«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2003-07-30 | #145, 2003-07-31 | #146, 2003-08-01


ԻՍԿ ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻ՞ՌԸ

Թվում էՙ արդեն ամեն ինչ ասված է խորհրդարանական վերջին ընտրությունների մասին եւ այլեւս ոչինչ չկա ավելացնելու։ Մնում է միայն առաջիկա սեպտեմբերին դիմագրավել եվրոպական կառույցների կշտամբանքները, եւ ամեն ինչ կավարտվի բարեհաջող, մինչեւ... հաջորդ ընտրություններ։

Սակայնՙ ոչ։ Պարզվում է, որ դեռեւս կա մի կարեւոր հարց, որն աչքաթող է արվել գոնե մեր կողմից եւ որը շատ էական է հետընտրական մթնոլորտի կայունացման, հասարակական ու պետական առողջության տեսակետից։ Դա խորհրդարանում չներկայացված ընտրազանգվածների պարագան է։

Վերջերս, ընտրություններում 5 տոկոսի արգելքը պաշտոնական տվյալներով չհաղթահարած մի քանի կուսակցությունների ղեկավարների հետ կայացած խոսակցությունների ընթացքում պարզվեց, որ նրանցից յուրաքանչյուրն իր համար դիտարկումներ է արելՙ ստուգելու, թե ովքե՞ր են իրենց ձայն տվել։ Այդ դիտարկումներից պարզվում է, որ ՀՌԱԿ-ին, ՀԺԱՄ-ին, «Հզոր հայրենիքին» եւ «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքին ձայն տված քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մտավորականության ներկայացուցիչներ են եղել։ Այլ խոսքովՙ եթե նույնիսկ որպես ճշմարտություն ընդունենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկարած ձայների քանակը, ապա վերոհիշյալ չորս կուսակցությունների հավաքական ձայները, որոնք կազմում են շուրջ 162 հազար, ստացվել են գերազանցապես մտավորական խավիցՙ բժիշկներ, ուսուցիչներ, ինժեներներ, լրագրողներ, մտքի աշխատավորներ։ Այսինքնՙ մոտավորապես 162 հազար ինքնուրույն մտածել իմացող մարդիկ զրկվել են Ազգային ժողովում ներկայացուցիչ ունենալու իրավունքից։

Անշուշտ, չի կարելի վերեւի տվյալները հաստատել կամ ժխտել սոցիոլոգիական հարցման արդյունքներով։ (Հայաստանում ոչ ոք հետընտրական շրջանի հասարակական կարծիքի քննություն չի կատարում)։ Սակայն կարելի է այդ տվյալներն արժանահավատ համարել տրամաբանության ուժով, բացառման օրենքով։ Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի մտավորական խավն ընդհանրապես չի համակրում Հանրապետական կուսակցությանը եւ նրա լիդերներին, չի հավատում եւ չի հավատացել «Օրինաց երկրի» բլեֆներին, խորշում է, վախենում ՀՅԴաշնակցության իշխանության գալու հեռանկարից, փրկչական որեւէ առաքելություն չի վերագրում Արտաշես Գեղամյանին ու նրա կազմակերպությանը, չի ուզում խաբվել «Արդարություն» դաշինքի արկածախնդիրներից, ծանոթ չէ եւ չի էլ ուզում ծանոթանալ ՄԱԿ-ին ու նրա մականունավոր ղեկավարին։ Մինչդեռ այդ բոլորն անցան խորհրդարան, որտեղ նրանցից ոչ մեկը, բացարձակապես ո՛չ մեկը չի կարող ներկայացնել ո՛չ ՀՌԱԿ-ի, ո՛չ ՀԺԱՄ-ի եւ ո՛չ էլ Լյուդմիլա Հարությունյան-Գագիկ Ասլանյան դաշինքի հետեւորդներին եւ ընտրազանգվածներին։ Ո՛չ խորհրդարանում եւ ոչ էլ, առավել եւս, կոալիցիոն կառավարության մեջ։ Արդյունքումՙ ավելի քան 162 հազար մտավորականներ, այսինքնՙ ինքնուրույն մտածող եւ անկաշառ մարդիկ հայտնվել են ազգային-քաղաքական կյանքի լուսանցքներում։ Որեւէ մեկը խորաչափե՞լ է, թե դա մեր երկրի համար ինչ է նշանակում։

Իհարկե, կարելի է առարկել, թե բոլոր քվեարկողների ձայները հավասար են, յուրաքանչյուրն ունի հավասարազոր մեկ եւ միակ ձայն։ Սակայն քաղաքական կյանքում, այն էլ մեր իրավիճակում գտնվող երկրի կյանքում, որտեղ հասարակության վստահության հարցը գլխավոր խնդիրն է թե՛ ազգային անվտանգության եւ թե՛ տնտեսական զարգացման տեսակետից, հենց այդ խավի, մտավորականության ձայնը, վստահության քվեն ավելի մեծ տեսակարար կշիռ ունի, քան մնացածինը։

Ողբալիորեն տարօրինակ է, որ հենց այս հանգամանքն անտեսեցին ընտրությունների կազմակերպիչներն ու գլխավոր դերակատարները։ Այդ թվումՙ խորհրդարան անցած եւ կոալիցիոն կառավարություն կազմած կուսակցությունները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4