«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2003-08-27 | #153, 2003-08-28 | #154, 2003-08-29


ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՋՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ

Ջրահեռացման ծախսեր չկատարող օբյեկտները կփակվեն

Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը երեկ կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր ղեկավարած համակարգին առնչվող երկու որոշումներին, որոնք ընդունվել էին նիստի ժամանակ։ Առաջինը վերաբերում էր ջրամբարներին, որը շատ հակիրճ ներկայացվեց։ Տեղեկացվեց, որ Հայաստանում կա 72 ջրամբար, որտեղ կուտակվում է 1 մլրդ խմ ջուր։ Առաջիկա տարիներին նախատեսվում է այդ ջրաքանակին ավելացնել եւս 500 մլն խմ։ Կարեւորելով ջրամբարների նշանակությունը մի շարք առումներով, Գագիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ կառավարությունը հաստատել է այն կանոններն ու պահանջները, որոնք դրվելու են ջրամբարների շահագործման, կառավարման, շահագործումից հանելու դեպքում։

Հաջորդ որոշումը մաքրման կայանների մասին էր։ Այդպիսիք Հայաստանում 25-ն են։ Կառավարության որոշմամբ, կոնկրետ պարտականություններ են դրվում դրանք շահագործող մարմինների, ջրօգտագործողների եւ վերահսկողների միջեւ։ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ ներկայումս կեղտաջրերի քիմիական մաքրում չի կատարվում, իսկ մեխանիկականը կատարվում է մասամբ Երեւանի Աերացիայում։ Երեկվա որոշմամբ, հնարավորություն է առաջանում պաշտպանիչ քայլեր ձեռնարկելու, որպեսզի ջուր օգտագործողները, մասնավորապես արտադրական եւ սպասարկման օբյեկտները ջրահեռացման համար ծախսեր կատարեն։ Օրինակ բերելով Հրազդանի կիրճի օբյեկտները, Գագիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ նրանք նման ծախսեր չեն կատարում։ Մինչդեռ այդ ծախսերը մեծ չենՙ ամսական 8-10 հազար դրամ։

Եթե դրանք շարունակվեն չկատարվել, ապա կկիրառվեն խիստ միջոցառումներ, ընդհուպ տվյալ օբյեկտի փակումը։

Այնուհետեւ կոմիտեի նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, վերստին անդրադարձավ ջրի սակագնի փոփոխման հնարավորությանը, ասելով, որ դա տեղի կունենա առաջիկա 5-6 տարիների ընթացքում։ Համակարգի շահութաբեր աշխատելու համար անհրաժեշտ է, որ սակագինը լինի 250-300 դրամ 1 խմ-ի համար։ Այդ գումարից 100 դրամը կապիտալ ներդրումներն են, 40-50 դրամըՙ ջրահեռացման եւ մաքրման ծախսերը, որոնք պետությունը վերցրել է իր վրա։

Այսինքն, ըստ Գագիկ Մարտիրոսյանի, ջրի սակագինն առայժմ հարկ է բարձրացնել մինչեւ 105-120 դրամ 1 խմ-ի համար։ Ջրաչափերի տեղադրման եւ դրա հետ կապված ջրամատակարարման բարելավման խնդրի վերաբերյալ կոմիտեի նախագահը հայտնեց, որ ջրի ծախսը նվազել է 3 անգամ եւ մեծ խնայողություն է արձանագրվել։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4