«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2003-07-10 | #131, 2003-07-11 | #132, 2003-07-12


«ՊԱՐՏԻԶԱՆՆԵՐԸ ԿՊԱՅԹԵՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՇԱՐԺՎՈՂ ԳՆԱՑՔԸ»

Փախստականները շարունակում են հացադուլը, իսկ Աբխազիայի վտարանդի կառավարությունըՙ հորդորում պատերազմ սկսել անջատողականների դեմ

Մինչ Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեն Երեւանում Հայաստանի իշխանությունների հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկում է աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությունները, մայրաքաղաք Թբիլիսիում վրացի փախստականների մի խումբ շարունակում է հացադուլը։

Աբխազիայի վտարանդի կառավարության ղեկավար, Վրաստանի Անվտանգության խորհրդի անդամ Թամազ Նադարեիշվիլին «Ազգի» հետ զրույցում նշեց, որ անկախ այն բանից, որ ինչ-որ երկիր կամ պաշտոնյա ցանկանում է բացել երկաթգիծը, միեւնույն է, այն չի կարող աշխատել։

«Պետք է հաշվի առնել, որ այդ երկաթգիծն անցնում է Աբխազիայի Գալիի շրջանով եւ Արեւմտյան Վրաստանով, որտեղ գործում են պարտիզանները։ Քանի դեռ չի վերականգնվել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ցանկացած պայմանավորվածության դեպքում պարտիզանները կպայթեցնեն Հայաստան շարժվող գնացքը», ասաց Նադարեիշվիլին։

Աբխազիայի Գալիի շրջանում եւ Վրաստանի Զուգդիդի շրջանում գործում են Զուրաբ Սամուղիայի «Սպիտակ լեգեոն» եւ Դաթո Շենգելիայի «Անտառային եղբայրներ» պարտիզանական խմբերը, որոնք հիմնականում ներգրավված են դիվերսիոն գործողությունների մեջ։

Թամազ Նադարեիշվիլին երեկ վրացական իշխանություններին հորդորեց վերջ տալ Աբխազիայի անջատողական իշխանությունների հետ անպտուղ, տարիներ շարունակվող բանակցություններին եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնել զենքի գործադրմամբ։

«Ավելի լավ կլիներ Հայաստանը նախ եւ առաջ օժանդակեր Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը, ապա ակնկալիքներ ունենար աբխազական երկաթգծի վերագործարկումից», ասաց Նադարեիշվիլին։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4