Շաբաթ երեկոյանՙ հուլիսի 12-ին Կարլովի Վարի չեխական առողջարանային քաղաքում ավարտվեց 38-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ մեր հայրենակից, հայտնի փաստավավերագրող Հարություն Խաչատրյանի «Վավերագրողը» ֆիլմն արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին։ 6 տարվա դադարից հետո կինոաշխարհ վերադարձած բեմադրիչի համար սա իրոք նշանակալի գնահատական էր։ Ժյուրիի անդամները հատուկ նշել են Խաչատրյանի ֆիլմի բարձր մակարդակը։ 62 րոպեանոց սեւ-սպիտակ կինոնկարը նկարահանված է խաղարկայինի ու վավերագրականի սահմանագծին։ Այս որակումն արդեն տալիս է ինքըՙ մրցանակակիր ռեժիսորըՙ մեզ հետ ունեցած հարցազրույցում։ Արդեն իսկ «Կոնդ» եւ «Սպիտակ քաղաք» հանրահայտ ֆիլմերի հեղինակին իր նոր ֆիլմով հրավիրել են մասնակցելու Մոնրեալի, Լոս Անջելեսի, Գենտի, Անապայի եւ մի շարք այլ եվրոպական կինոֆառատոնների։
Նշենք, որ վավերագրական ֆիլմերի մրցույթում մինչ 30 րոպե եւ ավելի ֆիլմերից երկուսը ստացան լավագույն մրցանակըՙ ավստրիական «Հիսուս, ես գիտեմ» ֆիլմը (ռեժ.Ուլրիխ Սեյդլի) եւ շվեդական «Զոնա» (ռեժ. Եսայաս Բայթել)։
Նշենք, որ չեխական հայտնի կինոփառատոնի 9 օրերի ընթացքում Կարլովի Վարիի 12 կինոթատրոններում ցուցադրվել է 304 ֆիլմ, որից 18-ըՙ համաշխարհային պրեմիերա է եղել, 21-ըՙ միջազգային, 2-ըՙ եվրոպական։ Հարություն Խաչատրյանի ֆիլմը նույնպես մտել է միջազգային պրեմիերաների շարքը, քանի որ այն նույնիսկ Հայաստանում դեռեւս չի ցուցադրվել։ Մոտ 11 հազար մարդ է այցելել փառատոնի շրջանակներում կազմակերպված տարբեր դիտումներինՙ որից 420-ըՙ կինոպրոֆեսիոնալ։ Կինոփառատոնի լավագույն ֆիլմի, ռեժիսորական աշխատանքի եւ լավագույն դերասանուհու համար նախատեսված Գրան պրի մրցանակին արժանացավ Ֆերզան Օսպետեկի «Պատուհանի առջեւ» ֆիլմը (Իտալիա, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Պորտուգալիա), դերասանուհինՙ Ջիովաննա Մեցոջիորնոն, տղամարդու լավագույն մրցանակը բաժին ընկավ Բյորն Քելմանին դանիական «Հին, նոր, փոխառնված եւ կապույտ» ֆիլմում։ Ռուս բեմադրիչ Լիդիա Բոբրովայի «Բաբուսյա» ֆիլմը ստացավ երեք տարբեր մրցանակներՙ Ժյուրիի հատուկ մրցանակը, FICC Ֆիլմ ընկերությունների միջազգային ընկերակցության մրցանակը, եւ Էկումենիկ ժյուրիի մրցանակը։
Ի դեպ, առաջին անգամ միջազգային կինոքննադատների ժյուրիի նախագահ էր ընտրվել Հայաստանի կինոքննադատների եւ կինոլրագրողների ընկերության նախագահ Սուսաննա Հարությունյանը։ Նրա ղեկավարած ժյուրիի մրցանակը տրվեց կորեական «Coast Guard» ֆիլմին (ռեժ. Կիմ Կի-Դուկ)։ Այս նույն ֆիլմը արժանացավ նաեւ NETPAC-ի մրցանակին։
Կարլովի Վարիի հաջորդՙ 39-րդ միջազգային կինոփառատոնը որոշվեց անցկացնել 2004 թվականի հուլիսի 2-ին։
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա