«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2003-08-28 | #154, 2003-08-29 | #155, 2003-08-30


ԲԱՑ ԺՈՂՈՎ. ԱՌԱՋԻՆ ՌԱՈՒՆԴ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Արմենտել»-ՀՀ կառավարություն բաց ժողովը երկրորդ նմանատիպ միջոցառումն էր։ Հիշեցնենք, որ առաջին ժողովի ժամանակ «Արմենտելն» ընդունեց իրեն ներկայացված մեղադրանքները եւ պարտավորվեց վճարել բրիտանական WFI ընկերությանն այն գումարը, որը վճարել էր Հայաստանի կառավարությունը «Արմենտելի» հարուցած խոչընդոտների պատճառով։

Այս ընթացքում խնդիրները չեն վերացել։ Երկրորդ բաց ժողովը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ եւ նպատակ ունի «Արմենտելին» ներկայացնել ընկերության կողմից լիցենզիայի ու Հայաստանի օրենքների խախտման, պարտավորությունների չկատարման փաստերն ու ապացույցները, ինչը պահանջվում է դարձյալ թ. 60 լիցենզիայով։ Բաց ժողովի արդյունքում, այն նախագահող արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդիկ Մուրադյանը պետք է իր եզրակացություններն ու դրանց հիմնավորումները տա։

Սակայն մինչ կողմերի ներածական ելույթները, ձայն խնդրեց «Արմենտելի» գլխավոր գործադիր տնօրեն Գեորգիուս Վասիլակիսը եւ շեղվելով քննարկվելիք թեմայից, հայտարարեց, որ բաց ժողովն ընկերության համար իր իրավունքները պաշտպանելու միջոց է եւ չի կարող հանդիսանալ որպես պատժամիջոց կիրառող մարմին (ինչի մասին ոչ ոք չէր ասել- Ա. Մ.)։ Նա նաեւ իր դժգոհությունը հայտնեցՙ Հայաստանի կառավարության տեսակետները, բացի տրանսպորտի եւ կապի նախարարից, արդարադատության նախարարի կողմից ներկայացնելու համար։ Ինչին ժողովը նախագահողը պատասխանեց, որ կառավարությունն իրավասու է ներկայանալ այդպես, եւ դա տեղավորվում է նրա իրավասությունների շրջանակում։

Կառավարության դիրքորոշման ներկայացմամբ հանդես եկավ կառավարության պաշտոնական իրավախորհրդատու Վահե Յաղուբյանը։ Նա մասնավորապես նշեց, որ «Արմենտելն» իր գործունեության ընթացքում խախտել է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, «Հեռահաղորդակցության մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքները, թ. 60 լիցենզիայի պահանջները։ Վահե Յաղուբյանն ընդգծեց, որ, ճիշտ է, լիցենզիան կարգավորում է «Արմենտելի» գործունեությունը, բայց Հայաստանի մյուս օրենքները եւս պետք է կիրառվեն, ինչի մասին նշվում է լիցենզիայի 10 բ եւ 12 բ կետերում։ Կառավարությունը, համաձայն նույն 10 բ կետի, սկսել է այս գործի վարույթը, ինչի արդյունքում կարող է էական պատիժներ կամ տույժեր սահմանել ընկերությանը կամ փոփոխել լիցենզիայի պայմանները։ Թեեւ «Արմենտելն» էլ, լիցենզիայի 11 կետի համաձայն, կարող է բողոքարկել այդ ամենը չեզոք դատարանում։

Հունական կողմը Հայաստանի կառավարության պաշտոնական իրավախորհրդատուի ելույթի տեքստը համարեց անակնկալ։ Գ. Վասիլակիսը հայտնեց, որ այն իրենց չի տրամադրվել եւ առաջարկեց 1 ամսով հետաձգել ժողովըՙ այդ տեքստին ծանոթանալու նպատակով։ Նա նաեւ կրկին քննադատեց Հայաստանի կառավարությանը, ասելով, որ ներդրումային պարտավորությունների կատարումը պետք է լիներ ոչ թե հիմա, այլ 2005 թ. մարտին, որ կառավարությունը չի հարգում միջազգային պայմանագրերը։ Մինչդեռ «Արմենտելը», ըստ նրա գործադիր տնօրենի, իր պարտավորված 200 մլն դոլարից 182 մլն դոլարն արդեն ներդրել է։ Ընդունելով, որ առայժմ «որակը դեռեւս այն չէ», պրն Վասիլակիսը հայկական կողմին մեղադրեց ընկերության գործունեությունը խոչընդոտելու համար։

էդուարդ Մուրադյանը մերժեց բաց ժողովը 1 ամսով հետաձգելու առաջարկը, ասելով, որ կողմերը քննարկելու են ապացույցները եւ ոչ թե հայտարարությունները։ Միաժամանակ նախագահողը պարտավորեցրեց ՀՀ կառավարությանը տվյալ ելույթի տեքստը տրամադրել «Արմենտելին»։

Ըստ էության քննարկումը սկսվեց, երբ որպես վկա կանչվեց տրանսպորտի եւ կապի նախարարության կապի ու տեղեկատվայնացման վարչության պետ Գրիգոր Սաղյանը։ Նրան նախ իր հարցերն ուղղեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Դրանց պատասխանելով, վարչության պետը նախ ներկայացրեց բջջային կապի վիճակը Հայաստանում։ Ըստ թ. 60 լիցենզիայի, «Արմենտելը» պարտավոր է բջջային կապի ծառայություններ մատուցել Հայաստանի ամբողջ տարածքում եւ գործունեության ողջ ընթացքում։ Ներկայումս բջջային կապն ընդգրկում է, հաշվարկային տվյալներով, տարածքի 30 տոկոսը եւ բնակչության 50 տոկոսը։ Այդ 30 տոկոսն էլ չի կարելի ասել, որ մատուցվում է ինչպես պետք է։ Ասվածը փաստարկելու նպատակով Գրիգոր Սաղյանը համեմատություններ անցկացրեց հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի հետ։ Վրաստանում բջջային կապն ընդգրկում է երկրի տարածքի 95 տոկոսը։ Բաժանորդների թիվը Հայաստանում 34 հազար է, իսկ պահանջարկըՙ 200-300 հազար։ Իրականությանը չի համապատասխանում «Արմենտելի» պնդումը, թե դրա պատճառը ցածր պահանջարկն է եղել, քանի որ բաժանորդների թվի քիչ լինելը նախ բջջային կապի ցածր որակի, ապա փոքր ծածկույթի հետեւանք է։ Հաջորդը կանխավճարային քարտերի ուշացած ներդրումն է։ Ընդ որում, սեւ շուկայում այդ քարտերն անվանական 15 հազար դրամի փոխարեն վաճառվում են 150-280 դոլարով, ինչը ոչ պրոֆեսիոնալ վաճառքի արդյունք է։ Ռոումինգը նույնպես ուշ ներդրված ծառայություն է, որի պահանջարկը նույնպես մեծ է։ Բջջային կապի մշտական թերություններն ենՙ գրանցման մերժումը, կապի ընդհատումը եւ աղավաղվող կապը։

Տվյալների փոխանակման ոլորտում Գրիգոր Սաղյանը նշեց E1 կապուղիների տրամադրման խոչընդոտները, լծորդման պայմանագրեր չկնքելը, առանց նախազգուշացման պրովայդերների կապի անջատումը, խտրական պայմանագրերի կնքումը։ Որպես վերջինիս օրինակ նշվեց «Արմենտել» ընկերությանը 1 դրամով տրվող ծառայությունն այն դեպքում, երբ մյուս օպերատորներին նույն ծառայությունը տրվում է 20 դրամով։ Բանն այն է, որ «Արմենտելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Արմենտելին»։

Տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցչին իր հարցերն ուղղեց նաեւ «Արմենտելի» գործադիր տնօրենըՙ փորձելով վեր հանել կառավարության մոտեցումների թույլ կողմերը։

Կառավարության հրավիրած հաջորդ վկան տրանսպորտի եւ կապի նախարարության մեկ այլ պաշտոնյա էրՙ աշխատակազմի կապի վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը։ Դավիթ Հարությունյանի հարցերին նրա պատասխաններից պարզ դարձավ, որ «Արմենտելը» չի կատարել 5 տարում 200 մլն դոլարի ներդրումային ծրագիրը։ Սակայն սրան Գեորգիուս Վասիլակիսն առարկեց, ասելով, որ առնվազն 1 տարի լրացուցիչ ժամանակ «Արմենտելը» դեռեւս ունի, ինչն ամրագրված է թ. 60 լիցենզիայում։ Այնուհետեւ Գեւորգ Գեւորգյանը հայտնեց, որ 800 գյուղերի հեռախոսների թվայնացում չի կատարվել, ինչն «Արմենտելի» պարտավորությունների թվում էր։ Թվայնացվել են 60 գյուղեր, որը նախատեսվածի 7 տոկոսն է։ Նշվեց, որ փաստորեն գյուղական հեռախոսակապը ոչ միայն չի բարելավվել, այլ շուրջ 12 տոկոսի չափով գյուղերում վերացել է նաեւ անալոգային հեռախոսակապը։ Հեռախոսակապի խտության ապահովումը չի հասել նույնիսկ 1998 թ. մակարդակին, իսկ «Արմենտելը» պարտավորվել էր 100-ից 20 բնակիչ հեռախոսակապի խտություն ապահովել։ Սա «Արմենտելի» գործադիր տնօրենը բացատրեց այն փաստով, որ շուրջ 150 հազար հեռախոսագծեր զբաղեցրած չեն, որոնք կազմում են ընդհանուրի 25 տոկոսը։ Այսինքնՙ 697 հազար հեռախոսագծերից միացված են 550 հազարը։ Չնայած դրան, ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցչի, հեռախոսագծերի մեծ պահանջարկ կա քաղաքային բնակավայրերումՙ Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Երեւանում, որը չի բավարարվում։ «Արմենտելը» պետք է բավարարի նաեւ բաժանորդներին իրենց հեռախոսային վճարների ստացումը, ինչի մասին բաժանորդներն առաջին անգամ իմացան բաց ժողովում։ Պարզ է, որ դա եւս չի կատարվում։ Բջջային կապի որակի վերջին, այս տարվա հուլիսի ուսումնասիրությունները վկայակոչելով, նախարարության վարչության պետն այն կարծիքը հայտեց, որ ավելի է վատթարացել։

Երեկ սկսված բաց ժողովը կշարունակվի այսօր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4