Ասում է «Էքսպերտիզա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը
Գեորգի Նանյանն արդեն 9 ամիս գլխավորում է Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) «Էքսպերտիզա» ՍՊԸ-ն։ Այդ ընթացքում ընկերությանը դիմած եւ ապրանքների ծագման հավաստագրեր ստացած տնտեսվարողները հատուկ ընդգծում են արմատական դրական փոփոխություններն ու բացասական երեւույթների վերացումն այս կառույցում։ Մեր հարցազրույցը Գեորգի Նանյանի հետ ընկերության գործունեության շրջանակների, մատուցվող ծառայությունների, վերջին ամիսներին իր ձեռնարկած քայլերի մասին էր։ Մեր զրուցակիցը ձեռնարկությունների ղեկավարման տարիների փորձ ունի։ Նա ղեկավար պաշտոններ է վարել Չարենցավանի «Կենտրոնաձույլ» գործարանում (տնօրենի տեղակալ), «Ավտոլիտ» ձեռնարկությունում (գլխավոր տնօրեն), Չարենցավանի քաղաքապետարանում, «Արմենտելի» Երեւանի վարչությունում։ Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին կից ժողովրդական տնտեսության ակադեմիան (ռեկտորՙ Աբել Աղաբեկյան)։ Ներկայումս, բացի «Էքսպերտիզայի» գլխավոր տնօրեն լինելուց, Կոտայքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահն է եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ։ Սիրում է ինտելեկտուալ խաղեր։ 2001 թ. «Գիտակների ակումբ» հեռուստախաղի մասնակիցների հարցման արդյունքներով նրան շնորհվել է «Տարվա լավագույն ինտելեկտուալ» կոչումը։
Մեր առաջին հարցը վերաբերում էր «Էքսպերտիզայի» ստեղծման պատմությանը եւ գործունեության հիմնական ուղղությանը։
- Մեր ընկերությունը 1 տարվա պատմություն ունի։ Նախկինում էլ եղել են առեւտրաարդյունաբերական պալատ, «Էքսպերտիզա» ՍՊԸ, բայց նրանց գործունեությունն օրենքով կարգավորված չի եղել, եւ մենք էլ նրանց իրավահաջորդը չենք։ Ներկայիս «Էքսպերտիզան» սկսել է գործել անցյալ տարվա հուլիսի 1-ից։ Համաձայն 2000 թ. ընդունված «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքի, պալատների հիմնական գործառնությունների թվում նշված է արտահանվող ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրումը։ Դա կատարում է մեր ընկերությունը։ Ընկերության առաջին գլխավոր տնօրենը եղել է Սահակ Բաղդասարյանը, որը մեծ վաստակ ունի այս կառույցի եւ Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի ստեղծման գործում։ Սակայն նա ընդամենը 1,5 ամիս աշխատելուց հետո հանկարծամահ եղավ։ Հոկտեմբերի 1-ից գլխավոր տնօրեն նշանակվեցի ես։
- «Էքսպերտիզան» ի՞նչ կարգավիճակ ունի Հայաստանի ԱԱՊ-ում։
- Առանձին իրավաբանական միավոր է, որի հիմնադիրն ԱԱՊ-ն է։ Այսինքնՙ մեր գործունեությամբ պատասխանատու ենք պալատի առջեւ։
- Ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման համար արտահանողները կամավո՞ր պետք է դիմեն ձեզ, թե՞ պարտադիր։
- Մեզ պարտադիր պետք է դիմեն բոլոր արտահանողները, որովհետեւ հավաստագիր պահանջում են գրեթե բոլոր մեր ապրանքները ներմուծող երկրները։ Ընդ որում, հավաստագիր պետք է տրամադրի ոչ թե պետական, այլ անկախ կառույց։
- Հավաստագրերը միատեսա՞կ են բոլոր երկրների համար։
- Ոչ, կան երեք տեսակի հավաստագրեր։ Առաջինը Եվրամիության երկրներ, ԱՄՆ եւ Կանադա արտահանվող ապրանքների համար է, երկրորդըՙ ԱՊՀ երկրների, երրորդըՙ երրորդ աշխարհի երկրների համար։ Այս տարբերակումը պայմանավորված է տվյալ երկրներում առաջադրվող պահանջներով։
- Հնարավո՞ր է, որ ձեզ մոտ գա տնտեսվարողը, որոշակի գումար տա եւ, շրջանցելով փորձաքննությունը, իրեն անհրաժեշտ հավաստագիրը վերցնի։
- Եթե մենք կեղծ հավաստագրեր տանք, ապա քրեական պատասխանատվության կենթարկվենք։ Բացի այդ, այն երկրները, որտեղ արտահանվում են մեր ապրանքները, բազմիցս նամակներով խնդրում են հաստատել ծագման հավաստագրի իսկությունը։ Այսինքնՙ նրանք անընդհատ ստուգում են այդ հավաստագրերը։
- Իսկ որակի հավաստագիր «Էքսպերտիզան» չի՞ տալիս։
- Դրանով հիմնականում զբաղվում էր «Հայպետստանդարտը», որն այժմ ընդգրկվել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կառուցվածքում։ Ճիշտ է, մենք դիմել ենք, որպեսզի մենք էլ որոշակի արտադրատեսակների որակը գնահատելու իրավունք ստանանք։ Ցանկանում ենք աստիճանաբար վերադարձնել այն ծառայությունները, որոնք այս կամ այն պատճառով վերցվել էին նախկին «Էքսպերտիզայից»։ Արդեն անշարժ գույքի, սարքավորումների գնահատման լիցենզիա ստացել ենք, մոտ ապագայում նաեւ կկարողանանք տրանսպորտային միջոցները գնահատել։
- Ծագման հավաստագրեր միայն արտահանողնե՞րն են պարտավոր ունենալ։ Իսկ ներքին շուկայում վաճառվող ապրանքների համար դրանք չե՞ն տրվում։
- Տրվում են կամավորության սկզբունքով։ Ծագման հավաստագիր ստանալու համար կարող են դիմել նաեւ ապրանքը ներքին շուկայում վաճառող կամ գնող կազմակերպությունները եւ անհատները։
- Պրն Նանյան, անդրադառնանք ընկերությունում վերջին մի քանի ամիսներին կատարված փոփոխություններին։
- Նախ ուզում եմ նշել, որ աշխատանքային առաջին իսկ օրից մեր գործունեությունը պալատի նախագահ Մարտին Սարգսյանի ուշադրության կենտրոնում է, ինչը թույլ է տալիս արագորեն հաղթահարել ծագող դժվարությունները։ Իսկ երբ տնօրեն դարձա, ամեն ինչ այստեղ այլ կերպ էր։ Տաբել չկար, բաժինները կանոնադրություն չունեին, աշխատակիցներըՙ հստակ պատկերացում իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին։ Չկային ամենօրյա ֆինանսական տվյալներ։ Այդ ամենը կարգավորվեց մի քանի ամսում։ Համակարգիչներ բերվեցին, գրասենյակային գույք, վկայականներ աշխատակիցների համար։ Ծախսերը լիմիտավորեցինք։ Հեռախոսային, էլեկտրաէներգիայի ծախսերը նախկինում հսկայական էին։ Անփույթ մոտեցում կար այդ ամենի նկատմամբ։ Լիմիտավորումից հետո այդ ծախսերը մի քանի անգամ նվազեցին։
Բոլոր մարզերում ստեղծել ենք մեր բաժիններըՙ ապրանքափորձագիտական բյուրոները, որպեսզի արտահանողներն ամեն հարցի համար չգան հասնեն Երեւան։ Հաջորդըՙ հասել ենք նրան, որ 12 հազար դրամ պետական տուրքը, որ գանձվում էր արտահանողներից, այս տարվա փետրվարից վերացվեց։
Սոցիալական խնդիրներին ենք ուշադրություն դարձնում։ Ստեղծել ենք արհմիություն, որին փոխանցում ենք մեր եկամուտների 10 տոկոսը։ Աշխատակիցների ծննդյան օրերին դրամական պարգեւներ ենք տալիս, լավ եւ վատ օրերին լինում ենք միասին։ Աշխատողների համար կազմակերպում ենք մասնագիտական ուսուցման դասընթացներ, կատարվում է ատեստավորում։
Պարտաճանաչ հարկատու ենք։ Լինում է, որ անգամ ժամկետից շուտ ենք հարկերը վճարում։ Այս տարվա մարտից ընդգրկվել ենք խոշոր հարկատուների ցուցակում։
Ինտելեկտուալ խաղեր ենք կազմակերպում եւ մասնակցում։ Անցյալ տարվա նոյեմբերին Ստեփանակերտում տեղի ունեցած համահայկական ինտելեկտուալ փառատոնին մեր թիմը, որը ներկայացնում էր գլխավոր տնօրենը, գրավեց առաջին տեղը։
- «Էքսպերտիզայի» մեկ տարվա գործունեությունը հնարավորություն տալի՞ս է համեմատություններ կատարել նախկին ընկերության ցուցանիշների հետ։
- Համեմատելու դեպքում տեսնում ենք, որ մեր տված հավաստագրերի թիվն ավելացել է 2,3 տոկոսով, գումարային առումով աճը կազմել է 17 տոկոս։ Սա նաեւ նշանակում է, որ արտահանումն աճում է։ Մի շարք ընկերություններ կարող եմ նշել, որոնք արտահանման կայուն աճ են արձանագրելՙ «Արմենալը», «Մաքուր երկաթի գործարանը», Արտաշատի պահածոների գործարանը, Երեւանի կոնյակի գործարանը, «Թամարա» ՍՊԸ-ն, Երեւանի եւ Աբովյանի գարեջրի գործարանները, Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը եւ այլն։
Ի դեպ, այս եւ մի շարք այլ ընկերություններ շնորհավորել են մեր մեկամյա տարեդարձը։ Բոլոր նամակներում ընդգծվում էր բացասական երեւույթների վերացման փաստը մեզ մոտ։ Ասեմ, որ այդ երեւույթների պատճառ հանդիսացող մարդկանցից տնօրենի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ազատվեցի։ Անթույլատրելի եմ համարում, երբ մտնում են տնտեսվարողի գրպանը, որը պարտավոր չէ գումարներ տալ չինովնիկներին իրենց պարտականությունները ժամանակին եւ բարեխիղճ կատարելու համար։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ