ԿԸՀ-ն որոշեց նյութերն ուղարկել դատարան
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նոր կազմով գումարեց առաջին նիստը։ Օրակարգի 4 կետերը հաստատելով, հանձնաժողովն անցավ կոնկրետ որոշման նախագծերի քննարկմանը։ Նիստին ներկա էր նաեւ ԿԸՀ-ին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը։ Վերջինիս ներկայությունը պայմանավորված էր նրանով, որ օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ԿԸՀ-ին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից մայիսի 25-ին ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, դրանց դաշինքների նախընտրական հիմնադրամների օգտագործման վերաբերյալ ներկայացված հայտարարագրերին։ Ծառայությունից հանձնաժողովին ներկայացվել էին այդ հայտարարագրերի ստուգման արդյունքները։
Օրակարգի առաջին կետով ներկայացված որոշման նախագիծը վերաբերում էր հայտարարագրերի ստուգման արդյունքների քննարկմանը եւ հայտարարագրերի տվյալները հրապարակելուն։ Զեկուցող, ԿԸՀ փոխնախագահ Համլետ Աբրահամյանը նշեց, որ հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության հաշվետվության համաձայն, որեւէ խախտում չի արձանագրվել, կուսակցություններից եւ դաշինքներից ոչ մեկը չի գերազանցել նախընտրական հիմնադրամների օրենքով նախատեսված սահմանը։ Ծառայության ղեկավարն էլ իր հերթին ավելացրեց, որ կուսակցությունների ու դաշինքների ծախսերի բովանդակության եւ օրինականության առումով ծառայությունը խախտումներ չի արձանագրել։ Բոլոր կուսակցությունները միասին ծախսել են 422 մլն 615 հազար դրամ, որի 90 տոկոսից քիչ ավելին ապահովվել է 8 հազարից ավելի քաղաքացիների վճարումներով։ Մոտ 7 տոկոսը վճարել են իրենքՙ կուսակցությունները, եւ միայն ծախսերի 1,5 տոկոսն է կատարվել ի հաշիվ իրավաբանական անձանց վճարումների։
Ինչ վերաբերում է ծախսերի բովանդակությանը, ապա ծախսերի 72 տոկոսը կազմել են հեռուստատեսությամբ եւ ռադիոյով քարոզչական հաղորդումների ու գովազդի գումարները։ Միջոցների 15 տոկոսը ծախսվել է քարոզչական նյութերի տպագրման վրա։
«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը մասնավորապես հետաքրքրվեց, թե արդյոք հայտարարագրերում ընդգրկվե՞լ են ՀԺԱՄ-ի, ՀՌԱԿ-ի, ՀՀԿ-ի կազմակերպած միջոցառումների ժամանակ կատարված ծախսերը։ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը պատասխանեց, որ միջոցառումները որպես այդպիսին չեն նշվում հայտարարագրում, սակայն ծախսերի մասով նշվում են։ Պատասխանելով ԿԸՀ քարտուղար Աննա Ալեքսանյանի հարցին, ծառայության ղեկավար պրն Հարությունյանն ավելացրեց, որ, օրինակ, «Արդարություն» դաշինքն իր հայտարարագրում չի նշել եւ ոչ մի տրանսպորտային ծախս։
Չնայած ասվածին, Ֆելիքս Խաչատրյանը հայտնեց, որ, իր կարծիքով, ներկայացրած հաշվետվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ չի ստուգվել, թե կուսակցությունների կատարած ծախսերը ամբողջովին արտացոլվե՞լ են հայտարարագրում, թե՞ ոչ։ Ուստի պրն Խաչատրյանն առաջարկեց հետաձգել հաշվետվության ընդունումը։
ԿԸՀ-ն այսպես թե այնպես, իր որոշմամբ, ի գիտություն ընդունեց հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից հայտարարագրերի ստուգման արդյունքները, ինչպես նաեւ որոշեց հայտարարագրերի տվյալները հրապարակել «Հայաստանի Հանրապետությունում»։
Օրակարգի նույնաբովանդակ երկրորդ հարցը վերաբերում էր մեծամասնական ընտրակարգին։ Այս կապակցությամբ Համլետ Աբրահամյանը զեկուցելով հայտնեց, որ ընդամենը 120 պատգամավորության թեկնածուներն են ներկայացրել հայտարարագիր։ Ներկայացված հայտարարագրերից ոչ մեկում սահմանված գումարը գերազանցված չէ։ Այստեղ խնդիրն այլ է այն առումով, որ 148 թեկնածու ուղղակի չի ներկայացրել հայտարարագիր, այդ թվում այնպիսիները, ովքեր ընտրվել են։
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի այն բացատրությունը, թե հնարավոր է, որ հայտարարագրերը ստացված լինեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, բայց հասած չլինեն ԿԸՀ, հիմնավոր չհամարվեց։ ԿԸՀ-ն 8 կողմ քվեարկությամբ կայացրեց որոշում, համաձայն որի ընդունեց ի գիտություն ներկայացված հայտարարագրերի ստուգման արդյունքները։ Որոշվեց նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած, սակայն նախընտրական հիմնադրամների օգտագործման վերաբերյալ հայտարարագրեր չներկայացրած պատգամավորության թեկնածուների վերաբերյալ նյութերը եռօրյա ժամկետում ներկայացնել առաջին ատյանի դատարաններՙ վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
Օրակարգի 3-րդ հարցը վերաբերում էր թիվ 27 ԸԸՀ-ի հուլիսի 10-ի որոշումները վերացնելուն։ Թիվ 27 ԸԸՀ-ն հանձնաժողովի նախագահ, տեղակալ եւ քարտուղար ընտրելու մասին որոշումները կայացնելու նիստը չի գումարել հանձնաժողովի աշխատավայրում։ Այս կապակցությամբ ԿԸՀ-ի ընդունած որոշմամբ, հուլիսի 21-ին թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր աշխատավայրում կգումարի նոր նիստՙ նախագահ, տեղակալ եւ քարտուղար ընտրելու համար։
Վերջին կետով սպառելով օրակարգը, ԿԸՀ-ն սահմանեց, որ այսուհետեւ ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, տեղակալների, քարտուղարների եւ անդամների վկայականները կլինեն լուսանկարովՙ ուժի մեջ մնալով մինչեւ 2007 թ. հուլիսը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ