«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2003-07-16 | #135, 2003-07-17 | #136, 2003-07-18


ՓՈՔՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՄԱՀԱՑՈՒ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում երեկ կայացավ լիբանանահայ լրագրող Վիգեն Չեթերյանի «Փոքր պատերազմներ եւ մեծ խաղեր» գրքի շնորհանդեսն ու Գերման Ավագյանի «Մահացու խաղալիքներ» լուսանկարների ցուցահանդեսի բացումը։

Կովկասում լրագրողական մի քանի տարիների աշխատանքային փորձառությունից հետո Վիգեն Չեթերյանը գրում է գրքի անգլերեն տարբերակըՙ արեւմտյան ընթերցողներին առաջին անգամ ներկայացնելով տարածաշրջանի հակամարտության մասին իր սեփական ըմբռնումներն ու վերլուծությունները։ Գիրքը լույս տեսավ 2001 թվականին, Շվեյցարիայում, որից հետո մտահղացում առաջացավ ռուսերեն թարգմանելուՙ նկատի ունենալով ռուսալեզու ընթերցողների հետաքրքրությունը կովկասյան ազգամիջյան խնդիրների նկատմամբ։

Վիգեն Չեթերյանը Շվեյցարիայում 90¬ական թվականների սկզբից եվրոպական մի շարք լրագրերում լուսաբանել է կովկասյան հակամարտությունները, տպագրել գիտական աշխատություններ ու մենագրություններ Կովկասի, Կասպիցի ու Միջին Ասիայի մասին։ Նա «CIMERA» շվեյցարական ՀԿ¬ի հիմնադիրն է, Երեւանի լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրենը։

Նրա խոսքերով, դժվար է գրել հակամարտության մասին, մանավանդ երբ ապրել ես ու թրծվել այդ բովում։ Նա հուսով է, որ իր գիրքը մի նոր բան կավելացնի հակամարտությունների պատմության մեջՙ առաջադրելով իրատեսական մոտեցումներ դրանցից յուրաքանչյուրի վերաբերմամբ։

Բավականին ազդեցիկ էր մահացու խաղալիքներիցՙ ականներից վիրավորված ու հաշմանդամ դարձած արցախցի երեխաների ու պատանիների լուսանկարները։ Նրանցից ամեն մեկի կյանքի պատմությունը Գերման Ավագյանը գրի է առելՙ հետագայում գիրք դարձնելու մտադրությամբ։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4