«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2003-07-16 | #135, 2003-07-17 | #136, 2003-07-18


ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ «ԿԱՍԿԱԴԻ» ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԵՍՔԸ

Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, 2006 թ. նախատեսվում է ավարտին հասցնել «Ջերալդ Լ. Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի թանգարանի»ՙ 25 մլն դոլար արժողությամբ մշակութային ճարտարապետական կառույցի շինարարական աշխատանքները։ Մշակութային այս խոշոր համալիրը, ըստ նախնական հղացումների, հավակնություն ունի դասվելու համաշխարհային ժամանակակից արվեստի թանգարանների շարքում, ինչպես ներկայացվող արվեստի նմուշների (Պիկասո, Մարկ Շագալ, Արշիլ Գորկի, Ժան Դյուֆի եւ այլք), այնպես եւ կառույցի ներքին ու արտաքին ճարտարապետական տեսքի առումով։

Տարիների ընթացքում ամերիկահայ խոշոր գործարար եւ ազգային բարերար Ջ. Գաֆեսճյանի ձեռք բերած արվեստի բացառիկ բնօրինակ ստեղծագործությունների հավաքածուն վերջնականապես կհանգրվանի Երեւանի կենտրոնումՙ «Կասկադ» համալիրի տարածքում։ Այդ տարածքը (շուրջ 1 հա) 2002 թ. ապրիլին ՀՀ կառավարության որոշումով հանձնվել է «Գաֆէսճեան հիմնադրամին»։ Այդ ժամանակահատվածում հիմնադրամը կատարել է ինչպես շրջակայքի բարեկարգման, այնպես էլ ներքին եւ արտաքին հարդարանքների հետ կապված աշխատանքներՙ շարժասանդուղքների հետ կապված անվճար գործարկում, կասկադի վերինՙ անավարտ հատվածի բարեկարգում, առանձին արտեզյան հորի փորումՙ շատրվանների եւ ոռոգման համար, էլեկտրական ենթակայանի վերազինում եւ վերակառուցում, «Կասկադի երկայնքով ցանված ծաղիկներ եւ մշտադալար դեկորատիվ բույսեր, գործող շատրվաններ, վերականգնած մի քանի ցուցասրահներ եւ այլն։ Այս շարքում առանձնանում է հիմնադրամի իրականացրած առաջին մշակութային ձեռնարկըՙ «Կասկադի» պուրակում Ֆերնանդո Բոթերոյի «Կատու» մոնումենտալ արձանի տեղադրումը։

2002 թ. նոյեմբերին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացած մրցույթին մասնակցող միջազգային ճանաչման 35 ճարտարապետական ընկերություններից երեքը հնարավորություն ստացան առաջադրելու թանգարանի նախնական նախագծային հայեցակարգը։ Դրանք ենՙ Նյու Յորքից եւ Փարիզից Բեռնարդ Շումի ճարտարապետները, Վիեննայից Քոափ Հիմելբլաու, Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքից Էմ-Վի-Ար-Դի-Վի կազմակերպությունները։ Այդ մասին երեկ «Կասկադում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն եւ Ջ. Գաֆեսճյանի օգնական պրն Ջոն Ուոթերսը։

Նման ճարտարապետական մրցույթ առաջին անգամ է անցկացվում ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ ԱՊՀ տարածքում կառուցվելիք որեւէ համալիրի համար։ Մրցույթի մասնակիցները նախապես իրազեկված են եղել Հայաստանի, Կասկադի տարածքի եւ հիմնադրամի մանրամասներին։ Հաղթող երեք ընկերություններն էլ ճանաչված են այս ասպարեզում եւ ունեն թանգարանային կառույցներ իրականացնելու փորձՙ յուրաքանչյուրն իր ուրույն ոճով ու ստեղծագործական ազատ մոտեցումներով։ Նրանցից մեկը հակված է ճարտարապետական արտահայտությունները բնության մեջ եղած ձեւերին մոտեցնելու սկզբունքինՙ խեցեղեն հիշեցնող տանիքներով, օվկիանոսի ալիքների տեսքով, մյուսըՙ ավելի կոնցեպտուալ մոտեցումներով։ Նախագծերի ազատ եւ արդիական ոճը թերեւս մեզ կարող է օտարոտի կամ անսովոր թվալ։ Այդ իսկ պատճառով «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը «Կասկադ» համալիրի երկրորդ ցուցասրահում այսօրվանից մինչեւ օգոստոսի 1-ը կազմակերպելու է վերոհիշյալ նախնական նախագծերի ցուցադրությունՙ հասարակությանը հնարավորություն տալով մասնակցելու նախագծերի քննարկմանը, կատարելու առաջարկություններ եւ դիտողություններ։

Պրն Ուոթերսը ներկայացրեց հիմնադրամի նպատակը եւ նշանակությունը, տեղեկացնելով, թե այն ունի բարի միտումներՙ շուք հաղորդել այս տարածքին, «մի սքանչելի խորհրդապատկեր ստեղծել Հայաստանումՙ համաշխարհային նշանակությամբ ճարտարապետական մշակութային միջազգային մակարդակի» հիշյալ կառույցով։ Ըստ գործադիր տնօրենի, այն աշխարհին կներկայացնի հայ ժողովրդի ստեղծագործ ուժը եւ զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովի դեպի Հայաստան։

Ներկայացված երեք նախագծերի միջեւ մինչ վերջնական ընտրություն կատարելը, հիմնադրամը համագործակցելու է հասարակության լայն շրջանակների, ինչպես եւ հայ ճարտարապետների հետ։ Իսկ վերջնական ընտրությունը պատկանում է պրն Գաֆեսճյանին, որ նույնպես համագործակցում է մասնագետների մի ստվար խմբի հետ ե՛ւ Հայաստանից, ե՛ւ արտերկրից։ Արդյունքում թանգարանը կդառնա Հայաստանի համար մշակութային մնայուն հարստությունՙ իբրեւ նվիրատվություն ազգային բարերար Ջերալդ Գաֆեսճյանի կողմից։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4