«Նույնն է, թե մեկը մտնի տունդ եւ առանց քո իմացության զբաղեցնի սենյակներից մեկը», ասում է տնօրենը
Օրը ցերեկով, առանց նույնիսկ տանտերերի կարծիքը հարցնելու, աճուրդի է հանվել ՀՀ ԳԱԱ ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտին պատկանող հարակից կանաչ գոտին։ Գրիբոյեդովի փողոցից պարսպով առանձնացված ինստիտուտի բակում տարիների կենսագրությամբ ստվերաշատ այգի էՙ պտղատու եւ դեկորատիվ ծառաթփատեսակներով։ Կանաչի ու թթվածնի առկայությունը պարզապես անհրաժեշտություն է մշտապես քիմիական նյութերի հետ գործ ունեցող գիտաշխատողների համար։
Ըստ սահմանված նորմատիվների, բոլոր քիմիական ինստիտուտներն անվտանգության գոտիով պիտի առանձնացվեն շրջակայքից։ Կապված աշխատանքների բնույթից, այդ գոտին կարող է տարածվել մինչեւ 100-150 մետր։ Անցանկալի, վտանգավոր իրողությունների, նույնիսկ աղետի հավանականությունն առավել քան իրական է, եթե ձախողվեց որեւէ քիմիական ռեակցիա կամ գործընթաց։ Նոր կառուցվելիք բնակելին, ըստ հողահատկացման փաստաթղթերի, կառուցվելու է հենց այդպիսի լաբորատորիաներից մեկի քթի տակ, ծառատնկված 3000 քմ տարածքում։
Երեւում է քաղաքի կենտրոնական հատվածներում այլեւս չկան առանձնատների ու բնակելիների բիզնեսի կատաղի մոլուցքին զոհ դառնալու ենթակա հողակտոր կամ կանաչ գոտի եւ խաչակրաց արշավանքի թիրախը փոխվել է նոր ուղղությամբ։
Ինստիտուտի գլխին չարագույժ ստվերներ սկսեցին պտտվել դեռեւս վաղ գարնանը, երբ հայտնվեցին կասկածելի անձինք ու սկսեցին չափագրումներ կատարել։ Աշխատակիցների մտավախությունը շատ շուտով արդարացավ։ Ինստիտուտի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեւան Դավթյանն անմիջապես նամակ հղեց քաղաքապետարան, սակայն այն վայրէջք կատարելով թաղապետարանում, կրկին վերադարձավ ինստիտուտ։ Պատասխանեցին, թե հաստատության ներքին տարածքում բոլոր մասնավոր շինությունների հողահատկացումները կատարվում են քաղաքաշինության կանոններին համապատասխան։ «Ես համոզված եմ, որ այս հողերի առք ու վաճառքում մեծ դեր է խաղացել կաշառքի գործոնը, հակառակ դեպքում իրադարձություններն այսքան արագ չէին զարգանա», ասում է Սեւան Դավթյանը։
Ինստիտուտի փոքրիկ անտառայգու մյուս կողմում միանգամից երեք կառույցի բուռն շինարարություն է ընթանում։ Դրանցից մեկը նույնպես ներխուժել է ինստիտուտի տարածք։ Երբ հիմքերը նոր-նոր էին գցում, աշխատողներն ահազանգեցին թաղապետարան եւ ոստիկանություն, բայց մնացին ապշահար, երբ դրանից հետո շինարարության թափն ավելի արագացավ։ Սկսեցին աշխատել նաեւ գիշերները։ Սեւան Դավթյանը հիշատակում է մեկ այլ ուշագրավ փաստ եւս. քաղաքաշինության նախարարության գեոդեզիայի վարչությունում իրեն ու փոխտնօրենին ցույց են տվել հողահատկացման վերաբերյալ ամսի 13-ի թվագրության փաստաթուղթ, որի վրա, սակայն, ստորագրություններ չկային։ Հետո արդեն ստորագրված վիճակով փաստաթուղթը եղել է հետինՙ ամսի 11-ի թվագրությամբ։
Ինստիտուտի աշխատողները խիստ զայրացած են։ Տնօրեն Սեւան Դավթյանը մտավախություն է հայտնում, որ հուզական այս լարվածությունը կարող է հանգել անկանխատեսելի իրողությունների, օրինակ բախման շինարարների հետ։ Փաստորեն զավթված տարածքը պատկանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, ժամանակին տրամադրվել է նրանՙ անհատույց եւ անժամկետ։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ