«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2003-07-10 | #131, 2003-07-11 | #132, 2003-07-12


ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ, ՄԿՆԴԵՂԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԻ ԲԵՐՎԵԼ

«Ազգի» հուլիսի 5-ի համարում «Թունավորվել են Դեբեդում լողացողները» տեղեկատվության մեջ նշել էինք, որ հունիսի 28-ին 4 երեխաներ լողացել էին գետում եւ թունավորվել։ Դրա պատճառը գետի հարեւանությամբ գտնվող Ալավերդու «Էյ Սի Փի» պղնձի մշակման կոմբինատի մկնդեղի գերեզմանոցներն են եղել, որոնցում առկա թունավոր նյութերը գետն են լցվում անձրեւաջրերի հետ։ Նշել էինք նաեւ, որ դա թույլ չտալու համար անհրաժեշտ է կառուցել բետոնե արգելապատ, ինչն ընկերության համար մի քանի հազար դոլար կարժենա։

Հաջորդ օրը «Ազգի» Վանաձորի թղթակցից ստացանք մեր նշած փաստը հերքող թղթակցություն, որտեղ Ալավերդու հիվանդանոցի տնօրեն Համլետ Շահինյանը հավաստիացրել է, որ թունավորման ախտանիշով հիվանդներ չեն ընդունվել։ Իսկ «Էյ Սի Փի» ներկայացուցիչն էլ նշել էր, որ «թափոններն անհրաժեշտ չափով վնասազերծված են եւ չեն թունավորում գետի ջուրը»։

Այդուհանդերձ, մեզ այդ տեղեկությունը հայտնած աղբյուրը պնդում է թունավորման փաստը, ինչը հավանական է թվումՙ նկատի ունենալով հենց հերքման բովանդակությունը։

Հիվանդանոց տեղափոխված թունավորված երեխաներին չգրանցելը չի բացառվում։ Գաղտնիք չէ, որ ավելորդ գլխացավանքից խուսափելու համար կարելի է սահմանափակվել միայն առաջին բուժօգնություն ցույց տալով։ Հետեւաբար հիվանդանոցի տնօրենի եւ մյուսների հավաստիացումները չի կարելի որպես բացարձակ ճշմարտություն ընդունել։

Հաջորդն ընկերության ներկայացուցչի հավաստիացումն է, որն ընդհանրապես հեռու է ճշմարտությունից։ Դեռեւս խորհրդային տարիներին մկնդեղի թափոնների գետ լցվելը կանխելու համար կառուցված հին արգելապատը բազմաթիվ ճաքեր, անցքեր ունի, իսկ տեղ-տեղ էլ ծածկվել է հողով։ Հետեւաբար չի կարող ծառայել իր նպատակին, ինչի պատճառով էլ թափոնները լցվում են գետը։ Այսինքնՙ դրանք «անհրաժեշտ չափով» վնասազերծված չեն։ Իսկ որպեսզի այդպիսիք լինեն, հարկ է կառուցել նոր արգելապատ, ինչի մասին նշել էինք մեր տեղեկատվության մեջ, եւ ինչը կոմբինատի սեփականատերը զլանում է կատարելՙ Ալավերդու բնակիչների առողջության համար մշտական սպառնալիքի աղբյուր թողնելով։

Եվ վերջապես, «անհրաժեշտ չափով» թափոնների վնասազերծումն ապացուցող փաստեր ընկերության ներկայացուցիչը չի բերել։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4