հաղորդակցումն էլ չկա։

«Ցավոք, Էջմիածնի ուշադրությունից դուրս մնացած վայր է։ Էջմիածնում եթե ասենՙ ով է ուզում Լոս Անջելեսում ծառայել, հոգեւորականները մեկը մյուսից առաջ կընկնեն։ Հոգեւոր ծառայությունը նախ եւ առաջ անձնազոհություն է պահանջում, պատմում է Սարգիս Ավագյանը։

Մեկնելուց առաջ Մայր աթոռի մամլո դիվանի վարիչ-տնօրեն Արսեն արք. Բերբերյանն ասաց, որ իրենք կորցրել են կապը, եւ եթե հնարավոր է, տեղեկություններ հավաքեմ նրանցից։ Պարտքս համարեցի գտնել հայկական եկեղեցին եւ հանդիպելով Մարտինին, պատմեցի նրան այս մասին։ Նա ասաց, որ իրենց վրա ուշադրություն չեն դարձնում, իրենք նամակների, ոգեւորիչ, ջերմ խոսքերի կարիք են զգում։ Ինքըՙ Մարտինը, կյանքի գնով է պահում այս եկեղեցին, վախվորած էր խոսում, բոլորը փախան, ասում էր»։

Բանգլադեշի մայրաքաղաքի «Արմենիա թոլա» թաղամասի մոռացության մատնված հայկական եկեղեցու պահապան հայիՙ 50-ամյա Մարտինի հասցեի այս հրապարակմամբ հույս ունենք, որ կգտնվեն հետաքրքրվողներ եւ կգրեն նրան։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ, Փոստային հասցենՙ M. J. Martin, Armenian church 4, Armenian street, ARMANITOLA, DHAKA-HOO, BANGLADESH, Էլ. փոստՙ MJMARTIN68@HOTMAIL. COM


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4