Հայ ավանդական ու խորհրդային դպրոցի ավանդույթներից հեռու...
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Նոր ուսումնական տարում Հայաստանի կրթական համակարգում միակ նորությունը հանրակրթական դպրոցների 4¬5 դասարաններում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումն է։ Կրթական բարեփոխումների կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Միքայելյանի հավաստմամբ, կրթական համակարգում այլ փոփոխություն չի լինելու։ Դպրոցական դասագրքերն ու ուսումնական ծրագրերը նույնն են, օպտիմալացման ծրագիրըՙ նույնպես։ Պետական 1400 դպրոցների կողքին էլի կլինեն տարբեր տեսակի ու որակի մասնավոր դպրոցներ, որոնց վարձավճարը տարեկան մոտ 350¬400 դոլար է։ Փոխտնօրենի խոսքով, մասնավոր դպրոցների թիվը տարեցտարի նկատելիորեն կրճատվում էՙ 40¬ից կանոնավորապես գործում են 15¬ը։ Ինքնին հասկանալի է, որ փորձագիտական նպատակներով բացված մասնավոր դպրոցներից շատերն ուղղակի չեն դիմանում ժամանակի փորձությանը։
Այս ուսումնական տարում էլ թույլատրելի կլինի 6¬6,5 տարեկաններին դպրոց ընդունելը։ Մեզանում այս երեւույթն արդեն դարձել է խիստ ընդունելի եւ առանձնակի մտահոգություն չառաջացնող, իսկ Ռուսաստանում նոր ուսումնական տարվա շեմին հոգեբանները խորհուրդ են տալիս այդ տարիքի երեխաներին հոգեբանական հարվածի տակ չդնելՙ նկատի ունենալով նրանց մեջ ձեւավորվող անհատականության հիմքերը։ Դպրոցում բավարար ուշադրության ու հոգատարության չարժանանալու դեպքում նրանք դառնում են նյարդային եւ լուրջ խնդիրներ ունենում։ Նրանք առավելապես կարիք ունեն ծնողական ջերմության ու գուրգուրանքի, հետեւապես պետք չէ նրանց ժամանակից շուտ ներքաշել հոգսերի մեջ։
Ի դեպ, ըստ գիտության եւ կրթության նախարարության հանրակրթության բաժնի հաղորդած տվյալների, այս տարի Հայաստանում 6028¬ով ավելացել է առաջին դասարանցիների թիվը, ինչը պայմանավորված է 6 տարեկաններին դպրոց ընդունելով։
Խորհրդային դպրոցի ավանդույթները հիրավի պահպանվում են Ռուսաստանում. կառավարության որոշմամբ հանրակրթական դպրոցներն այս տարի կանցնեն երկարօրյա պարտադիր ռեժիմիՙ դպրոցականներին հնարավորություն տալով անվճար զբաղվելու սպորտով ու զանազան խմբակներով։ Իսկ խորհրդային դպրոցի ավանդույթներից գրեթե հրաժարված հայաստանյան դպրոցներում այս տարի էլ խմբակները կլինեն վճարովի, դրանցից օգտվողներն էլՙ սակավաթիվ։ Մեր կառավարությունը դեռեւս հեռու է դպրոցականների առողջության ու ընդհանուր զարգացման վերաբերյալ որոշումներ կայացնելուց։ Դպրոցահասակներին լիարյուն ու հագեցած կյանքով ապահովելը, երեւանյան բակերի «ապերոյական» ազդեցությունից նրանց կտրելը, միմյանց հարգալից ու սիրալիր վերաբերվել ուսուցանելը մեզանում դեռեւս չեն դարձել պետական հոգածության խնդիրներ։ Ահա թե ինչու վերջին ժամանակներս շարունակաբար բախվում ենք այնպիսի մերժելի երեւույթների, ինչպիսիք են կոպտությունը, ծեծը, սպանությունները։ Դրանց արմատները պետք է փնտրել մանկապարտեզներում, դպրոցներում, մեր մեջ...