«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2003-07-12 | #133, 2003-07-15 | #134, 2003-07-16


ՈՒՐԱՐՏԱՑԻՆԵՐՆ ՈՒ ՈՉ ՈՒՐԱՐՏԱՑԻՆԵՐԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ

Հայ-իտալական արշավախմբի աշխատանքը շարունակվում է

Էգեյան եւ Միջին Արեւելքի քաղաքակրթությունների ուսումնասիրության ինստիտուտի, իտալական ազգային գիտական խորհրդի եւ ԳԱ ակադեմիայի հնագիտության ու ազգագրության ինստիտուտի համատեղ հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում ծնվեց «Հյուսիսարեւելյան սահմանը. Ուրարտացիները եւ ոչ ուրարտացիները Սեւանա լճի ավազանում» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ ակադեմիայի դահլիճում։ ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանի եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտիի ողջույնի խոսքերից հետո ելույթ ունեցավ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արամ Քալանթարյանը։ Արժեւորելով անցած 10¬15 տարիների հնագիտական արդյունավետ համագործակցությունը տարբեր երկրների, այդ թվում Իտալիայի գիտական կենտրոնների հետ, նա մատնանշեց Սեւանա լճի ավազանում հայ¬իտալական արշավախմբի մոտ 10 տարվա աշխատանքը։ Հռոմի Միքենեի եւ Էգեա¬անատոլիական ուսումնասիրությունների ինստիտուտի հետ կնքված պայմանագրի համաձայն կազմվել են Սեւանի ավազանի ուրարտական եւ ուրարտական ժամանակաշրջանի հնագիտական քարտեզ եւ ստվարածավալ մենագրություն, որոնց ուսումնասիրման աշխատանքները ղեկավարել են իտալացի դոկտոր Ռաֆայելե Բիշիոնեն եւ հնագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սիմոն Հմայակյանըՙ երկրահնագիտական ուսումնասիրությունների մասնագետ Նեդա Պարմեջիանիի գործուն մասնակցությամբ։ Այս աշխատանքը կարեւոր ներդրում է հայ հնագիտության եւ հատկապես ուրարտագիտության ասպարեզում, քանզի ընդգրկում է Սեւանի ավազանի վաղ շրջանի հարյուրավոր հուշարձաններ, այդ թվումՙ նորահայտները, համեմված պատմական իրողություններով։ Պրն Քալանթարյանի խոսքերով, արշավախումբը դեռ շատ անելիքներ ունի, ծրագրված է մոտ ապագայում ամբողջությամբ ավարտել Սեւանի ավազանի հնագիտական ուսումնասիրությունը, ապա սկսել Հրազդանի հովտի ուրարտական հուշարձանների հետազոտությունը, որը կապող օղակ է Արարատյան դաշտի եւ Գեղարքունիքի ուրարտական կենտրոնների միջեւ։

Դոկտոր Ռաֆայելե Բիշիոնեն ամենայն հստակությամբ մանրամասնեց հետազոտական աշխատանքների ընթացքըՙ շեշտելով հիմնականն ու գլխավորը։

«Ուրարտացիները Սեւանա լճի ավազանում» զեկուցումով հանդես եկավ հնագետ Սիմոն Հմայակյանըՙ հետաքրքրական տեղեկություններ հաղորդելով ուրարտական բազմաշերտ հնավայրի պատմամշակութային արժեքների մասին։ Այսպես, ուրարտական դամբարանների ուսումնասիրությունները հնարավորություն են տվել եզրահանգումներ անելու, որ դամբարանների տեսակները տարբեր են, ուրարտական ծառայության մեջ գտնվողները հուղարկավորվել են հին դամբարանադաշտերում եւ դամբարաններում, այսինքն, մ.թ.ա. 7¬րդ դարում արդեն հաղթահարվել էր մշակութային հակամարտությունը։ Նրա դիտարկմամբ, արշավախումբը հայտնաբերել է հնագիտական ու վիմագրական բնույթի նոր ու արժեքավոր տվյալներ, որոնց հիման վրա կլուսաբանվեն Սեւանա լճի ավազանի մեկ այլ հատվածիՙ Գավառի պատմությանն առնչվող փաստեր, որը ուրարտական աղբյուրներից հայտնի է Վելիքուխի անվամբ։

Դոկտոր Նեդա Պարմեջիանին նշեց, որ հայ¬իտալական հնագիտական արշավախմբի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է բնաշխարհի ուսումնասիրության վրա, քանզի իրենց նպատակն է հետազոտել նաեւ ուրարտացիների եւ նրանցից առաջ եղած բնակիչների բնակատեղիների դիրքի ռազմավարական ուղղությունները, տեղի ազդեցությունը պաշտպանական ամրաշինությունների հատակագծի վրա։ Սեւանա լճի հնագիտական, տնտեսական ու էկոլոգիական նշանակությունը, նրա գնահատմամբ, ստիպում է, որ առաջիկայում էլ ամենայն բծախնդրությամբ շարունակվեն գիտահետազոտական ու դաշտային աշխատանքները։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4