Հայաստանում Հնդկաստանի դեսպանը տեսնում է համագործակցության նաեւ այլ ոլորտներ
Օգոստոսի 27-ին «Արմենիա» հյուրանոցում կբացվի հնդկական կաշվե եւ մարզական ապրանքների ցուցահանդես, ինչպես նաեւ կկազմակերպվի գործարար համաժողով։ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դեեպակ Վոհրայի Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցած երեկվա մամուլի ասուլիսը նվիրված էր այդ միջոցառմանը եւ ընդհանրապես Հնդկաստանի տնտեսությանն ու հայ-հնդկական տնտեսական համագործակցության հնարավորություններին։ Դեսպանը ներկաներին հաճելիորեն զարմացրեց հայերենի, ինչպես ինքն արտահայտվեցՙ «գրեթե կատարյալ» տիրապետմամբ եւ հումորի զգացումով, ինչի շնորհիվ ասուլիսն անցավ աննախադեպ աշխույժ մթնոլորտում։
Հայաստանում հնդկական արտադրանքի առաջին ներկայացման կապակցությամբ Դեեպակ Վոհրան նշեց, որ երկու պատճառ կա դրա անցկացման համար։ Առաջինը կապված է հնդկական կաշվի արդյունաբերության հետ։ Վերջինս ամենամեծածավալն ու որակյալն է աշխարհում։ «Ամենամեծ ծավալներ ունի Չինաստանը, բայց հնդկական կաշին ամենաորակյալն է», տեղեկացրեց դեսպանը եւ ավելացրեց, որ այս տարի Հնդկաստանում կարտադրվի 4-5 մլրդ դոլարի կաշվե արտադրանք։ Հայաստանը սովորական որակի կաշին ներմուծում է տարբեր երկրներից, իսկ որակյալ կաշինՙ Իտալիայից։ Իսկ Իտալիայից Հայաստան ներմուծվող կաշվի 80 տոկոսը, դեսպանի հավաստիացմամբ, հնդկական է, որովհետեւ իտալացի գործարարները գտնվում են Հնդկաստանում։ Հնդկական կաշվե արտադրանքի եւ գործարար համաժողովի հրավիրման նպատակն այն է, որ հայ գործարարները հնարավորություն ստանան ուղղակի կապ հաստատելու հնդիկ արտադրողների հետ։
Երկրորդ նպատակը հնդկական ներդրումների խրախուսումն է Հայաստանում։ Մինչ այժմ 2 խոշոր հնդկական ներդրումներ են կատարվել։ Առաջինը Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունն է, որտեղ մինչեւ հաջորդ տարեվերջ շուրջ 100 մլն դոլար ներդրումներ կլինեն։ Երկրորդն ադամանդագործական «Ռոզի բլյու» ընկերության ստեղծումն է, որտեղ 700 մարդու համար աշխատանք է ապահովվել։ Դեեպակ Վոհրան հույս հայտնեց, որ երրորդ խոշոր ներդրումը կլինի կաշվի բնագավառում։ Նա նաեւ նշեց, որ հնդկական կողմը շահագրգռված է, որ հնդկական «Սկորպիոն» ավտոմեքենաներն արտադրվեն Հայաստանում։ Դրանք «Պաջերո» մեքենաներին համարժեք որակ ունեն, բայց զգալիորեն զիջում են իրենց գնով։
Հայաստանում ներդրումներ կատարելու համար հնդիկ գործարարներին հրապուրում է մեր երկրի աշխարհագրական դիրքը, որը մոտ է Եվրոպային եւ ԱՊՀ երկրներին, գործունյա, կրթված եւ մատչելի աշխատուժը։
Ի պատասխան «Ազգի» այն հարցին, թե ի՞նչ ապրանք հնդկական կողմը կցանկանար Հայաստանից ներմուծել Հնդկաստան, դեսպանը պատասխանեցՙ գինի եւ «Սիգարոն» ծխախոտ։ Հայաստանից գնվում է նաեւ մետաղի ջարդոն։
Հայտնի է, որ Հնդկաստանը բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների խոշոր երկիր է։ Այս ոլորտը ներկայումս 20 մլրդ դոլարի արտադրանք է տալիս, ինչը մինչեւ 2008 թ. նախատեսվում է հասցնել 80 մլրդ դոլարի։ Այս ոլորտում նույնպես հայ-հնդկական համագործակցության ստեղծման քայլեր են ձեռնարկվում։ Պրն Վոհրան հայտնեց, որ շուտով ոլորտը ներկայացնող պատվիրակություն կգա Հնդկաստանից, որպեսզի պայմանագիր կնքի Հայաստանի կառավարության հետ։ Այս ոլորտում հնդիկ գործարարներին, բացի որակյալ եւ մատչելի աշխատուժից, հետաքրքրում է նաեւ ռուսերենի իմացությունը, ինչը չկա Հնդկաստանում։
Վերադառնալով կաշվի արտադրությանը եւ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են համատեղվում կովի սուրբ կենդանի լինելը եւ կաշեգործության զարգացումը Հնդկաստանում, դեսպանը դարձյալ պատասխանեց ոչ առանց հումորի. «Կովը սուրբ է, բայց գոմեշըՙ ոչ։ Կովը սուրբ է, բայց սատկում է։ Կաշի ենք ստանում նաեւ մողեսներից, կոկորդիլոսներից եւ օձերից, բայց երբ սատկում են»։
Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Արամ Վարդանյանն իր հերթին նույնպես ընդգծեց Հնդկաստանի կաշվե արտադրության խոշոր երկիր լինելու հանգամանքը, ավելացնելով, որ Հայաստանը ժամանակին եղել է կոշիկ եւ կաշվե այլ ապրանքներ արտադրող երկիր, հետեւաբար համագործակցության մեծ հնարավորություններ կան։ Նույն հեռանկարները, ըստ Արամ Վարդանյանի, առկա են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ