«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2003-08-27 | #153, 2003-08-28 | #154, 2003-08-29


ԱԺ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԿՍԿՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Սեպտեմբերի 8-ինՙ Գրագիտության միջազգային օրը, կսկսվի Ազգային ժողովի երրորդ գումարման աշնանային նստաշրջանը։

Երեկ խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին ներկայացվեցին խորհրդարանում կատարված կազմակերպչական եւ աշխատակարգային փոփոխություններն ու նորությունները։ Այսուհետեւ նստաշրջանների ընթացքում եռօրյաների երկրորդ օրը կկայանա ԱԺ նախագահի ճեպազրույցըՙ խորհրդարանի օրենսդրական ու քաղաքական գործունեության մասին։

Նորույթ է, որ եռօրյա նստաշրջանների չորեքշաբթի օրերին, հարցուպատասխանից հետո, ԱԺ Կանաչ նախասրահում լրագրողներին հնարավորություն կտրվի քաղաքակիրթ ձեւով ՀՀ վարչապետին ուղղել իրենց հարցերը։ Ինչպես միշտ, առաջիկայում նույնպես, հինգշաբթի օրերը կամփոփվեն ԱԺ խումբ-խմբակցությունների ճեպազրույցներով։ Առաջիկայում խորհրդարանը կունենա նաեւ իր էլեկտրոնային շաբաթաթերթը։ Նախապատրաստական աշխատանքների փուլում է խորհրդարանի գործունեությունը լուսաբանող ամսագիրը, իսկ շատ շուտով ինտերնետում կտեղակայվեն նաեւ «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդման նյութերը, տեղեկացրեց հասարակության հետ կապերի վարչության պետ Անահիտ Ադամյանը, եւ, հուրախություն լրագրողների հայտարարեց, որ վերջապես ԱԺ-ում նրանց հատկացվել է աշխատանքային սենյակ։

Արտաքին հարաբերությունների վարչության պետ Վահագն Աթաբեկյանն էլ տեղեկացրեց, որ սկզբունքային դիրքորոշում է որդեգրվել առավել ակտիվացնելու ՀՀ ԱԺ դերակատարությունն արտաքին ոլորտում։ Արդեն իսկ ձեւավորվել եւ ԱԺ նախագահի կողմից հաստատվել են շուրջ 4 տասնյակ խորհրդարանական բարեկամության խմբերի, միջազգային կառույցներում Հայաստանի պաշտոնական պատվիրակությունների կազմերըՙ ընդգրկելով խորհրդարանում առկա բոլոր ուժերը։ Սկզբունքային որոշում է որդեգրվելՙ ռազմավարական առումով կարեւոր երկրների հետ բարձրացնել միջխորհրդարանական շփումների մակարդակըՙ բարեկամական խմբերը փոխարինելով միջխորհրդարանական հանձնաժողովներով։ Որոշվել է հիմնել նաեւ եվրոպական ինտեգրացիայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով։

Եվ վերջապես նոր խորհրդարանը մեկ այլ նախաձեռնությամբ, ԱԺ նախագահի կարգադրությամբ, որոշել է հիմնել խորհրդարանական բարեկամության հայկական վեհաժողով, որի նպատակն է համախմբել արտերկրի ծագումով հայ խորհրդարանականներին։ Իսկ այսուհետեւ ԱԺ-ն մեծ ուշադրություն է դարձնելու հատկապես այն փոխայցելություններին, որոնք կկրեն առավել քաղաքական ու գործնական, եւ ոչ թե միայն ճանաչողական բնույթ։

ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանն էլ տեղեկացրեց ՀՀ ԱԺ-ի ինտերնետային էջերում տեղ գտած խորագրերի մասին։ Յուրաքանչյուր ենթավերնագրով հնարավոր է ստանալ ամփոփ տեղեկություններ խորհրդարանի բոլոր հանձնաժողովների, պատգամավորների, աշխատակազմի, նախագծերի, օրենսդրության, արտաքին հարաբերությունների եւ այլնի մասին։ Ուշագրավ է, որ այսուհետեւ ինտերնետի միջոցով ե՛ւ անհատները, ե՛ւ կազմակերպությունները կարող են անել օրենսդրական առաջարկներ։

Այս ամենի մասին մանրամասն կտեղեկանաք, եթե բացեքՙ www.parliamet.am

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4