«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2003-07-15 | #134, 2003-07-16 | #135, 2003-07-17


ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ԳՈՐԾՈՒՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

«Հայաստանը հակասեմիտական պետություն չէ», ասում է հրեական համայնքի ղեկավարը

Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը վերջերս Մ. Նահանգներում եւ Ավստրիայում մասնակցեց միջազգային հեղինակավոր համաժողովների, որոնցում համակողմանի քննարկման էին դրված ազգային փոքրամասնություններին առնչվող խնդիրները։ Թե Ամերիկյան հրեական կոմիտեի համաժողովում, որ տեղի ունեցավ Վաշինգտոնում մայիսի 5¬12¬ին, թե հակասեմիտիզմի վերաբերյալ ԵԱՀԿ համաժողովումՙ Վիեննա, հունիսի 19¬20¬ը, նա հանգամանալից անդրադարձավ Հայաստանի հրեական համայնքին հուզող խնդիրներին։ Նրա ելույթներն առանձնահատուկ ուշադրության են արժանացել, քանի որ Հայաստանի հրեական համայնքի կյանքը նա ներկայացրել է միանգամայն իրատեսականՙ մի կողմից ընդգծելով հրեաների հանդեպ մեր կառավարության եւ ժողովրդի բարյացակամ վերաբերմունքը, մյուս կողմիցՙ տեղի ունեցած որոշ անցանկալի երեւույթները, որոնց հիմքում ընկած էին բացառապես Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող դրդապատճառները։

Տկն Վարժապետյանի ելույթներն ու հանդիպումները, բնականաբար, չվրիպեցին կառավարության ուշադրությունից։ Դրանց մասին ավելի մանրամասնորեն տեղեկանալու նպատակով ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հուլիսի 7¬ին ընդունեց հրեական համայնքի ղեկավարին։ Նա գոհունակություն հայտնեց վերջինիս արդյունավետ գործունեության համար, քանզի միջազգային համաժողովներում նա չի սահմանափակվում միայն հրեաների իրավունքները պաշտպանելով, այլեւ հանդես է գալիս Հայաստանի զարգացման ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար կարեւոր առաջարկություններով։ Ստորեւ ներկայացնում ենք «Ազգի» հարցազրույցը հրեական համանքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի հետ։

- Հակասեմիտիզմի դրսեւորումներն աշխարհում վերջին երկու տարիներին անհանգստացնող են, որով էլ պայմանավորված է հրեական եւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրությունն այդ երեւույթի նկատմամբ։ Ի՞նչ կասեք այս մասին։

¬ Նախ ասեմ, որ անչափ հուսադրող էր Հայաստանի կառավարության ուշադիր վերաբերմունքը։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ջերմ արձագանքը իմ գործունեությանը ապացուցում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ եվրոպական չափանիշներին համապատասխան քաղաքականություն վարելու սկիզբ է դրվում։ Չէ՞ որ հակասեմիտիզմը ամենից առաջ ազգային փոքրամասնության իրավունքների կոպիտ ոտնահարում է։ Հայաստանն, ինչ խոսք, հակասեմիտական պետություն չէ, սակայն առանձին դեպքեր տեղի ունեցան եւ, բարեբախտաբար, արագորեն կանխվեցին, ինչն էլ ինձ համարձակություն տվեց իմ ելույթներում հայտարարելու, որ հրեաներն այստեղ ապրում են բարյացակամ մթնոլորտում, առանց որեւէ տագնապի հյուրընկալում են Մ. Նահանգներից, Իսրայելից եւ այլ երկրներից ժամանող իրենց ազգակիցներին։

¬ Ո՞ր հանդիպումներն էին հատկապես տպավորիչ եւ արժանի հիշատակման։

¬ Ինձ համար ուղղակի անսպասելի էր ու մի քիչ էլ զարմանալի, որ Վաշինգտոնում կայացած չափազանց հեղինակավոր համաժողովին չէին մասնակցում Վրաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները։ Մինչդեռ այդ երկրներում կան հրեական ավելի մեծ համայնքներ, քան Հայաստանում։ Իսկ Վիեննայի համաժողովին չէր ներկայացել միայն Վրաստանի պատվիրակությունը հետեւյալ պատճառաբանությամբ, թե այնտեղ գոյություն չունի հակասեմիտիզմ, դրա մասին խոսելու անհրաժեշտություն չկա։ Իսկ ես հենց ելույթիս սկզբում ասացի, որ Հայաստանում էլ չկա հակասեմիտիզմ, բայց եկել եմ մասնակցելու եւ դրանով իսկ ապացուցելու, որ հայ ազգին բնորոշ չէ այդ երեւույթը։

Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթն ուղղակի ապշեցուցիչ էր։ Նա հայտարարեց, թե իր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքները երբեւէ չեն ոտնահարվել։ Նրա խոսքերն անմիջապես ծիծաղ առաջացրին։ Հավանաբար նրան թվում էր, թե բացի ադրբեջանցիներից Սումգայիթի ու Բաքվի կոտորածների մասին ոչ ոք չի լսել։ Շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե նրա ելույթում ինչո՞ւ էր տեղ գտել ղարաբաղյան հակամարտության խնդիրը, ի՞նչ կապ ուներ քննարկվող թեմայի հետ։ Ես, իհարկե, չկարողացա զարմանքս թաքցնել եւ հարմար պահին բանավեճի բռնվեցի նրա հետ։

Կկամենայի հատկապես առանձնացնել հանդիպումս ԵԱՀԿ¬ում Հայաստանի դեսպան Ջիվան Թաբիբյանի հետ, որի անմիջական նախաձեռնությամբ էլ մասնակցեցի այդ համաժողովին։ Տպավորիչ էր, որ նա մեծ հեղինակություն էր վայելում այնտեղ, աչքի ընկնում բարձր պատրաստվածությամբ ու շփման կուլտուրայով։

¬ Մ. Նահանգներում դուք հանդիպել եք հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ելույթ ունեցել տեղի հայկական հեռուստաալիքով։ Ի՞նչ կպատմեք այդ մասին։

¬ Հայերի հետ հանդիպումներում առանցքային հարցը հասկանալի է, որ Հայոց ցեղասպանության թեման էր։ Այդ մասին արդեն խոսել էի իմ ելույթներում, ընդգծելով, որ Հայաստանի հրեական համայնքը ճանաչում է Հայոց ցեղասպանությունն ու գործուն մասնակցություն ցուցաբերում դրա միջազգային ճանաչման համար։ Խնդիրն այն է, որ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչները դիվանագիտական հարաբերություններում առայժմ խուսափում են ցեղասպանություն բառն օգտագործելուց, ինչն էլ, ըստ էության, պատճառ դարձավ Հայաստանում հրեաների հանդեպ նախկինում եղած բացասական թույլ դրսեւորումների սրմանը։

Լոս Անջելեսում հեռարձակվող «Հորիզոն» հայկական հեռուստաալիքի հրավերով մոտ մեկ ժամ խոսեցի այս մասին։ Ուղիղ հեռախոսակապի հարցերից տպավորվեցի, որ խնդիրը, կարծես, հասկանալի դարձավ շատերին։

Չմոռանամ ասել, որ «Հանդուրժողականության թանգարանում» զրուցեցի թանգարանի փոխնախագահ Էլանա Սամուելսի հետ։ Նա ինձ տեղեկացրեց թանգարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցանմուշներ չունենալու պատճառով հայ համայնքի դժգոհությունների ու բողոքների մասին եւ խոստացավ ունենալու դեպքում անպայման ցուցադրել։ Այդ առիթով հայ երիտասարդների բողոքի ցույցերը նա համարեց միմյանց չհասկանալու հետեւանք։ Խնդրեցի նրան անել հնարավոր ամեն ինչ Մ. Նահանգների երկու մեծ համայնքների հարաբերությունները չփչացնելու համար։

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4