«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2003-07-15 | #134, 2003-07-16 | #135, 2003-07-17


ՀԱՅ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Երուսաղեմի հրեական համալսարանի հայագիտության բաժնից էլեկտրոնային փոստով հաղորդագրություն ստացանք, որ հայագիտական ուսումնասիրությունների ծրագրով 2003¬2004 թթ. հրեական համալսարանում հետազոտություններ կատարելու պատվին արժանացել է Երեւանի Մատենադարանի գիտաշխատող Արամ Թոփչյանը։ Մանկավարժական համալսարանը 1983 թ. ավարտելուց հետո 2001 թ. մայիսին նա պաշտպանել է դոկտորական թեզըՙ հունական եւ լատինական աղբյուրները Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ։ Երիտասարդ գիտնականը տիրապետում է մի քանի լեզուներիՙ հին հունարեն, լատիներեն, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն։ Ուսումնասիրություններ է կատարել միջազգային գիտական մի շարք ծրագրերով, տպագրել հայագիտական թեմաներով հոդվածներ։

Հրեական համալսարանի հայագիտության բաժնում նա հանդես կգա դասախոսությամբՙ ներկայացնելով մինչ խաչակրաց արշավանքն ընկած ժամանակաշրջանի մասին հայ պատմագիտական աղբյուրները։ Միջին Արեւելքի պատմության համակողմանի ուսումնասիրման տեսակետից, անշուշտ, չափազանց մեծ է թեմայի նշանակությունը, որով կարեւորվում է նաեւ հայերեն պատմագիտական հարուստ տվյալների դերը հետագա ուսումնասիրությունների համար։ Հայոց պատմության հնագույն եւ միջնադարյան էջերը հայ եւ օտարազգի ուսանողներին մանրազնին ներկայացնելու իմաստով եւս պրն Թոփչյանի դասախոսությունն ու գիտական աշխատանքը օգտավետ կլինի, մանավանդ որ հրեական համալսարանի գրադարանն աղքատիկ է հայ ժողովրդի պատմության ու մշակույթի մասին գրքերով։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4