«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2003-07-11 | #132, 2003-07-12 | #133, 2003-07-15


ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ

Անվտանգությունն այնքան էլ կարեւոր հարց չի եղել

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Սամվել Ուզունյանի նախագահությամբ շարունակեց «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը։ Հարցաքննվում էր վկա Անդրանիկ Դարբինյանը։ Վերջինս, ի պատասխան հարցերի, պնդեց, որ դեպքի պահին եղել է Կարմիր նախասրահում, որտեղ, ըստ քրեական գործի նյութերի, սպանվել է Արմենակ Արմենակյանը։

Հետաքրքրական է, որ Անդրանիկ Դարբինյանի ցուցմունքն ակնհայտորեն հակասում է ե՛ւ ամբաստանյալներից, ե՛ւ տուժողներից ոմանց ցուցմունքներին։ Համաձայն վերջինների, մինչեւ ահաբեկչության պահն Անդրանիկ Դարբինյանի նշած տեղում ոստիկան չի եղել։ Անդրանիկ Դարբինյանն էլ իր հերթին պնդեց, որ չնայած գտնվել է Կարմիր նախասրահում, բայց տեսել է միայն անձրեւանոցով մեկին։ Չի տեսել նաեւ Արմենակ Արմենակյանին, ում սպանության մասին իմացել է միայն դեպքից երկու օր անց, վկա Խաչիկ Հովհաննիսյանից։

Դատարանն ավարտելով Անդրանիկ Դարբինյանի հարցաքննությունը, լսեց տուժող, ահաբեկչության ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Բալայանի ցուցմունքը։

Նշենք, որ պրն Բալայանը ներկայումս Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության գործերի կառավարիչ է։ Մինչ իր ցուցմունքին անցնելը, անդրադառնալով աշխատակազմի ղեկավար-անվտանգություն փոխհարաբերության հարցերին, Տիգրան Բալայանը նշեց, որ ԱԺ մուտք գործելու առումով ժամանակին անփույթ են եղել ոչ միայն հսկիչները։ Պատգամավորների հետ Ազգային ժողով կարող էր մուտք գործել յուրաքանչյուր ոք, ինչի կապակցությամբ որպես աշխատակազմի ղեկավար Տիգրան Բալայանը բազմիցս դժգոհություններ է հայտնել։

Հետաքրքրական է, որ պրն Բալայանի ներկայացմամբ, երբեմն անցակետերում նույնիսկ հսկիչներ չեն եղել։

Սկսելով իր ցուցմունքը, տուժողը պատմեց, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ինքը պետք է գնար Սպիտակՙ ավտովթարից մահացած պատգամավոր Սուրեն Ավետիսյանի հոգեհանգստին։ Հարցուպատասխանի ժամանակ, իր իսկ խոսքերով, ինչպես միշտ, պրն Բալայանը գտնվել է դահլիճումՙ քարտուղարության դեմ-դիմաց գտնվող հատվածում։ Նա տեսել է, թե ինչպես նիստի ընթացքում բացվել է նիստը եւ ներս է մտել անձրեւանոցով մեկը։ Առաջին տպավորությունն այն է եղել, թե ո՞վ է այդ մարդը եւ ինչու է մտել նիստերի դահլիճ։ Այնուհետեւ հետեւել են կրակոցները, հայհոյանքը, ապա պառկելու հրահանգը։ Պառկած ժամանակ տուժողը լսել է, որ ինչ-որ մեկը գոռում է իր անունը։ Վեր է կացել, սակայն նրան կրկին ստիպել են պառկել։

Հետագայում Տիգրան Բալայանը պարզել է, որ երբ լրագրողների հետ թույլ են տվել դահլիճը լքել նաեւ աշխատակազմի ներկայացուցիչներին, աշխատակազմի ղեկավարի օգնական Գրիգոր Ստեփանյանն ահաբեկիչներին ասել է, որ աշխատակազմից եւս մեկըՙ Տիգրան Բալայանը, դահլիճում է։ «Այդպես է հնչել իմ անունը», բացատրեց տուժողը։

Այնուհետեւ Տիգրան Բալայանը հիշում է, որ Նաիրի Հունանյանը, տեղ զբաղեցնելով քարտուղարությունում, կանչել է իրեն եւ պահանջել, որ կանգնի իր դիմաց այնպես, որպեսզի ինքն անտեսանելի լինի տեսագրություններ կատարելու համար նախատեսված խցիկից նայողի համար։ Հետո ինչ-որ խոսակցություններ են եղել արտահերթ նիստ անելու մասին, որի վերաբերյալ մանրամասներ տուժողն արդեն չէր հիշում, ուստի պնդեց իր նախաքննական ցուցմունքը։

Որոշ ժամանակ անց Տիգրան Բալայանն, իր խոսքերով, բարձրախոսով զգուշացրել է, որ աշխատակազմից դահլիճում ներկա գտնվողները կարող են դուրս գալ։ Ապա Հունանյանը պահանջել է գնալ եւ անջատել վերը նշված խցիկի լույսերը։ Տիգրան Բալայանը դուրս է եկել դահլիճից, եւ նրան անմիջապես ուղեկցել են հանրապետության նախագահի մոտ։ Տրվել են հարցեր, իսկ հետ դառնալու Տիգրան Բալայանի խոսքերին դրական պատասխան չի եղել։

Պատասխանելով դատավոր Սամվել Ուզունյանիՙ անվտանգության ծառայությունների հետ կապված հարցին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարը մի փոքրիկ պատմություն արեց, թե ինչպես Ֆրանսիայի Սենատի նախագահի այցելության ժամանակ ինքն ընդհարվել է Կարեն Դեմիրճյանի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի հետ, եւ «չկարողանալով հանդուրժել, որ թիկնապահը ղեկավարի աշխատակազմի ղեկավարին», աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

Այդ ժամանակ Տիգրան Բալայանին զանգահարել է Կարեն Դեմիրճյանի քարտուղարուհին եւ հայտնել, որ նա պետք է ԱԺ եւ Ֆրանսիայի Սենատի նախագահների հետ գնա Ծիծեռնակաբերդ։ Քարտուղարուհին հայտնել է նաեւ, որ Կարեն Դեմիրճյանը կանչել է իր անվտանգության ծառայության աշխատակիցներին եւ պահանջել, որ վերջիններս հեռանան։ Երկու-երեք օր հետո, երբ Կարեն Դեմիրճյանին Տիգրան Բալայանը խնդրել է լուծել սեփական անվտանգության հարցը, Կարեն Դեմիրճյանը պատասխանել է, թե դա իր գործը չէ։

Հետագայում Վրաստան կատարելիք այցի կապակցությամբ Կարեն Դեմիրճյանը համաձայնել է, որ ունենա անվտանգության ծառայությունՙ մի պայմանով, որ նրանք աչքին չերեւան։

Նիստը կշարունակվի հուլիսի 16-ին։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4