ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ կառավարության կողմից «Արմենտելին» տրված թ. 60 լիցենզիան պետք է փոխվի եւ բոլոր բացառիկ իրավունքները, որոնք տրված են այդ լիցենզիայով, պետք է ձեւափոխվեն ոչ բացառիկի։ Սա թերեւս ՀՀ կառավարություն-«Արմենտել» բաց ժողովի գլխավոր արդյունքն էր, որի անհրաժեշտությունը հասունացել էր վաղուց։
Երեկվա նիստը սկսվեց «Արմենտելի» գործադիր տնօրեն Գեորգիուս Վասիլակիսի վկայական ելույթով։ Նա նախ անդրադարձավ ինտերնետ կապ մատակարարող ընկերությունների կողմից դատական հայցեր շահելու փաստին, ասելով, որ դրա համար հիմք է հանդիսանում տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչ Գրիգոր Սաղյանի գրությունը։ Այդ գրության մեջ մասնավորապես նշվում է, որ հիշյալ կապը «Արմենտելի» բացառիկ իրավունքների մեջ չի մտնում։
Հաջորդը վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկիՙ «Արմենտելում» ներդրումներ կատարելուց հրաժարվելու հարցն էր։ «Արմենտելը» դա բացատրեց մի քանի հանգամանքներով։ Ըստ այդմ, 40 մլն դոլարը պետք է մարվի 5 տարվա ընթացքումՙ առանց լրացուցիչ մարման ժամկետի։ Իսկ, օրինակ, մատակարարների հետ պայմանագրերում նման ժամկետներ նախատեսված են։ Տրվող գումարի տոկոսադրույքն էր բարձր, ՎԶԵԲ-ը OTE-ից պահանջում էր վճարման երաշխիք եւ որ գրավ դրվեր «Արմենտելի» բաժնետոմսերը։ Այս ամենը «Արմենտելի» համար անընդունելի են եղել։
800 գյուղերի թվայնացման մասին Գեորգիուս Վասիլակիսը նշեց, որ դա փաստորեն նշանակում է ամբողջ Հայաստանի թվայնացում, այդ ծրագրի մեծ մասը պետք է կատարվի 2-րդ հնգամյա ծրագրի ընթացքում։
«Արմենտելի» գործադիր տնօրենի վկայությունից հետո կողմերն անցան ամփոփիչ ելույթների։
Կառավարության պաշտոնական իրավախորհրդատու Վահե Յաղուբյանն անդրադարձավ այն բոլոր պարտավորություններին, որոնք «Արմենտելը» չի կատարել սահմանված ժամկետումՙ 2003 թ. մարտին։
800 գյուղերի թվայնացման փոխարեն, ըստ իրավախորհրդատուի, թվայնացվել է 54 գյուղ։ «Արմենտելը» նշում է, որ 162 գյուղերում էլ տեղադրվել է բջջային կապ, ինչը սակայն չի նշանակում թվայնացում։ Սակայն եթե անգամ դա էլ համարենք թվայնացում, ապա այդ գյուղերի թիվը 200-ից փոքր-ինչ ավելի կլինի, բայց ոչ 800։
Հեռախտությունը պետք է լինի 20 տոկոս։ Այսինքնՙ 100 բնակչից 20-ը պետք է ապահովված լինի հեռախոսակապով։ Ներկա խտությունը կազմում է 17 տոկոս, ինչը նույնպես նշանակում է, որ չի կատարվում լիցենզիայի պահանջը։
Ներդրումների առումով պատկերը նույնն է։ Համաձայն լիցենզիայի, առաջին 5 տարում պետք է ներդրվեր 200 մլն դոլար։ Սակայն վերոնշյալ ժամկետում դա չի կատարվել։ Բացի այդ, շատ ծախսեր ուռճացված են եղել եւ չեն ուղղվել հեռահաղորդակցության զարգացմանը։
Այնուհետեւ «Արմենտելը» կամայական մոտեցում է ցուցաբերել տվյալների փոխանակման եւ ինտերնետ կապի ոլորտում գործող ընկերությունների նկատմամբ։ Մասնավորապես սահմանվում են խտրական գներ, ապօրինի կերպով անջատվում է այդ ընկերությունների կապը, չեն տրամադրում կապուղիներ եւ այլն։
«Արմենտելը» չի կարողանում որակյալ բջջային կապ ապահովել։ Այդ կապի որակը չի համապատասխանում ոչ միայն եվրոպական չափանիշներին, այլեւ ԱՊՀ երկրների որակին։
Զանգերը չեն հասնում, անջատվում են կամ չեն ավարտվում։ Ժամանակին չի կատարվել նաեւ ռոումինգով եւ կանխավճարային քարտերով ծառայությունների տրամադրումը։ Այնուհետեւ, չնայած ամբողջ Հայաստանի տարածքով բջջային կապ ապահովելու պարտավորությանն, այդ կապն ապահովվում է երկրի տարածքի 30 տոկոսում։
Վահե Յաղուբյանը նշեց, որ «Արմենտելը» չի կատարում նաեւ հեռախոսային հաշիվներ ներկայացնելու լիցենզիայի պահանջը։
Կառավարության իրավախորհրդատուն ընդգծեց, որ «Արմենտելը» խախտել է բաժանորդների խոսակցությունների գաղտնիության իրավունքը։ Այստեղ կիրառվում է մոնիտորինգի համակարգ, որը հնարավորություն է տալիս լսելու հեռախոսային խոսակցությունները։
Գեորգիուս Վասիլակիսի ելույթն առավել ծավալուն էր եւ տեւեց գրեթե 2 ժամ։ «Արմենտելի» գլխավոր գործադիր տնօրենի խոսքը հուզական էր։ Նա նշեց, որ այս գործընթացը սկսել են եւ իրականացնում են իրավաբանական կրթություն ունեցող մի քանի պաշտոնյաներ։ Նրանք, ըստ պրն Վասիլակիսի, ամուսնալուծություն են ցանկանում առանց ապահարզանի եւ երեխաների համար վճարելու։ Փաստորեն, խոշոր ներդնողն իրեն խաբված է համարում։ Մինչդեռ մինչ այդ նրա կողմից ընդհանուր առմամբ 400 մլն դոլար է ներդրվել Հայաստանումՙ ներառյալ 142 մլն դոլար համակարգի ձեռքբերման գինը եւ 62 մլն դոլար նախկին պարտքերը։ «Արմենտելի» գլխավոր գործադիր տնօրենի կարծիքով, «Արմենտելին» լիցենզիայից զրկելու համար ստեղծվեց շինծու մեղադրանք եւ որոշ վկաներ հաստատեցին այդ մեղադրանքը։ Նա ընդգծեց բաժնետոմսերի կնքման պայմանագրի, որպես միջազգային պայմանագրի կարեւորությունը, որտեղ ներդրումների իրականացման համար 10 տարվա ծրագիր է նախատեսված։ Հետեւաբար այս պայմանագրի հարցը պետք է լուծվի Լոնդոնի միջազգային դատարանում։
Վերջապես կառավարության առաջարկների մասին, որը ներկայացրեց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը։
Առաջին կետով, բացի «Արմենտելի» բացառիկ իրավունքի վերափոխմանը ոչ բացառիկ իրավունքների, նախատեսվում է կառավարության կողմից նոր լիցենզիաներ տրամադրելու իրավունքը։ Այնուհետեւ լիցենզիան պետք է այնպես փոխվի, որպեսզի երաշխավորվեն նոր լիցենզավորված անձանց պատշաճ գործողություններըՙ ներառյալ, բայց չսահմանափակված «Արմենտել» ընկերության պարտավորությունը լծորդելու ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական օպերատորների ցանցերը եւ հեռախոսահամարների ծրագրի պատշաճ կառավարումը։ Լիցենզավորվողը («Արմենտելը») պետք է կիրառի լիազորված մարմնի հաստատած օրինակելի պայմանագրերՙ բոլոր այն ծառայությունների դեպքում, որոնք մատուցվում են գերիշխող հիմքով։ Լիազորված մարմինը պետք է լիազորված լինի նաեւ լիցենզիայի խախտման դեպքում կիրառելու ողջամիտ դրամական տուգանքներ։
Այս ամենից բացի նշվում է, որ «Արմենտելը» պետք է պարտավորվի անմիջապես վերամիացնել բոլոր ինտերնետ ծառայություններ մատուցողների անօրինական անջատված կապը, մինչեւ սեպտեմբերի 30-ը քայլեր ապահովել E1 կապուղիներ տրամադրելու համար, մինչեւ դեկտեմբերի 31-ն ապահովել հաշիվների ներկայացման լիցենզիայով սահմանված պահանջները, անմիջապես դադարեցնել բոլոր գաղտնալսումների եւ փոխանակվող տեղեկությունների գրանցման հետ կապված գործողությունները, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, անմիջապես դադարեցնել հեռախոսագծերով փոխանակվող տեղեկությունների դիտավորյալ խանգարումները։
Բնականաբար, այս փաստաթուղթը դժգոհությամբ ընդունեց «Արմենտելի» ղեկավարությունը։ Գեորգիուս Վասիլակիսը նշեց, որ դա պետք է ներկայացվի ոչ թե «Արմենտելին», այլ նրա հիմնական բաժնետեր OTE-ին։ Կառավարությունը, նրա հետ որպես ներդնողի, պետք է բանակցի եւ հանգի պայմանավորվածության։ Իսկ եթե դա տեղի չունենա, ապա խնդիրը պետք է լուծի Լոնդոնի արբիտրաժային դատարանը։ «Արմենտելի» գլխավոր գործադիր տնօրենը դարձյալ հայտարարեց, որ բաց ժողովի ընթացակարգն ինքն անօրինական է համարում, ապա դիմելով բաց ժողովը նախագահողին, խորհուրդ տվեց, որ արծարծված հարցերի շուրջ կառավարությունը բանակցի OTE-ի հետ։ Նա նաեւ հայտնեց, որ այսուհետեւ ինքը հանձնարարելու է կասեցնել ներդրումային յուրաքանչյուր գործունեություն։
Գեորգիուս Վասիլակիսի ելույթից հետո բաց ժողովը նախագահող Էդուարդ Մուրադյանը հայտարարեց, որ ինքը խելամիտ ժամկետում կներկայացնի իր եզրակացությունները, ինչով էլ «Արմենտել»-ՀՀ կառավարություն մրցամարտի այս փուլն ավարտվեց։