«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2003-08-29 | #155, 2003-08-30 | #156, 2003-09-02


ՈՒՄ Է ԺՊՏՈՒՄ ԱՅՍ ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

Գյումրիում «օպտիմալացվել» են մի քանի զույգ դպրոցներ, իսկ մի դեպքում նույնիսկ 3 դպրոց է միացվել

Եթե հիշողությունը մեզ չի դավաճանում, Շիրակի մարզի ուսուցիչների նախորդ տարվա օգոստոսյան խորհրդակցությունում մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը, ներկայացնելով Գյումրիում տնակներից դուրս եկող, բայց քարաշեն մեկ այլ կրթօջախի շենքում տեղավորվող հանրակրթական մի քանի դպրոցների ցանկը, հավաստեց, որ դա դեռ չի նշանակում այդ դպրոցների միավորում։ Անցած ուստարում այդպիսիք թեեւ նույն տանիքի տակ, սակայն շարունակեցին գործել առանձին ¬ առանձին։ Այս ուստարվա նախամեկնարկային խորհրդակցությունում, օգոստոսի 30-ին, պրն Մինասյանն արդեն հպարտորեն զեկուցեց, որ ի կատարումն հանրապետության կրթական համակարգի օպտիմալացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման, այդպիսի միաձուլումներն այլեւս կատարված իրողություն են։ Քաղաքի եւ մարզի թվով 15 դպրոցներ ընդգրկող վերախմբավորումների, այսինքնՙ այդ կրթական հաստատությունների հիմնականում զույգ-զույգ միավորման հետեւանքով այդ 15-ի փոխարեն ձեւավորվել են եւ այսուհետեւ կգործեն 7 դպրոցներ։ Ներողություն, պետական ոչ առեւտրային կազմակերպություններՙ Թերեւս մնում է շնորհավորել կառավարությանըՙ մի զարկով նման շշմեցուցիչ հաջողության հասնելու համար, եւ սպասել նույն կարգի նոր խիզախումների։ Կրթության վարչության պետը տեղեկացրեց, թե «կունենանք օպտիմալացման եւս 2-3 զույգ, ինչը կմանրամասնենք հետո»։

Այսպիսով, մարզում միավորվել են Արթիկի 1-ին եւ ավագ դպրոցները, Գյումրու հանրակրթական 3-րդ եւ 13-րդ (միասինՙ այսուհետեւ 3-րդ), 4-րդ եւ 12-րդ (այսուհետեւՙ 4-րդ, եւ այսպես շարունակ), 28-րդ եւ 34-րդ, 15-րդ եւ 36-րդ, 39-րդ եւ Կապս գյուղի, ինչպես նաեւ Գյումրու 7-րդ, 14-րդ եւ 16-րդ դպրոցները։ Բոլորըՙ միջնակարգ։ Միավորված վերջին եռյակից եթե գոնե 7-րդ դպրոցն անցյալ ուստարվա վերջին ունեցել է 110 աշակերտ, ապա 16-րդում այդ թիվը եղել է շուրջ 550, իսկ 14-րդումՙ ամբողջ 1060։ Ի դեպ, կարելի է կարծել, որ այս միաձուլումներով Գյումրիում նաեւ իրենց անուններով դպրոցներ են «կորցրել» Հովհաննես Թումանյանը, Խաչատուր Աբովյանը, Մկրտիչ Արմենը, Հովհաննես Շիրազը, Հակոբ Պարոնյանն ու Անանիա Շիրակացին։ Մեր մեծերը դրանից հավանաբար շատ չեն տուժի։ Իսկ թե քաղաքում ու մարզում հետաղետյան եւ մյուս դժվար տարիներին դպրոցին պետք եկած քանի մանկավարժներ միանգամից կհամալրեն գործազուրկների շարքերը, այդ մասին խորհրդակցությունում չասվեց։ Միայն նշվեց իրենց մասնագիտությամբ աշխատող ոչ թոշակառու այդպիսի 90 մասնագետ մանկավարժների մասին, որոնցից առայժմ 50-ը, կրթության վարչության պետի հավաստմամբ, արդեն աշխատանքի տեղավորվել են քաղաքի այլ դպրոցներում։

Մարզի ուսուցիչների, ավելի ճիշտՙ տնօրենների ու փոխտնօրենների գլխավոր տարեկան ժողովում կարծես թե չբացատրվեցՙ այդքան դպրոցները ինչու պիտի որպես առանձին միավորներ փակվեն։ Փոխարենը բավական հաջող մեկնաբանվեց, թե ինչու պիտի չաշխատեն թոշակառուները, ոչ մասնագետները, քիչ դասաժամեր ունեցողները։ Հանուն ուսման ու կրթության որակի։ Ցավոք, հարցնող կամ պատասխանող էլ չեղավ, թե կրթական բարեփոխումների ծրագրով կամ մեկ այլ հրահանգով պարտադրվող 35 հոգանոց դասարանում ի՞նչ ուսման որակ։

Հետո դրսում զրուցելիս մի երկարամյա մանկավարժ բարեփոխումների հարցի մասին ասաց. «Այսքան տարի աշխատում եմ, ութ ռեֆորմ եմ տեսել։ Այդպես չի կարելի։ Դպրոցի ռեֆորմը հարյուր տարին մեկ պիտի լինի»։ Իսկ մեկն էլ նկատեց, թե «դպրոցում արդեն 99,99 տոկոսը կանայք են, այդ մասին մտածեք»։

Օգոստոսյան խորհրդակցությանը մասնակցում էին եւ ելույթ ունեցան Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Աիդա Թոփուզյանը։ «Պետության կայունությունը,¬ մասնավորապես նշեց պրն. Մանուկյանը,¬ առաջին հերթին դպրոցից է սկսվում։ Ունենանք կայուն դպրոցՙ կունենանք պետություն»։ Վերջում մարզպետը եւ փոխնախարարը նաեւ մանկավարժների ընդունելություն կատարեցին։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4