«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2003-07-31 | #146, 2003-08-01 | #147, 2003-08-02


ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ Ի ՀԱՅՏ ԲԵՐՈՒՄ

Ինչպես ճիշտ գտնել աղքատից աղքատին

«Ազգի» հուլիսի 10-ի համարում տպագրված «Սոցիալական խարանի դատապարտյալները» հոդվածը մեծ արձագանքներ ունեցավ։ Էլեկտրոնային փոստով մենք բազմաթիվ նամակներ ստացանք արտերկրից, որոնց հեղինակներից մեկն էլ խնդրում էր ծայր թշվառության մեջ հայտնված ընտանիքների հասցեներն ու նրանց մասին լրացուցիչ տեղեկությունՙ հավանաբար նրանց գտնելու եւ օգնելու նպատակով։ Մեզ զանգահարեցին նաեւ սոցիալական ապահովության նախարարությունից։ Մի քանի օր առաջ սոցիալական աջակցության վարչության պետի տեղակալ, նպաստների բաժնի պետ Գրետա Գրիգորյանը եղել է Կոտայքի մարզի Ակունք գյուղում, մեկ-մեկ հանդիպել հոդվածում հիշատակված այն ընտանիքներին, որոնք դուրս են մնացել ընտանեկան նպաստների ցուցակներից։ Տիկին Գրետայի հետ հանդիպումն առիթ դարձավ կրկին շոշափելու ընտանեկան նպաստների արդարացիության չարչրկված թեման։

- Իրոք, իմ այցելած բոլոր ընտանիքների բնակարանային պայմանները վատ էին, բայց դա անապահովության գնահատման միակ չափորոշիչը չէ։ Նկատի են առնվում նաեւ հողագործությունից, անասնապահությունից ստացած եկամուտները։ Ընդ որում, դրանք մենք գնահատում ենք գյուղնախարարությունից ստացած չափորոշիչներով, ասենք, տարեկան ինչքան եկամուտ կարող է տալ գյուղացուն մի գլուխ խոշոր եղջերավոր անասունը, կամ տարբեր տեսակի հողերը ինչքան եկամուտ են խոստանում ընտանիքին։ Սրանց հետ հաշվի է առնվում նաեւ անչափահասների, տարբեր կարգերի հաշմանդամների առկայությունը ընտանիքում։

- Հողը մշակելը թանկ հաճույք է գյուղացու համար, շատ հաճախ վեր նրա ուժերից։

- Եթե մարդը սեփականաշնորհված հող ունի, ուրեմն պիտի մշակի, տվել են, որ մշակի։ Եթե չի մշակում, ի վիճակի չէ մշակել այն, ուրեմն պիտի հետ վերադարձնի։ Եթե վերադարձնի, հողի եկամտի հաշվարկն իրենից դուրս կգա։ Հատկապես սակավահող Հայաստանում ոչ մեկի այդպիսի իրավունք չի տրված։

- Գուցե նա մտածում է, որ ոչինչ, այս տարի հնարավորություն չունի, մյուս տարի կմշակի, հողը նրա համար հույս է, երեւի երբեք իր կամքով չի զիջի։

- Պատկերացրեք, 300 հազար ընտանիք ողջ Հայաստանում. ոչ մի կերպ հնարավոր չէ ստուգել, թե իրականում ով ինչքան հող մշակեց եւ ինչքան եկամուտ ստացավ։ Դրա համար հատուկ կարգ է մշակվել. նկատի են առնվում հողի պետական կադաստրային արժեքը եւ դրանից ստացվող եկամտի արժեքը, օրինակ, ինչքան կլինի առաջին կարգի վարելահողից ստացված եկամուտը։ Այդ տվյալները ստացվում են համապատասխան գերատեսչություններից, եւ մենք հաշվարկը կատարում ենք ելնելով բացառապես այդ տվյալներից։ Իհարկե, հակառակ իրողությունն էլ է հնարավոր, որ գյուղացին մեր հաշվարկած թվերի համեմատ տասնապատիկ ավելի եկամուտ ստանա։ Լավ մշակում է, բարեխիղճ էՙ ստանում է։ Բայց դա էլ չի հաշվարկվում։

Հիմա Ակունքի շուրջ 80 ընտանիքներ, իրենց համագյուղացի Նորիկ Պետրոսյանի հովանավորությամբ եւ նախաձեռնությամբ, մեկնել են Կալուգաՙ արտագնա աշխատանքի։ Եվ իրենց ասելով, այնքան եկամուտ են ստանում, որ իրենց բավարարում է ողջ տարին։ Այդ եկամուտը ինչպե՞ս կարող ենք նկատի առնել, կամ մեզ ո՞վ կներկայացնի որեւէ փաստաթուղթ այդ մասին։

Պարզապես, բոլորը հայտնվել են պահանջողի դերում, եւ մենք էլ նրանց հետ։ Ոչ ոք չի խոսում, թե ինքն ինչ է անում։

- Օրվա հացի կարոտ գյուղացին ի՞նչ պիտի անի։

- Ոչ ոք նրանից ոչինչ չի պահանջում, բայց չմոռանանք, որ մենք գործում ենք եղած օրենքների ու կարգերի հիման վրա եւ չենք կարող ամեն մեկի համար առանձին համակարգ կառուցել։ Չափորոշիչների հնարավորինս լավագույն տարբերակը համարվում է այսօր գործողը, որը ամեն օր կարող է կրկին փոփոխությունների ենթարկվել։

- Մեկ է, ի վերջո, չափորոշիչները չեն արդարացնում իրենց, եւ թշվառ ընտանիքը կարող է հայտնվել ընտանեկան նպաստների ցուցակից դուրս։

- Այդ կարգի ընտանիքներին, իբրեւ խնդրի լուծման ուղի, ամեն ամիս միանվագ դրամական օգնությունՙ 4000 դրամ ենք տալիս։ Եռամսյակը մեկ իրավիճակը վերանայվում է, մենք ունենք ընտանիքներ, որոնք ողջ տարին ստանում են այդ նպաստը։

- Խոստովանենք, որ դա էլ խորհրդանշական թիվ է։

- Մեր աշխատավարձերն էլ խորհրդանշական են, պետության այսօրվա հնարավորություններն են այդպիսին։ Աղքատներն առաջինը մեր նախարարության դուռն են ծեծում, երեւի միակ դուռը նախարարություններից, ուր կարող է ոտք դնել սոված մարդը։ Եվ առաջինը մենք կուրախանանք, եթե պետությունից նրան տրվող գումարները մեծանան։ Օրը երեւի մի 50 մարդ գալիս է, իսկ եթե հանկարծ նպաստն ուշանում է, այդ օրերին հարյուրավորներն են գալիս։ Այսինքն, այդ նպաստները ինչքան էլ խորհրդանշական լինեն, անհրաժեշտ են մարդկանց։ Մարդ կա, դրանք գումարում է իր թոշակին ու դրանով իր գլուխը պահում։

- Գուցե աղքատության տարբերակման խնդրում չափորոշիչներին ապավինելն է սխալ։

- Ընդհանրապես ամբողջ աշխարհում խիստ դժվար է գնահատել աղքատությունը, Հայաստանումՙ առավել եւս, որովհետեւ մեզանում փաստացի չկա եկամուտների հայտարարագրում, չնչին տոկոսն է հայտարարագրում, այն էլ պետական պաշտոնյաներն ու ծառայողները։ Հնարավոր է, նրանք էլ ճիշտ տվյալներ չեն տալիս։ Եվ եկամուտների հիմքի վրա ընտանիքի անապահովության գնահատումը պարզապես անհնար է դառնում։ Դրա համար այլ չափորոշիչներ եւս հաշվի են առնվում։

Ընտանեկան նպաստների համակարգի ներդրումից ի վեր, աղքատության չափորոշիչները բազմիցս փոփոխությունների են ենթարկվել։ Հազարավոր ընտանիքներ դուրս են եկել նպաստների ցուցակներից։ Չափորոշիչները շարունակում են սրբագրվել, կրճատվել ու լրացվել նոր դրույթներով, սակայն հուսակտուր հայացքը պետությանը հառած մարդկանց մի հոծ բազմություն դարձյալ մնում է ուշադրությունից դուրս։ Պետության ձեռքերը չեն հասնում նրանց։ Եթե գյուղացին մի գլուխ անասուն ունի, դա չի նշանակում, որ ընտանիքը նպաստից զրկելու հիմնավոր պատճառ կա։ Շատ հաճախ ընտանի կենդանին ընդամենը օրվա միօրինակ ու նվազ սնունդն է ապահովում։ Նույնկերպ եւ ծանր տառապանքով ստեղծված ու չնչին գնով շուկայում իրացվածի արդյունքը։ Պարզ է, ինչքան էլ բարեփոխվեն, չափորոշիչները միայն պայմանական ճշմարտությունն են ի հայտ բերելու, քանի դեռ նպաստառուի եկամուտ ասվածը հաշվարկվելու է այն սկզբունքներով, ինչ այժմ է։ Նույնիսկ անլուծելի թվացող իրավիճակներում լուծումներ գտնելն ու փոփոխություններ անելը պետության պարտավորությունն է, եթե իսկապես նա իրեն համարում է սոցիալական պետություն։ Կարեւորըՙ հասարակության ծանրակշիռ բաղադրամաս այս շերտին չպետք է վերաբերվել ինչպես աղքատ ազգականի։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4