«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2003-07-30 | #145, 2003-07-31 | #146, 2003-08-01


ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՋՈՂՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Գերմանա-հայկական հիմնադրամի (GAF) վարկերի վերադարձելիությունը 99 տոկոս է։ Այս մասին երեկ նշվեց հիմնադրամի դիտորդ խորհրդի եւ ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ջավադյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, որի նպատակն էր ներկայացնել հիմնադրամի 3,5 տարվա գործունեությունը Հայաստանում։

Արթուր Ջավադյանը հայտնեց, որ հիմնադրամը ստեղծվել է համաձայն նախ երկու երկրների կառավարությունների, ապա ՀՀ Կենտրոնական բանկի եւ KfW գերմանական բանկի միջեւ կնքված պայմանագրերի։ 1999 թ. մարտից հիմնադրամը սկսել է իր գործունեությունը։ GAF-ի հայկական կողմի կառավարումը ստանձնեց Կենտրոնական բանկը, իսկ որպես տեխնիկական օժանդակություն տրամադրող կազմակերպություն ընտրվեց IPC խորհրդատվական ընկերությունը։

Անցած տարիների ընթացքում (1999-2003 թթ.) հիմնադրամը տրամադրել է ընդհանուր առմամբ 5689 վարկ 24 մլրդ 820 մլն դրամ արժողությամբ։ Ժամկետանց վարկերը թվով 39-ն ենՙ մոտ 42 մլն դրամ արժողությամբ, որն ընդհանուրի 0,4 տոկոսն է կազմում։ Ստեղծվել է 4 հազար աշխատատեղ եւ պահպանվել 8 հազար նախկինում ստեղծվածը։

Ծրագրի նման արդյունավետությունը հիմնադրամի ներկայացուցիչը պայմանավորեց երկու կարեւոր գործոնով։ Առաջինը, որ այն ամբողջությամբ եւ լիովին վերահսկում է Կենտրոնական բանկը։ Երկրորդը, որ կիրառվում են նոր վարկային տեխնոլոգիաներ։ Համաձայն դրանց, առեւտրային բանկերը զարգացնում են շուկան ստորին հատվածներումՙ փոքր տնտեսվարող սուբյեկտներիՙ գյուղացիական տնտեսությունների եւ ցածր եկամտով այլ սուբյեկտների ֆինանսավորումը դարձնելով իրենց աշխատանքի արդյունքի անբաժանելի եւ շահութաբեր մասը։ Գլխավոր խնդիրն այն է, որ բանկերն իրենց նպատակներին հասնեն միկրո եւ փոքր վարկավորման միջոցով ու համոզվեն, որ դրա շնորհիվ կհաջողվի զարգացնել նաեւ իրենց գործունեությունը։

Արթուր Ջավադյանը հայտնեց, որ բանկերն ընտրվել են մրցութային եղանակով։ Դրանք չորսն են։ Առաջինը «Հայգյուղփոխօգնության բանկն» է (ACBA)ՙ 6,5 մլն եվրո, երկրորդը «Անելիքը»ՙ 3 մլն եվրո, երրորդը «Հայէկոնոմբանկը»ՙ 2 մլն եվրո, չորրորդըՙ «Կոնվերս բանկը»ՙ 1 մլն եվրո։ Բանկերի ընտրության համար կարեւոր գործոն է նրանց ֆինանսական կայունությունը։ Վարկերը տրամադրվում են հայկական դրամովՙ 18-22 տոկոսով։

Տեղեկացվեց, որ գերմանական կողմը որոշել է տրամադրել եւս 4,5 մլն եվրո։ Այդ պայմանագիրը կսկսի գործել աշնանը։ Դրանով հանդերձ, Գերմանա-հայկական հիմնադրամի ներդրումային փաթեթը կկազմի գրեթե 17 մլն եվրո։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4