ՍԴ-ն կրկին հետաձգեց
Երեկ Սահմանադրական դատարանը շարունակեց թիվ 12 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցված Վերսանդիկ Հակոբյանի դիմումի քննությունը։
Այս ընտրատարածքում մայիսի 29-ին մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչվել էին անվավեր։ Հունիսի 15-ին տեղ ունեցավ վերաքվեարկություն, համաձայն որի հաղթող ճանաչվեց հանրապետական Հարություն Ղարագյոզյանը, որն էլ բողոքարկել էր մայիսի 25-ի ընտրությունների արդյունքները։
Սահմանադրական դատարանը քննեց արդեն վերաքվեարկության արդյունքների վերաբերյալ բողոքը, որը ներկայացրած Վերսանդիկ Հակոբյանը հաղթել էր մայիսի 25-ի արդյունքներով։
Դիմող կողմի հիմնական փաստարկն այն էր, որ հունիսի 15-ի վերաքվեարկության եւ մայիսի 25-ի ընտրությունների ժամանակ օգտագործված ընտրացուցակներում կան էական տարբերություններ։ Այդ կապակցությամբ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից պահանջվել էր դատարան ներկայացնել տեղեկանքներ։ Հունիսի 12-ին եւ 13-ին ՍԴ էին ներկայացվել պահանջված փաստաթղթերը։ Ի լրումն դրանց, թիվ 12 ԸԸՀ-ի նախագահը երկու ընտրությունների ժամանակ օգտագործված ընտրացուցակների ընտրողների թվի տարբերությունը հիմնավորեց նաեւ նրանով, թե հունիսի 15-ի ցուցակներում ավելացվել են դատական կարգով իրենց ընտրական իրավունքը վերականգնած ընտրողների անունները։
Դիմող կողմը նույնպես ուսումնասիրել էր դատարան ներկայացված տեղեկանքները եւ, ըստ էության, չէր հասկացել ընտրական հանձնաժողովի յուրօրինակ «թվաբանությունը»։
Դիմումատուի ներկայացուցիչը նշեց, որ Սահմանադրական դատարանին ներկայացրած տեղեկանքներում չկան թաղապետարանի կնիքներ։ Այլ առկա է միայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքըՙ նախագահի ստորագրությամբ։ Սրա հիման վրա դիմումատուի ներկայացուցիչը եզրակացրեց, որ ողջ «թվաբանությունն» արել է ԸԸՀ նախագահը։ Վերջինս էլ ընդունեց, որ տեղեկանքները կազմել է ինքը, սակայն դրանց համար հիմք են ծառայել թաղապետարանից վերցված փաստաթղթերը։
Դիմող կողմը կասկածի տակ դրեց նաեւ երկօրյա ժամկետում հանձնաժողովի կողմից պահանջվող տեղեկանքները կազմելու համար աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։
Երբ կողմերն արդեն հասել էին եզրափակիչ ելույթներին, դիմող կողմը հանդես եկավ միջնորդություններով, որոնց զգալի մասը վերաբերում էր ընտրացուցակային հարցերին։ Դիմող կողմը միջնորդեց նաեւ, որ ստուգվեն թիվ 12 ընտրատարածքի որոշ ընտրատեղամասերի քվեաթերթիկներըՙ պարզելու համար, թե դրանց մեջ առկա չսահմանված գույնի քվեաթերթիկներով ովքեր են քվեարկել, քանիսն են դրանք եւ ում օգտին են քվեարկված։ Հասկանալի է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը առարկեց այս միջնորդությանըՙ նշելով, որ չսահմանված նմուշի քվեաթերթիկներ չեն եղել։
Ինչեւէ, դատարանը բավարարեց միջնորդությունը, չնայած առկա էր դժգոհություն, որ կողմերը հասել են եզրափակիչ փուլ եւ դեռ միջնորդություններ են անում։ Այսպես թե այնպես, դատարանը բավարարեց եւս մի քանի միջնորդություն, որոնց պատճառով էլ նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 18-ը։
Ա. Հ.