«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2003-07-19 | #138, 2003-07-22 | #139, 2003-07-23


ԿԱՆԱԴԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ

Առաջին այցից հետո

Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբն արդեն չորս տարի համագործակցում է Հայկական բարեգործական ընդհանուր միության սկաուտական խմբերի հետ։ Սփյուռքահայ երիտասարդները այցելում են Հայաստան ոչ որպես զբոսաշրջիկներ, այլՙ հայրենիքը շենացնողներ։ Նախապես տեղեկանալով, թե հայրենի ո՞ր օջախներն են կարոտ ուշադրության, վերանորոգման ու բարեկարգման, նրանք հովանավորներից որոշակի օժանդակություն են ստանում ու գալով հայրենիքՙ աշխատելու հետ մեկտեղ շրջագայում են։

Մոնրեալից ժամանած մի խումբ կանադահայեր հուլիսի 14¬30¬ը հյուրընկալվել են Երեւանի մանկական վերականգնողական կենտրոնում, որը կարիք ունի խաղահրապարակների մաքրման, ծաղկապատման, սենյակների վերանորոգման եւ բարեկարգման այլ աշխատանքների։

Կենտրոնի աշխատակազմի եւ այնտեղ բուժվող երեխաների հետ ամենօրյա շփումները սփյուռքահայ երիտասարդներին ավելի ճանաչելի եւ շոշափելի են դարձնում հայաստանյան իրականությունը։ Ծանոթության առաջին պահից հիանում ես նրանց վարժ ու սահուն հայերենով ու վերստին համոզվում, որ կանադահայերն, իրոք, խստապահանջ են մայրենի լեզուն պահպանելու խնդրում։ Երիտասարդներից շատերն առաջին անգամ են հայրենիքում։ Մեր երեկվա հանդիպման ընթացքում նրանք խոսեցին տարբեր հարցերի մասին. ինչպե՞ս են զգում Հայաստանում, հարազա՞տ միջավայրում են, ի՞նչ տպավորություններ ունեն, ինչ փոփոխություններ կլինեն նրանց կյանքում հայրենիք այցելելուց հետո եւ այլն։

Խմբի ղեկավար Լորի Քուչիկյանը հայտնեց, որ սա Մոնրեալից եկած առաջին սկաուտական խումբն է, որի 3 շաբաթյա փորձառությունը կփոխանցվի հայրենիքում դեռեւս չեղած երիտասարդներին։ Կգան նորանոր խմբեր եւ իրենց հայրենասիրությունը կարտահայտեն կոնկրետ գործերով։ Այս խումբն ուրախ է ու խանդավառ, քանի որ հայրենիքում օգտակար գործ կատարելու ու հայրենի բնությամբ հիանալու փափագն արդեն իրականություն է դարձել։

Նախորդ օրն, իրենց խոսքով, «խենթանալիք» Սեւանում էին անցկացրել ու լավ այրվել։ Երջանիկ են, որ ամենուրեք հայերեն են խոսում, որ մարդկանց օգնելու ու բարի գործ կատարելու հնարավորություն ունեն։ Աշխատասիրությամբ ամենից շատ աչքի է ընկել Թենին, որին գովեցին բոլորը։ Նա այնպես է տարվում աշխատանքով, որ մոռանում է անգամ ճաշելը։

Բոլորն էլ իրենց կապված են զգում հայրենիքին, խորթության որեւէ զգացում չունեն։ Մարդիկ այնքան հարազատ են ու ջերմ, որ իրենք տուն դառնալու ցանկություն չունեն։ Նույնիսկ էլ. փոստով ծնողներին նամակ են գրել, որ նրանց բնավ չեն կարոտել։

Հայաստանում մի քանի տարի հետո հաստատվելու մտադրություն ունեն գրեթե բոլորը։ Արենը նշեց, որ գալուց առաջ մի տեսակ վախ ուներ, թե իրեն օտար պիտի զգա այստեղ, բայց հիմա իրեն հայաստանցի է զգում, անգամ զբոսաշրջիկի տպավորություն չի ուզում թողնել, որպեսզի չտարբերվի տեղացիներից։ Հայաստանյան կյանքի դժվարությունները նրան չեն վախեցնում, որովհետեւ մարդիկ այստեղ ավելի հեշտ են դիմանում դրանց։ Հենց այդ պատճառով էլ իր աչքին դրանք սարսափելի չեն թվում։

Երիտասարդների համար Երեւանում կյանքն ավելի հետաքրքրական է, քան Մոնրեալում, ուր երեկոյան ժամը 10¬ից հետո դրսում լինելը տարօրինակ է համարվում, չկան համեղ մրգեր, հատկապես ծիրան, որի համից նրանք ուղղակի չեն կշտանում։

Երեւանի ջուրը, Սեւանի սիգը, Հայաստանի լոլիկն ու վարունգը փնտրված ու չգտնված են Մոնրեալում։

Հայրենիքի համն ու հոտը նրանք ճաշակում են այստեղ ու վերադառնալու եւ մշտապես հաստատվելու վերջնական որոշում կայացնում։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4