Մինչդեռ առաջնայիններից պիտի լիներ...
Թեպետ Էրեբունի-Երեւան տոնակատարությունը մեզանում վաղուց արդեն դարձել է ավանդական ու օտարերկրյա հյուրերի մասնակցությամբ առանձնակի շուքով նշվող, այդուհանդերձ, «Էրեբունի» թանգարանն իր Շենգավիթ եւ Կարմիր բլուր մասնաճյուղերով շարունակում է մնալ անմխիթար ու անբարեկարգ վիճակում։ Թանգարանի տնօրեն Սուրեն Մալխասյանի խոսքերով, օտարերկրացիները մեծ հետաքրքրությամբ են այցելում նախաուրարտական եւ ուրարտական շրջանի այս հնավայրերը, քանզի դրանք հարուստ են հնագիտական առատ նյութերով։ Ֆրանսիացիները հիանում են, իտալացիները համեմատում, գերմանացիները զննում, անգլիացիները սառնությամբ դիտում, իսկ ճապոնացիները նայում են խոսուն հայացքով, որն ասում էՙ «երանի՜ այս ամենը մեր երկրում լիներ»....
Նախ նշենք, որ «Էրեբունի» թանգարանի վերականգնման ու բարեկարգման աշխատանքները նախատեսված էին «Լինսիի» ծրագրի առաջին փուլում, սակայն ինչ¬ինչ պատճառներով վերջին պահին թանգարանը դուրս մնաց ցուցակից։ Ենթադրվում էր, թե կվերականգնվի ծրագրի երկրորդ փուլում, սակայն այս պահին որոշակիորեն հայտնի է, որ ֆինանսական խնդիրների պատճառով երկրորդ փուլ պարզապես չի լինելու։ Թանգարանի տնօրեն Սուրեն Մալխասյանի հետ զրուցելիս ամբողջական պատկերացում կազմեցինք թանգարանի ներկայիս վիճակի ու կազմակերպական հարցերի պատճառով առաջին փուլից դուրս մնալու մասին։ Այսպես, Էրեբունի թանգարանում վերջին 30 տարիներին շարունակաբար քանդվում են ամրոցի շինությունների պատերը։ Դրանք կառուցված են չթրծված աղյուսից եւ ժամանակի ընթացքում քայքայվելով փուլ են եկելՙ իրենց տակ առնելով շինությունների ներսի հատվածները, աղավաղելով ընդհանուր տեսքը։ Դրանց քայքայումը կանխելու մասնագետների բոլոր փորձերն անցել են անօգուտ։ Միակ ելքը, ըստ տնօրենի, նույն կավից հին տեխնոլոգիաներով դրանք վերականգնելն է, որի համար թանգարանը միջոցներ չի ունեցել։ Վերականգնման ենթակա են Խալդի եւ մյուս տաճարները, պալատական հատվածը եւ այլն։ Իսկ թանգարանի 50 հա տարածքը պետք է ցանկապատվի ու բարեկարգվի, մանավանդ որ ապագայում պեղումներն այստեղ պիտի շարունակվեն ու նորանոր շերտեր բացահայտեն։ Շենգավիթի հնավայրը, որը նախաուրարտական շրջանի հազվագյուտ բնակավայր է ու հնագիտական առումով ավելի բարձրարժեք Էրեբունուց, ուղղակի անտանելի վիճակում է։ Այստեղ քայքայվել ու փլվել են ոչ միայն հնավայրի շինությունների պատերը, այլեւ փլուզման շեմին են նախորդ դարի 50¬ականներին կառուցված թանգարանի փայտյա տնակները, ցուցասրահի մի կերպ ոտքի վրա կանգնող կահույքը, իսկ աշխատողների համար չկան նվազագույն պայմաններ անգամ. աշխատում են առանց ջրի, զուգարանի, հեռախոսի...
Կարմիր բլուրում պատկերն ավելի ահավոր է, քանի որ 1939 թվականից ի վեր այստեղ վերանորոգման ոչ մի աշխատանք չի կատարվել, ցուցասրահի հատակն ամբողջապես փտել է։ Եթե այս ամենին հավելենք Երեւանի քաղաքապետարանի բնակչության եւ առեւտրի սպասարկման վարչության (թաղման բյուրո) հետ թանգարանի տնօրենության արդեն 5¬6 տարի շարունակվող խնդիրըՙ բլուրի 150 հա տարածքից 2 հա թաղման արարողությունների համար անօրինաբար զավթելու պատճառով, ապա ակնառու կդառնա թանգարանը որպես պատմական արժեք անտեսելու նրանց չինովնիկական վերաբերմունքը։ Բազմաքանակ բողոքներն ավարտվել են հիշյալ բաժնի տնօրեններին աշխատանքից ազատելով։ Արդեն չորրորդն է նշանակված, սակայն հարցը մինչ օրս լուծում չի գտել։ Թանգարանի տնօրենի սեղանին դրված է պատահական այցի ժամանակ գտնված սափորըՙ անօրինական թաղումների համար փորած հողակույտերից։ Մեծ¬մեծ փողերի համար տարածքը զավթած պաշտոնյաները պարզապես թքած ունեն, որ սափորն ունի ընդամենը... 4 հազար տարվա հնություն։ Չնայած խնդիրը հասել է մինչեւ Երեւանի գլխավոր դատախազություն, որոշում է կայացվել 5 մլն դրամ հատկացնել հնավայրը գերեզմանատնից զատող պարիսպ կառուցելու համար, այդուհանդերձ, առ այսօր մնում է անլուծելի, որովհետեւ մասնագետները շա՜տ դժվար աշխատանք են անում։ Կարծում եք պարսպապատման նախագիծ գծելը հե՞շտ գործ է։
Առաջիկայում այս տարածքի գլխին նոր փորձություն պիտի գա, այս անգամ ՙ ճանապարհաշինության պատճառով։ Միակ ելքն այն է, որ ճանապարհաշինական աշխատանքներից առաջ իրականացվեն պեղումները, որպեսզի հնագիտական նյութերը հիմա էլ բուլդոզերների բերանի բաժին չդառնան։
Ցավալի է, բայց նշմարելի, որ հնագիտության առումով «անիծված» մեր երկիրը մեզ երես է տվել այնքան, որ ընդունակ ենք դարձել անփութորեն վերաբերվելու անգամ նախաուրարտական ու ուրարտական մշակույթի արժեքներին։ Իրոք, չափն անցնում ենք։ Նամանավանդ, որ Երեւանում օտարերկրյա հյուրերին զարմացնելու ու հիացնելու այդօրինակ ոչինչ չունենք։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ