«Վավերագրողը» ֆիլմի առաջին հաջողության առիթով....
Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը ճանաչված անուն է հայ եւ միջազգային կինոաշխարհում։ Նրա նկարահանած 6 վավերագրական եւ 4 խաղարկային ֆիլմերը հանդիսատեսին գրավել են թե բովանդակային, թե ինքնատիպ կինոլեզվի առանձնահատկություններով։ Միջազգային պարգեւների ու մրցանակների են արժանացել «Կոնդը»ՙ նկարահանված 1987 թվականին, «Սպիտակ քաղաքը»ՙ 1988 թ., «Քամին ունայնության»ՙ 1989 թ., «Վերադարձ ավետյաց երկիր»ՙ 1991 թ., բոլորն էլՙ «Հայֆիլմ» կինոստուդիայում։
Նրա վերջինՙ «Վավերագրողը» ֆիլմի նկարահանումն ավարտվեց 2003 թվականի հունվարին։ Ֆիլմը ընդգրկվեց Մոսկվայում կայացած «Նիկա» միջազգային մրցանակաբաշխության լավագույն հնգյակի մեջ, իսկ մոտ երկու շաբաթ առաջ, ինչպես «Ազգը» գրել էր նախապես, Կարլովի Վարիի 38¬րդ միջազգային կինոփառատոնում արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին։ Ֆիլմի վերնագիրն արդեն իսկ հուշում է, որ ֆիլմի հերոսը ռեժիսոր¬վավերագրող է։ Նա իր փոքրիկ խմբով նկարահանում է տարբեր սյուժեներ, որոնք առաջին հայացքից, թվում է, կապ չունեն միմյանց հետ, բայց կողք-կողքի դրվելովՙ ներկայացնում են 90-ականների Հայաստանի իրական ու ամբողջական պատկերը։ Անցումային շրջանի դժվարին կյանքի համայնապատկերն է կադրերումՙ նորածիններ, ծնողազուրկ երեխաներ, թափառական շներ, մեղավոր ու անմեղ կալանավորներ, որոնց ամենածանր պահին անգամ չի լքում հույսը...
Չեխիայից օրերս վերադարձած Հարություն Խաչատրյանը երեկ մամլո ասուլիս էր հրավիրել «Մոսկվա» կինոթատրոնում։ «Ինձ համար այնքան անսպասելի էր այս մրցանակը։ Կարծում էի, թե պարզ ու հասարակ, անշուք, վատ ժապավենով նկարահանված մեր ֆիլմը դուր չի գա հեղինակավոր կինոգործիչներին ու եվրոպական հանդիսատեսին, սակայն մեծ էր ուրախությունս, երբ մոտենում էին ինձ ու ասում, որ ֆիլմը արտացոլում է նաեւ իրենց կյանքը, այսինքնՙ համամարդկային է։ Դրանից ավելի բարձր գնահատականի չէի սպասում», ասաց պրն Խաչատրյանը։ Ֆիլմից իրենց հիացմունքը չեն թաքցրել անգամ ժյուրիի անդամները, որոնց արգելված է որեւէ կինոռեժիսորի գովեստի խոսք ասել։
Հարություն Խաչատրյանն արդեն հրավերներ է ստացել մասնակցելու Կանադայում, Կորեայում, Իսրայելում, Մ. Նահանգներում կայանալիք կինոփառատոներին։
Միքայել Ստամբոլցյանի սցենարով ստեղծված ֆիլմը մեր կինոհանդիսատեսը առաջին անգամ դիտելու հնարավորություն կունենա սեպտեմբերին։
Կինոռեժիսորի հաջորդ աշխատանքը «Աշուղ Ջիվանի» ֆիլմն է, որը 2002 թվականից «Հայֆիլմի» արտադրության մեջ է եւ կավարտվի այս տարվա դեկտեմբերին։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ