«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2003-08-01 | #147, 2003-08-02 | #148, 2003-08-21


ՏՈՒԺՈՂ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է «27»-Ի ԳՈՐԾՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Դատարանում ավելանում է ընդդիմությո՞ւնը

Այսուհետեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող դատավարությանը կմասնակցեն տուժող Սմբատ Այվազյանի (ներկայումս ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցություն) շահերի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը եւ Լեւոն Եղիազարյանը։ «27»-ի դատավարությունը շարունակվում է արդեն տարիներ, սակայն Սմբատ Այվազյանը դատական նիստերին ներկայացուցիչ չի ունեցել։ Մենք հետաքրքրվեցինք Արտակ Զեյնալյանից, թե ինչով է պայմանավորված կոնկրետ դատավարության այս փուլից Սմբատ Այվազյանիՙ դատարանում ներկայացուցիչներ ունենալու որոշումը։

¬ Մինչեւ հիմա մենք ակնկալում էինք, որ դատարանում կհարցաքննվեն բոլոր վկաները, եւ այդ ընթացքում հնարավոր կլինի բացահայտել շատ հարցերի պատասխաններ։ Բայց քանի որ իմ վստահորդն այժմ զրկված է այդ հնարավորությունից (նշենք, որ վկաների ցուցակը կրճատվել, է եւ դատարանն արդեն իսկ ավարտել է վկաների հարցաքննության փուլը- Ա. Հ.), ուստի Սմբատ Այվազյանը անհրաժեշտ գտավ դատարանում ներկայացված լինել իր ներկայացուցչի միջոցով։ Այդպիսով հնարավորություն կլինի մյուս տուժողների ներկայացուցիչների հետ խորհրդակցելովՙ տեղում կողմնորոշվել, թե ինչպես հանդես գալ եւ արագ արձագանքել դատարանին, մեղադրող կողմի գործողություններին եւ վարքագծին։

- Կարելի՞ է արդյոք իրերի նման դասավորությունը հասկանալ որպես Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցչիՙ դատավարությունից հեռանալուց հետո առաջացած բացն այս կերպ լրացնելու տարբերակ։

- Աշոտ Սարգսյանը հեռացավ այն պատճառով, ինչ պատճառով որ իմ վստահորդ Սմբատ Այվազյանը որոշեց ներկայացված լինել դատական նիստերի ժամանակ։ Այսինքնՙ Աշոտ Սարգսյանը հեռացավ, որովհետեւ սահմանափակեցին վկաների թիվը։ Ուղղակի համարեց, որ դրանք անհաղթահարելի խոչընդոտներ են եւ անիմաստ է որեւէ գործողություն կատարել դատական նիստի ժամանակ։ Իսկ Սմբատ Այվազյանը որոշեց, որ եթե վկաները չեն հարցաքննվելու, ապա իրՙ տուժողի իրավունքներն ինքը կպաշտպանի ներկայացուցիչ ունենալով։

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված ձեզ որպես ներկայացուցիչ ընտրելու հանգամանքը։

- Շատ քչերը կան, որ կհամաձայնեն լինել «Հոկտեմբերի 27»-ի գործով ներկայացուցիչ դատարանում։ Նկատի ունեմ, որ անցանկալի վիճակ է։ Այս դատավարությունը եւ դրա հետ կապված մարդիկ, ովքեր շահեր ունեն ներկայացրած, գտնվում են լուսանցքում։ Մենք էլ (նկատի ունի Սմբատ Այվազյանի ներկայացուցիչներին-Ա. Հ.) մեզ անջատում ենք մեղադրանքի կողմը ներկայացնող պետական մեղադրողներից։ Նրանք վստահություն չեն ներշնչում։ Մենք առանձին ենք ներկայացնում մեր շահերը։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4