Ինքնամերժումի խիզախությունը
Հրատարակության է պատրաստվում Էդուարդաս Մեժելայտիսի «Այստեղ Հայաստանն է» գիրքը, որում ամփոփված են լիտվացի գրողի Հայաստանին վերաբերող ակնարկները, հոդվածները, նամակներն ու բանաստեղծությունները։
Կազմողը եւ առաջաբանի հեղինակը գրականագետ Ֆելիքս Բախչինյանն է, խմբագիրըՙ պատմաբան Լավրենտի Բարսեղյանը։ Անդրադարձ է կատարված հայ մի քանի գրողների ստեղծագործություններինՙ Նարեկացուց մինչ Դավոյան։ Սույն հրապարակումը վերոհիշյալ գրքիցՙ տպագրվում է Համո Սահյանի մահվան 10-ամյակի առիթով (հուլիսի 16)ՙ աննշան կրճատումներով։
Ինձ համար միշտ էլ եւ զարմանք, եւ հիացմունք է առաջացրել շփումը հայ գրականության ե՛ւ հների, ե՛ւ նորերի հետ։ Դա շփում է մեծ կորուստներ ու հայտնություններ տեսած մի ժողովրդի հետ, որն ի սկզբանե լինելով մեծ քաղաքակրթությունների խաչմերուկում, բախտի եւ ճակատագրի դաժան բերումով, միշտ էլ թարմ է պահել կյանքի, արվեստի ու լույսի նկատմամբ իր զգացողությունը։ Եվ այդ ամենաբարձրյալ ու մեծ կորուստների շնչահեղձության հասնող սթափ գիտակցումը երգի ու արվեստի նկատմամբ իր մշակներին տվել է դասեր, որոնք զգալու եւ հասկանալու համար հարկ է այդ ժամանակահատվածը շերտատել ըստ լայնության ու խորության կտրվածքի, որից հետո միայն կարելի է պատկերացում կազմել տվյալ դարաշրջանի, նրա արվեստագետների, ներհակությունների, խիզախումների ու նաեւ թուլությունների մասին։ Եթե ժամանակները եւ նրա վավերագրերը նրա համար են, որ իրենցով բացահայտեն տվյալ ժամանակի մեծ անհատներին, ապա մեծ անհատներն էլ նրա համար են, որպեսզի իրենցով բացահայտեն իրենց ապրած ժամանակները եւ նրա վավերագիրներին։ Ինձ համար այդպիսի ազնիվ մշակ է հայ բանաստեղծ Համո Սահյանը։
Նրա մասին առաջին անգամ լսել եմ 70-ական թվականներին, մեր ամենախիզախ բանաստեղծներից մեկիցՙ Պարույր Սեւակից։ Նա ինձ համար անհասկանալի երկյուղով ու հպարտությամբ էր տալիս նրա անունըՙ շեշտելով նրա զուլալ ու անսպառ ակունքների մասին։ Թվում էՙ վարպետ Սեւակի եւ Սահյանի ստեղծագործությունների զուգորդումը կարող է ժխտել այս պնդումը, բայց ներքին խորքերի գիտական ու ազնիվ քննությունը նրանց իրենց բոլոր աղերսներով մերձեցնում է միմյանցՙ ի մի բերում ինքնամերժումիՙ արվեստի համար դժվարին մի կետի վրա։ Այստեղ սկսվում է արվեստի մեծ կյանքը կամ կյանքի մեծ արվեստը։ Ապագա տարիները ցույց տվեցին, որ իմ բարեկամ Սեւակը երիցս իրավացի էր։ Հայաստանում այն (ըստ իս) թյուր կարծիքը կար, թե Համո Սահյանը սոսկ բնության բանաստեղծ է։ Սակայն բնությունը Սահյանի մոտ պոեզիայի, ցավի, ուրախության ու հրճվանքի վերածված այնպիսի միագումար է, որին պետք է ոչ թե պահանջներ ներկայացնել, այլՙ ենթարկվել։ Այդպես հնազանդվում ես ուսերիդ իջնող ջրվեժին, հայրական հոգնած աջին, հոգսի քո հասանելիք բեռին։ Նրա համար մետաֆորը, յամբը եւ ալեգորիան այդ բնությանն օժտում են մի պատրանքով, որ որքան անհավանական է, նույնքան հավաստի, որքան անբնական, նույնքանՙ անառարկելի։
¬ Արժեքավորը, կարեւորն ու գնահատելին այն է, որ նրա նույնիսկ սոսկ բնության վերաբերյալ բանաստեղծությունների հիմքում մարդն էՙ բնության պես մեծ, բարեհոգի ու լայնաշունչ մարդըՙ իր բոլոր կորուստներով, հայտնություններով, ցնծություններով ու հոգու մաքուր ծփանքներով։ Վարպետիՙ բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ, քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ։ Ավելի ճիշտՙ հարստացնում։ Իսկ էլ ավելի ճիշտՙ մինչեւ այդ օրերը հասցնում մարդու զգացմունքի, կարոտի, սիրո ու ցավի երկարակեցության պարամետրերը, լայնացնում նրա կենսագրության սահմանները։ Հենց դրանով է Սահյանն ընթերցողի մեջ ավելացնում գույնի, տարածության ու անաղարտության նոր շերտեր։ Հենց դրանով է նա մեզ մասնակիցը դարձնում բոլոր ու բոլոր ժամանակներին, կրճատում մարդու մարդկայնությամբ հարստանալու այն ժամկետները, ինչն արվեստի նպատակն է եղել ի սկզբանե։ Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ, նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ (եւ ոչ միայն հայ) պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում։
...Իմ արցունքների հատիկները տաք /Ես թաղել էի /Գերեզմանոցի սալերի վրա։ /Մազարմատներ են արձակել նրանք, /Ծլել են նրանք սեւ սալերի մեջ. /Եվ կանաչ-կանաչ մամուռ են դարձել /Իմ արցունքների հատիկները տաքՙ /Գերեզմանոցի սալերի վրա /Եվ սալերի տակ...
Սա ռոմանտիզմի եւ ռեալիզմի, մահվան եւ անմահության հաշտեցման տխուր ու հիասքանչ մի ձոն է, որի կատարման վարպետությունն իսկ գերազանցում է իր իսկ թեմայի բերած ողբերգությունը, կյանքն իր անմերժելի վախճանով հանդերձ դարձնում ոչ այնքան զարհուրելի, որին մեզ հաշտեցրել են արվեստի սառը դպրոցները։
Մեծ բնության հետ այսպիսի մեծ երկխոսությունը մեզ ազատում է այն հարցից, թե բանաստեղծն արվեստի ինչ սկզբունքներով է աշխատում (դասական, մոդեռնիստական), որ դարաշրջանում է ապրել (հին վեդաների՞, Վերածննդի՞, թե՞ սիմվոլիզմի)։ Նրա համար կարեւորը նյութի հաղթահարումն էՙ ազնիվ դիմադրության այն ճանապարհը, որ մեզ հասու է դարձնում այլ լեզուներով ու դարաշրջաններում ստեղծված պոեզիայի պտուղներին։
Բանաստեղծ Սահյանի համար կերպարային լիարժեքության իրավունք են ստացել Հիշողությունը եւ Ցավը, դրանք այն ազնիվ ու խոշտանգյալ փայտերն են, որոնցից ստեղծվել է նրա պոեզիայի խաչը։
Օրը մթնեց, ժամն է արդեն /Իրիկնահացի, /Տխրությունը կամաց-կամաց /Փոխվում է լացի։
Այնուհետեւ մենք սրընթաց կերպով տեղափոխվում ենք հովվերգական, մաքուր ու բնապաշտական մի աշխարհ, ուր քեզ զգում ես ազնիվ ու տոհմական գերդաստանում, զգում քո երազների երկնքի մեջ, բարձրՙ քեզնից, քո միֆերից ու քո քաղաքակրթությունից։ Սա փախուստ չէ այսօրվա մեզ շրջապատող կյանքից, այլ այդ շրջապատն առավել մաքուր տեսնելու ձգտում։ Սա հետդարձ էՙ առավել անսխալ եւ համարձակ առաջ գնալու նախաքայլ։ Այստեղ է Սահյանը ժամանակակից, նորՙ եւ ձեւով, եւ բովանդակությամբ։
Բանաստեղծի հիշողությունը մեր աչքի առաջ կարծես խախտում է չափման երեք միավորներըՙ հենց դրանք մի անգամ եւս հաստատելու նպատակով, խախտում վարպետորենՙ նույնիսկ մեր համաձայնությունը չհայցելով։
Մամուռներում կորան /Արահետ ու կածան, /Էլ խնկահոտ երկինք /Ու շաղոտ հող չունեմ։ /...Լռած զանգ է կյանքս, /Եսՙ ավերակ վանքս, /Էլ աղոթող չունեմ։
Հիշողության բաց դարպասների միջով է նա ուղեկցում դեպի բանաստեղծական այնպիսի աշխարհներ, ինչպիսիք են «Նաիրյան դալար բարդի», «Ժամանակները խառն են ու խրթին», «Գալիս է հոտը», «Յոթ ձիավորի բալլադը» եւ այլ բանաստեղծություններ։ Դրանք սոսկ բանաստեղծություններ չեն. դրանք մի-մի պատմություններ են հայ ժողովրդի մասին, որոնք առանց վարպետության ռիթմի ու հանգերի էլ նույնքան գեղեցիկ կլինեին, արվեստով ու կյանքով լեցուն։ Որովհետեւՙ գալիս են կյանքից ու արվեստից, հիշողությունից ու ցավից, որ իսկական արվեստի մայրն էՙ գեներ կրող այն ֆենոմենը, որ ոչինչ չի կորցնում այլ սերունդներին ու գրականություններին փոխանցվելիս։ Նույն զգուշությամբ ու քնքշանքով ես վերաբերվում նաեւ բանաստեղծի կորուստներին, զղջմանն ու ցավին։
Գնում ես, էլ ի՞նչ ասեմ, /Սովոր եմ, կդիմանամ, /Թող կուրծքս մի քիչ ցավի, /Որ սրտիս տեղն իմանամ։
Սա Ցավն է, ուրիշի ցավը մեղմացնող ցավը, պոեզիայի այն քաղցր սուտը, առանց որի իրականությունը կդադարեր գոյության պարզագույն իրավունքից։
Դա արվեստագետի միակ ու անթաքույց պարգեւն է իր կրած անխոս տառապանքների ու անպատասխան սիրո դիմաց։ Դա պարգեւներից մեծագույնն է, քանի որ ձեռք է բերվել մեծագույն տվայտանքների գնով, ձեռքի մեջ այրվող մոմի դաժան լույսի գնով։ Պոեզիայի գնով։
Այդպիսի պոեզիա է մեզ ուսուցանում հայ քնարերգության այսօրվա վարպետըՙ Համո Սահյանը։ Նա իր բանաստեղծություններից մեկում գրում է.
Եվ ինչ է տվել ինձ բնությունը. /Հավիտյան նորոգ իր հնությունը, /Ինքնամերժումի խիզախությունը, /Ինքնության պատիվն ու թանկությունը, /Ինքն իր մեծությամբ չպարծենալու /Երջանկությունը...
«Ինքնամերժումի այս խիզախության» մեջ է, բանաստեղծի խոսքերով ասած, «իր իսկ էության փախած բեւեռներն իրար բերելու» կարողությունը, որի պոետիկ հաստատումը Հ. Սահյանի բանաստեղծական ընտրանին է, որ ոչ միայն հայ, այլեւ մեր ամբողջ խորհրդային գրականության հպարտությունն է, հարստությունը։
Լիտվերենից թարգմանեց ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ