«Արեւ» գիտաարտադրական ՓԲԸ-ն ամբողջապես ավարտել եւ արտադրության մեջ ներդնելու փուլին է հասցրել խտանյութերից մետաղների կորզման նոր տեխնոլոգիա։ Այդ արդյունաբերական կայանքն ունի օրական 1 տոննա մաքուր մետաղ կորզելու արտադրողականություն։ Երեկ ընկերության տնօրեն Գագիկ Մարտոյանը եւ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարության գիտության, տեխնիկայի, ինովացիոն քաղաքականության վարչության պետ Աշոտ Խանդանյանը լրագրողներին ներկայացրին նոր սարքի գործունեությունը եւ դրա հետ կապված այլ մանրամասները։
Մետաղների կորզման նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս խտանյութերից ստանալ բարձր մաքրության մետաղներ։ Օրինակՙ 99,95 տոկոս մաքրությամբ մոլիբդենի երկօքսիդ եւ եռօքսիդ, ոսկի, կապար, պղինձ եւ այլն։ Սարքը տնտեսապես շահավետ է, օգտագործում է քիչ էլեկտրաէներգիա, անհրաժեշտություն չի լինում կառուցելու կաթսաներ եւ վառարաններ, քանի որ մետաղները էլեկտրադիալիզատորի միջոցով կորզվում են հիդրոմետալուրգիական եղանակով։ Բացի տնտեսական արդյունավետությունից, նոր եղանակն անվնաս է բնապահպանական առումով։ Չկան արտանետումներ մթնոլորտ, ջրի աղտոտումներ եւ այլն։ Շրջափուլը փակ է, իսկ կիրառվող լուծույթնՙ անվնաս։
«Ազգի» հարցին, թե տեղական եւ դրսի արտադրողները շահագրգռություն չե՞ն ցուցաբերել նոր տեխնոլոգիայի ձեռքբերման եւ կիրառման համար, Գագիկ Մարտոյանը պատասխանեց, որ հետաքրքրությունն առկա է։ Աշոտ Խանդանյանն էլ ավելացրեց, որ արտադրողները դեռեւս պետք է լավ ծանոթանան այս սարքին եւ բնականաբար ձեռք բերելու համար ունենան լրացուցիչ շրջանառու միջոցներ։ Նա նշեց, որ Հայաստանի գիտատեխնիկական ներուժն ընդհանրապես ավելին է, քան նյութական արտադրությունը, որովհետեւ ստեղծվել է մեծ երկրի պահանջների բավարարման նպատակով։
Տեղեկացվեց նաեւ, որ նոր տեխնոլոգիաների ստեղծումը, չհաշված ներդրված գիտական մտքի արժեքը, մոտ 50 հազար դոլար է արժեցել։ Սակայն վաճառքի գինը բնականաբար այլ կլինի։ Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ Հայաստանը զանազան մետաղների հարուստ պաշարներ ունի (օրինակՙ պղնձի համաշխարհային պաշարի 2 տոկոսը եւ մոլիբդենի համաշխարհային պաշարի 7 տոկոսը), ակնհայտ է, որ տնտեսական օգուտը զգալի կլինի։
«Արեւ» ԳԱ մյուս արժեքավոր նորույթն արեւի էներգիայի օգտագործման նոր գեներատորն է։ Այս սարքը էլեկտրաէներգիա է տալիս նաեւ գիշերները։ Ի տարբերություն արեւի էներգիայի օգտագործման այլ սարքավորումների, ինչպես նշեց Գագիկ Մարտոյանը, իրենց գեներատորը շրջապատը դիտարկում է որպես ակումուլյատոր։ Այսինքնՙ կուտակում է արեւի սփռած ջերմությունը։ Սակայն գիտաարտադրական ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ նոր սարքը մինչեւ զանգվածային արտադրության համար պատրաստ լինելը դեռեւս մի քանի ամիս անհրաժեշտ է։
Ընկերության ստեղծած մեկ այլ տեխնոլոգիա արդեն կիրառվում է։ Խոսքը ռադիոակտիվ հեղուկ թափոնների վնասազերծման մասին է։ Մեծամորի ատոմակայանում տեղադրվել է այդ կայանքը, որի շահագործման արդյունքում էապես կրճատվել են ռադիոակտիվ թափոնների ծավալները։
Այժմ ընկերությունն աշխատանքներ է տանում աղուտների վերականգնման, ջրերի աղազրկման եւ մաքուր ջրի ստացման եւ մի շարք այլ նոր սարքավորումներ վերջնական տեսքի բերելու ուղղությամբ։
Սակայն գլխավոր խնդիրը, որը կանգնած է վերջիններս կյանքի կոչելու համար, «Արեւ» ԳԱ դեռեւս պետական լինելն է։ Որպես կանոն մասնավոր կառույցները խուսափում են գործարքներ կնքել պետական ձեռնարկությունների հետ։ Գագիկ Մարտոյանը գտնում է, որ անհրաժեշտ է սեփականաշնորհել ընկերությունըՙ հարակից փորձարարական տարածքների շահագործման իրավունքով։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ