«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2003-08-02 | #148, 2003-08-21 | #149, 2003-08-22


ՍԱՐԳԻՍ ԼԵՓԵՃՅԱՆ

Կիրակի օրըՙ օգոստոսի 17-ին, հարազատների ու բարեկամների փոքրաթիվ մի խումբ, հայրենի Գեղադիր (Կոտայքի մարզ) գյուղում վերջին հրաժեշտը տվեց մի պատվական հայորդուՙ Սարգիս Լեփեճյանին, որն իր մահկանացուն կնքել էր օգոստոսի 15-ին, երկարատեւ հիվանդությունից հետո։

Մեր հայաստանցի ընթերցողների մեծամասնության համար Սարգիս Լեփեճյան անունն անծանոթ է։ Բայց նրան լավ գիտեն Մերձավոր Արեւելքի երկրներում, հատկապես Ռամկավար Ազատական եւ թեքեյանական շրջանակներում, մեկ էլՙ Հայաստանից Հորդանան այցելած մեր գրողները, արվեստագետները, հասարակական գործիչները։ Նա իրավամբ համարվում էր Ամմանի գաղութի նահապետը, հայկական բաց սեղանով, ազգային, եկեղեցական եւ կուսակցական խնդիրների լուծման համար պատրաստ տրամադրությամբ ու... քսակով։ Հայաստանից եւ սփյուռքի տարբեր վայրերից Ամման ժամանող յուրաքանչյուր ազգային պետք է լիներ Սարգիս Լեփեճյանի տանը, վայելեր նրա տիկնոջՙ տիկին Սոնայի ջերմ հյուրընկալությունը։

Մի քանի տասնամյակ շարունակ Սարգիսն է եղել գաղութի անպաշտոն ներկայացուցիչը Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մոտ։ Նա է որոշել, թե արվեստագետների որ խումբը ինչ պայմաններով պետք է այցելի եւ ելույթներ ունենա Ամմանում։ Նա է վճռել, թե որ երիտասարդն է տվյալ տարեշրջանին Հայաստան գալու բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու։ Այդ երիտասարդները, այժմ բժիշկներ, ինժեներներ ու բանասերներ, այդ գաղութի ղեկավարությունն են կազմում։ Նրանք բոլորն էլ Սարգսի աճեցրած կադրերն են, նրա սանիկները։

Նույն հասեհաս, անշահախնդիր եւ իմաստուն վերաբերմունքը Սարգիս Լեփեճյանը դրսեւորում էր նաեւ կուսակցական ու միութենական գործերում։ ՌԱԿ Սիրիա-Հորդանան շրջանային եւ ՌԱԿ ընդհանուր պատգամավորական ժողովների անխուսափելի պատգամավորն էր, հաճախՙ ներկուսակցական բարդ խնդիրներ լուծող հանձնաժողովների նախագահ կամ անդամ։

Ծնվել է 1924 թ. Իսկենդերունում (այժմՙ Թուրքիա)։ Տեղի հայության 2-րդ բռնագաղթից (1938 թ.) հետո անցել է Պաղեստին։ Բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չէր ունեցել, սակայն ինքնաշխատությամբ տիրապետել էր լեզուների։ Հնագիտական կոթողների եւ գտածոների ամենահայտնի մասնագետն էր ողջ Հորդանանում, որ հարուստ է հնավայրերով։ Կարեւոր բոլոր պեղումների եւ ցուցահանդեսների անհրաժեշտ մասնագետ էր նա, բարձր գնահատված անգամ թագավորական ընտանիքի կողմից։ Մասնագիտական լուսանկարչություն էր դասավանդում Ամմանի պետական համալսարանում մինչեւ 3 տարի առաջ Հայաստան ներգաղթելը։ Խորապես հայրենասեր եւ հայրենի հողի կենսունակության հավատացողՙ Սարգիս Լեփեճյանը դեռեւս 1990 թ.-ին Գեղադիր գյուղում գնել եւ կառուցել էր մի նոր տուն, ուր տեղափոխվեց մի քանի տարի առաջ տիկնոջ եւ որդուՙ Օհանի հետ, հայրենի հողում թաղվելու ու նաեւ վերընձյուղվելու համար։

Նրա թոռնիկըՙ փոքրիկ Սարգիս Լեփեճյանը, ապացույցն է այդ վերընձյուղման։

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4