«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2003-08-28 | #154, 2003-08-29 | #155, 2003-08-30


ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ԴԵՄ ՄԵԶԱՆՈՒՄ ԴԵՌ ԱՐԳԵԼՔՆԵՐ ՉԿԱՆ

իսկ համակարգչային դասարանները դպրոցներում ավելանում են...

Հայաստանի հանրակրթական դպրոցներում համակարգչային դասարանների թիվը տարեցտարի աճում է տարբեր կազմակերպությունների ու անհատ անձանց աջակցության շնորհիվ։ Նոր ուսումնական տարվա շեմին համակարգչային դասարաններ ունեն ավելի քան 100 դպրոցներ։ Այս փաստն, ինչ խոսք, ուրախալի է, եթե ինտերնետից դպրոցականների օգտվելը խստորեն վերահսկվում է մասնագետների եւ ուսուցիչների կողմից։ Անչափահասների վրա ինտերնետային միջավայրի վտանգավոր ազդեցության մասին այսօր հաճախ է խոսվում միջազգային մամուլում, դարձել է խիստ հրատապ ու անհանգստացնող թեմա շատ երկրների օրենսդիր մարմինների, անվտանգության համակարգի, հոգեբանների համար։ Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ։ «Արմինկոյի» գրասենյակից փորձեցինք տեղեկանալ, թե որքանո՞վ են մեր դպրոցականները պաշտպանված պոռնոսայթերից, հետաքրքրվեցինք մեզանում օրեցօր սնկի պես աճող ինտերնետային ակումբների ու ծառայությունների մասին։ Հարցը անսպասելի էր նրանց համար։ Ի վերջո մեզ պատասխանեցին, որ «Արմինկոյի» ինտերնետային ծառայությունից օգտվող դպրոցներում նմանատիպ սայթերի վրա արգելք է դրված, եւ դրանք անհասանելի են դպրոցականներին։ Խնդիրն ավելի բարդ է ինտերնետային ակումբներում, քանի որ պրովայդերները չեն սահմանափակում պոռնոսայթերից օգտվելու նրանց հնարավորությունները, թողնելով ակումբների մասնագետների հայեցողությանը։ Ստացվում է, որ մեր երկրում, բացի դպրոցներից, ինտերնետային պոռնոգրաֆիան ամենուրեք բաց է ու ազատ բոլորիՙ նույնիսկ անչափահասների համար, այն էլՙ շուրջօրյա։

Մամուլում եւ հեռուստատեսությամբ վաղուց արդեն օրենքով արգելված է պոռնոգրաֆիայի տարածումը, իսկ ինտերնետը դուրս է մնացել օրենքիցՙ այդ պահին տարածված չլինելու պատճառով։ Մամուլի մասին գործող օրենքի գլխավոր հեղինակ «Ար» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Մերուժան Տեր¬Գուլանյանը մեր զրույցում անչափ կարեւորեց ինտերնետային պոռնոգրաֆիայի արգելումը մեր միջավայրում, նկատի ունենալով մատաղ սերնդի բարոյահոգեբանության վրա դրա վնասակար հետեւանքները։

Այսպիսով, տվյալ օրենքում լրացումներ մտցնելու ու օրենսդրական դաշտը կարգավորելու հարց է առաջանում, որովհետեւ եթե գործող օրենքը կիրառվեր, ապա հարցը, բնականաբար, կվերահսկվեր ՙ հաշվի առնելով դրա բացասական ազդեցությունը մեր հասարակության առողջ կենսակերպի եւ հոգեբանության վրա։

Հայաստանի ինտերնետային ակումբներին օրենքով պետք է պարտադրվի սահմանափակումներ դնել պոռնոգրաֆիկ սայթերի վրա։ Իհարկե, նման սահմանափակումները կազդեն ինտերնետային ծառայությունների բիզնեսի վրա, սակայն պետք է գիտակցենք, որ գործ ունենք ազգի բարոյականության ու առողջության հետ։

Ի դեպ, այդ մեթոդը կիրառելի է շատ երկրներումՙ Չինաստանում, Լեհաստանում, Իրանում, Գերմանիայում եւ այլուր։ Վերջին օրերին այս խնդիրը լուրջ քննարկման է դրված նաեւ Ռուսաստանում, որտեղ, ըստ մասնագետների, պոռնոբիզնեսը մեծ եկամուտներ է բերում։ Թեպետ ոստիկանությունը հսկողության տակ է առել ինտերնետային ակումբներըՙ պարբերաբար ստուգումներ անցկացնելով, սակայն հոգեբանների եւ համակարգչային մասնագետների կարծիքով, խնդիրն այդկերպ լուծում չի ստանա, եւ ճիշտ քայլը օրենքի ուժով պոռնոսայթերն արգելող ծրագրերի կիրառումն է։ Կարծում ենք, որ խնդրի կարեւորությունը գիտակցում են նաեւ մեր մասնագետները եւ իրենց օգտավետ առաջարկներով կնպաստեն դրա լուծմանը։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4