«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2003-07-10 | #131, 2003-07-11 | #132, 2003-07-12


«ՎԻՐԱԺ ԼՈՋԻԿԸ» ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Էլեկտրոնային սարքեր նախագծող «Վիրաժ լոջիկ» ամերիկյան ընկերությունը, որ հիմնվել է 1996 թվականին Կալիֆոռնիայում, երեք տարի առաջ դարձել է բաժնետիրական ընկերություն եւ այսօր համարվում է աշխարհում ներդրված սարքերի շուկայի առաջատարըՙ տարեկան 300 մլն դոլար շրջանառությամբ։ Ընկերության «Սթար մեմրի սիստեմ» հիշողության համակարգը 2001 թվականին արժանացել է «Տարվա լավագույն արտադրանք» մրցանակինՙ ամերիկյան «Էլեկտրոնիկ փրոդուկտս մագազին» հեղինակավոր պարբերականի կողմից։

«Վիրաժ լոջիկը» մասնաճյուղեր ունի մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում։ Երեւանյան մասնաճյուղի նախագահն ու գործադիր տնօրենը ծագումով հալեպահայ Ադամ Գաբլանյանն է։ 1999 թվականին հիմնված այս մասնաճյուղը ընկերության հետազոտությունների եւ մշակումների բաժնի բաղկացուցիչ մասն է, որը չի զբաղվում մարկետինգով ու արտադրանքի վաճառքով։ Հայաստանյան մասնագետներն աշխատում են հիմնականում երկու ուղղություններով։ Էլեկտրոնիկայի եւ էլեկտրոնային սարքերի տեստավորման մասնագետները նախագծում են հիշողության սարքերի տեստավորման եւ վերանորոգման հանգույցները, իսկ ծրագրավորման մասնագետները մշակում են նախագծման համակարգչային համակարգի մասերը։ Ներկայումս աշխատողների թիվը մոտ 70 է, սակայն երեւանյան մասնաճյուղի գործունեությունը ընդլայնելու եւ աշխատատեղերի թիվը եռապատիկ դարձնելու նպատակով ընկերությունը գնել էր նոր շենք (Մովսես Խորենացու 15/1), որի բացման արարողությունը տեղի ունեցավ երեկ։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում «Վիրաժ լոջիկ» ընկերության մեծ հաջողությունները համառոտակի ներկայացնելուց հետո Ադամ Գաբլանյանը նշեց, որ մեծ հպարտություն կլինի հայ ազգի համար մոտ ապագայում աշխարհին ներկայացնել Հայաստանում արտադրված տեխնոլոգիաները։ Հայերի գիտական ներուժը վաղուց ծանոթ է աշխարհին եւ բարձր արձագանք ունի։

Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Օրդուեյը շնորհավորելով ներկաներին նոր շենքի բացման առիթով, հույս հայտնեց, որ ընկերության աշխատանքների ընդլայնմամբ էլ ավելի կամրապնդվի հայ-ամերիկյան համագործակցությունը։

Փոխնախագահ Երվանդ Զորյանի գնահատմամբ, նոր շենքի բացումն ամենից առաջ գիտական կենտրոնի բացում է, որի կարեւորությունն անսահման մեծ է ամերիկյան ընկերության, միջազգային տեխնոլոգիաների, Հայաստանի ու հայ գիտական մտքի զարգացման համար։ Միջոցառմանը ներկա էր բարձր տեխնոլոգիաների մասնագետ Գարեգին Չուքասզյանը, որի խոսքերով, այս ընկերությունը եզակի էր նրանով, որ Հայաստանում մշակված մտավոր սեփականությունը միջազգային շուկա մտցրեց եւ 400 մլն դոլարից ավելի կապիտալիզացիա ստացավ միջազգային բորսայից, որը համեմատելի է Հայաստանի բյուջեի հետ։

Ընկերության գործունեությանն ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկա համարներից մեկում։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4