Օրերս Վանաձորում էր Բավարիայի Կարմիր խաչի արտասահմանյան երկրներին տրամադրվող օգնությունների բաժնի ղեկավար Զիգֆրիդ Հեթմանսպերգերը։ Նրա անունն ընթերցողներին հայտնի է «Ինտերկապ» բարեգործական կենտրոնիՙ Հայաստան հասցրած հումանիտար օգնությունների մասին տարբեր հրապարակումներից։
Կենտրոնի տնօրեն Նորայր Զուլոյանին, գերմանացի մեր բարեկամին, Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին եւ Գառգառի գյուղապետ Կարեն Զալինյանին ընդունեց Լոռու փոխմարզպետ Արամ Քոչարյանը։
¬ Կարմիր խաչի Երեւանի գրասենյակը բազմիցս հորդորել է, որ հումանիտար օգնությունը մայրաքաղաք ուղարկվի, սակայն ես դեմ եմ, եւ միայն Լոռու մարզին ենք ուղարկելու հումանիտար բեռները,- ասաց Զ.Հեթմանսպերգերը։- Բեռները Հայաստան պետք է տեղափոխվեն, ինչպես նախորդ 9 տարիներին, միայն «Ինտերկապի» միջոցով, որը մշտապես արդարացրել է մեր վստահությունը։
Ե՛վ Կարմիր խաչի ներկայացուցիչը, ե՛ւ Ն. Զուլոյանը շեշտեցին, որ Հայաստան է ուղարկվում ամենաթարմ դեղորայքը։ Պետք է շարունակվի նաեւ բուժսարքավորումների, սննդամթերքի եւ հագուստի առաքումը Լոռիՙ սակայն առավել մեծ ծավալներով։ Հիմնական դժվարությունը, ըստ Զ. Հեթմանսպերգերի, մեր երկրում առաջացող բյուրոկրատական քաշքշուկներն են, օրենքների անկատարության պատճառով ստեղծվող տհաճ իրավիճակները։ Դեղորայքի ներկրման ժամանակ հիմնականում խոչընդոտներ է ստեղծում ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հումանիտար օգնությունների հասցեներից կլինեն նաեւ Ստեփանավանը, Գյուլագարակը, Գառգառը։
¬ Բացի բուժսարքավորումներից, հնարավորություն ունենք նաեւ շարունակելու հաշմանդամների սայլակների, այլ պարագաների առաքումը։ Մարզը հատկապես ռենտգեն ապարատների կարիք ունի, որը եւս կլինի մեր ուշադրության կենտրոնում,- ասաց Կարմիր խաչի ներկայացուցիչը։
Հանդիպումից հետո Զ. Հեթմանսպերգերը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։
Այն հարցին, թե ինչո՞ւ է հատկապես ընտրել Լոռու մարզը, նա պատասխանեց. «Բարեգործությունը Լոռու մարզին մշտական կլինի, որովհետեւ ես ինձ լոռեցի եմ համարում»։ Նա պարզաբանեց, որ իր կինըՙ Անահիտ Գագինյանը, գյուլագարակցի է եղել, եւ նրա մահից հետո իրեն ավելի պարտավորված է զգում կապերն առավել սերտացնելու։ (Նա Վանաձոր էր ժամանել որդուՙ Տիգրանի (Ֆելիքսի) հետ, որը Գերմանիայում սովորում է նաեւ հայկական կրթարանում)։
Մեր հարցին, թե Հոլանդիայի «Ազնավուր» միության ներդրումներով եւ «Ինտերկապի» միջնորդությամբ Վանաձորում կառուցվելիք արքայազն Կլաուսի անվան հիվանդանոցային համալիրին որեւէ օգնություն կցուցաբերվի՞, նա պատասխանեց. «Մենք մեծ վստահությամբ ենք վերաբերվում «Ինտերկապին», որի միջոցով տարիներ շարունակ բեռներ ենք առաքում Հայաստան։ Բուժհամալիրի կառուցումը եւս բարեգործական այս կազմակերպության նկատմամբ հոլանդացիների վստահության արդյունքն է։ Հետեւաբար մենք եւս մեր ներդրումը կունենանքՙ ժամանակակից բուժսարքավորումներ եւ այլ պարագաներ տրամադրելով հիվանդանոցին»
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ