«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2003-09-03 | #158, 2003-09-04 | #159, 2003-09-05


«ՍԻԱՄԱՆԹՈՆ ՇԱՏ ԱՄՉԿՈՏ ԷՐ...»

«Ես որբ մըն եմ եւ ըմբոստ մը, մնա՜ս բարեաւ, կորուսեալներս փնտռելու, կ՛երթամ...

Քու երգերէդ երգ մը տուր ինձ, երգ մը, ես երգելո՜վ կ՛ուզեմ մեռնիլ...

Օգոստոսի 15-ին լրացավ Սիամանթոյի 125-ամյակը։ Հայ բազմադարյա քնարերգության ըմբոստության ու խիզախումի բանաստեղծը եւս կիսեց դարասկզբի արեւմտահայ մտավորական ընտրանու եղերական ճակատագիրըՙ դառնալով նահատակը 1915-ի հայոց ցեղասպանության։

Սիամանթոյի հոբելյանական օրերի առիթով Երեւանում է բանաստեղծի քրոջ թոռըՙ Մանուկ Ադամյանը։ Բանաստեղծի զարմիկն արդեն երկար տարիներ զբաղվում է Սիամանթոյով եւ լավագույն սիամանթոյագետն է համարվում։ 1995-ին տեղեկանալով Երեւանի Սիամանթոյի անվան դպրոցի մասինՙ որոշում է օգնել, իսկ հաջորդ տարին կրթարանում կազմակերպված սիամանթոյական օրերին մասնակցելովՙ հանդիպում է դերասան Ազատ Գասպարյանին, մի առիթով լսում ասմունքողի սիամանթոյական մեկնաբանությունը եւ «զարմանում, խենթանում»։ Մտադրվում է լազերային սկավառակ թողարկել, ինչն իրականացնում է 2000 թ.ՙ գրականության եւ արվեստի թանգարանի, ի մասնավորի, փոխտնօրեն, գրականագետ Գուրգեն Գասպարյանի աջակցությունը վայելելով։ Հոբելյանի առիթով 2-րդ լազերային սկավառակի, ինչպես եւ կապի նախարարության աջակցությամբ նամականիշի թողարկումն առայժմ հապաղում է։ Մինչդեռ ընդամենը 2 շաբաթվա ընթացքում տպագրության պատրաստվեց Սիամանթոյի նոր ընտրանին։ Ժողովածուն հրատարակության են պատրաստել Մանուկ Ադամյանը եւ գրականագետ Գուրգեն Գասպարյանը։ Ալբոմատիպ գիրքը նկարներով, Լեւոն Անանյանի առաջաբանով, հեղինակներիՙ Մանուկ Ադամյանի եւ Գուրգեն Գասպարյանի հոդվածներով, լույս տեսավ երեկ։

Ժողովածուն ընդգրկում է Սիամանթոյի հանրահայտ բանաստեղծությունները, եւ մի շարք կարեւոր հրապարակումներՙ 1913-ին Սիամանթոյի հոբելյանի առիթով Դանիել Վարուժանի արտասանած ճառըՙ հայտնի վերջաբանովՙ «Պատիվ ըրեք վսեմաշուք քերթողին», Ռուբեն Զարդարյանի 1909 թ. գրված տեքստը եւ Վահան Թոթովենցիՙ 1917-ի ապրիլի 24-ի հայտնի մտավորականների շարքումՙ Սիամանթոյի դիմանկարի գրությունը։ Բանաստեղծի բուն տարեդարձի օրըՙ օգոստոսի 15-ին, գրականության եւ արվեստի թանգարանում, կիսամտերմիկ մթնոլորտում նշվեց Սիամանթոյի 125-ամյակը, որտեղ խոսք ասաց Մ. Ադամյանը եւ արտասանեց «Դարերու վրեժը» բանաստեղծությունը։

Մանուկ Ադամյանը Սիամանթոյի ամենամերձավոր զարմիկն է, օգտվելով առիթից խնդրեցինք իրեն դրվագներ պատմել սիամանթոյական ընտանեկան հիշողություններից ու մասունքներից ։

¬ Մորս կողմե, Սիամանթոյի ամբողջ ընտանիքըՙ երեք քույրերըՙ Ազնիվ, Արմենուհի եւ Զապել, 1914-ի պատերազմեն ետքը Փարիզ եկան։ Մեծ մայրսՙ Արմենուհին, զավակ ունեցավՙ մեկ աղջիկ եւ մեկ տղա։ Միայն աղջիկըՙ Շաքեն, զավակ ունեցավՙ երեք տղա։ Մենք ամենամոտ ազգականներն ենք Սիամանթոյի, բայց շատ ուիշներ ալ կան։ Ամերիկա Արա Յարճանյան մը կա, որուն գոյությունը չէի գիտեր, ինքն ալ կկարծերՙ վերջին մոհիկանն է, առիթով մը Փարիզ հանդիպեցանք։ Հոս Աղավնի Յարճանյանը կա, որ Սիամանթոյի բուն զարմիկին հորեղբոր տղուն թոռնուհին է։ Երեւան ուրիշ երկու ընտանիք եւս կա սիամանթոյական, Թեհրանի մեջն ալ իմացա, որ ազգականներ ունինք։

¬ Ի՞նչ ընտանեկան մասունք է ավելի տպավորված ձեր մեջ։

¬ Առաջին անգամ Սիամանթո անունը հորմես իմացա։ Հայրս երբ հայ գաղութին մեջ մորս մեկուն կներկայացներ, ամեն անգամ կըսերՙ Սիամանթոյին քրոջ աղջիկն է, ես ալ կկարծեի քաղաքավարական ձեւ մըն է, երբ մեկը իր կնոջը ուրիշ մեկուն կներկայացնե, պիտի ըսե Սիամանթոյին քրոջ աղջիկն է։ Ես 3-4 տարեկան էի այդ ժամանակ։ Մորս մորաքույրները կհիշեմ։ Մեծ մայրսՙ Արմենուհին, որ շատ անուշիկ կին էր (1968-ին մահացավ), կխոսեր երբեմն, հիշատակներ կպատմեր։ Ամենքն ալ ակնեցի էին։ Բայց Ակնա մասին հիշատակություններ, վկայություններ չեմ լսած անոնցմե։ Մայրս քիչ բան կպատմե, որովհետեւ 1913-ին ծնած է Պոլսո մեջ եւ ինքն ալ լսածները կպատմե։

¬ Ի՞նչ կպատմե։

¬ Միշտ կպատմե, որ Սիամանթոն շատ ամչկոտ էր, երբ կնոջ մասին խոսք կըլլար, միշտ կկարմրեր։ Վահրամ Փափազյան «Սրտիս պարտքը» գրության մեջ դրվագ մը կպատմե Սիամանթոյի մասին, որ Վենետիկի մեջ գեղեցիկ իտալուհիի մը ետեւեն կքալե ու կքալե։ Երբ իտալուհին կտեսնե ինչ եղածը եւ երբ իր տունին առջեւ կհասնիՙ հրամեցեք, կըսե։ Այդ ժամանակ Սիամանթոն սարսափած վազելով կփախի։

Թեեւ չամուսնացավ, բայց հայտնի բան է, որ Պոլիսի մեջ ընկերուհի մը ուներՙ Մանիկ Պերպերյանՙ նշանավոր Ռեթեոս Պերպերյանի դուստրը։ Մանիկն ալ շատ հուզիչ բան մը գրեց 1931-ին, ուր իր սիրային պտույտներուն մասին կխոսի։

1904-1905-ին երբ Սիամանթոն Զվիցերիո հիվանդանոցի մեջ թոքախտեն բուժվեցավ, հոն թիֆլիսցի օրիորդ Չարեկյանի մը հանդիպեցավ եւ սիրահարեցան։ Երբ օրիորդը Թիֆլիս վերադարձավ, մեկ-երկու տարի նամակակցեցան, բայց աղջկան ծնողքը արգիլեց անոր Սիամանթոյի հետ ամուսնանալ։ Հետո աղջիկը Թավրիզ գնաց, ապա Երեւան եկավ եւ մինչեւ 80 անց հոս ապրեցավ։ Գիտեմ, որովհետեւ Սիամանթոյի փոքր քույրըՙ Զապելը, երբ 1962-ին բանաստեղծի ամբողջ արխիվը Հայաստան բերավ, հանդիպեցան իրար, նկարները կան։

¬ Պրն Ադամյան, ձեր երեքշաբաթյա երեւանյան ընթացքին Գրականության եւ արվեստի թանգարանի աջակցությամբ հավաքել, կազմել եւ խմբագրել եք Սիամանթոյի նոր ընտրանին, որ երեկ լույս տեսավ։ Տեղեկացանք, որ որոշակի անհամաձայնություններ եք ունեցել անցյալ տարի Սիամանթոյի անտիպ բանաստեղծությունների ժողովածուի հրատարակման առիթով։

¬ Այո՛։ Անցած տարի, դժբախտաբար, տպվեցավ Սիամանթոյի անտիպ բանաստեղծություններու ժողովածուն (իբր թե անտիպ էին) Մանուկ Աբեղյանի անվամբ գրականության ինստիտուտի կողմե, որ հակադասական ուղղագրության կեդրոն մըն է։ Գիրքը Հարություն Սիմոնյան ֆոնդի պահանջով միայն ստիպվեցան դասական ուղղագրությամբ տպել։ Սակայն ամբողջ մնացածըՙ բովանդակություն, ծանոթագրություն, հառաջաբան, աբեղյանական ուղղագրությամբ է։ Բայց այդ չէ խնդիրը, այլ ան է, որ անմշակ կերպով տեքստերը կներկայացնեն եւ շատ սխալներով, հատկապես ուղղագրական։ Նախ ծանոթագրության էջաթիվերը չկան, չես գիտերՙ որը որուն կվերաբերի, ու այնպես պարզամիտ ձեւով կատարված են մեկնաբանություններըՙ Հիսուսին ով ըլլալը, Մուհամեդին, Լյուդվիգ վան Բեթհովենին ով ըլլալը կբացատրվի։

Ժամանակին իրենց նամակ գրեցիՙ պահանջելով, որ շուկայեն հանեն ատիկա, եւ նոր հրատարակություն պատրաստեն։ Ժխտողական, խուսափողական պատասխան ստացա։ Խայտառակություն է մեծերու հետ այսպես վարվիլը, հասկցա, որ վարժապետական ակադեմիա է ատիկա։ Ասոր մասին կբողոքեմ, որպեսզի նորեն չշարունակվի այդ տեսակ խայտառակությունը։

¬ Իսկ առհասարակ ինչպե՞ս եք զգում ձեզ այստեղ, ի՞նչ տպավորություններ ունեք։

¬ Քսանմեկերորդ անգամն է, որ Հայաստան կուգամ, տարին 2 անգամՙ գլխավորաբար Սիամանթոյի գործերով։ Տարիներ առաջ Սովետական Հայաստան իբրեւ զբոսաշրջիկ եկա, 1993-ին վերադարձա «Երկիր եւ մշակույթ» միության բանակումին մասնակցելու, միության նախագահ Գեղամ Գեւոնյանի հետ վերաշինեցինք Սպիտակեն 10 կմ հյուսիս գտնվող Գոգարանի եկեղեցին, որուն օծումը 1996-ին Գարեգին Ա կաթողիկոսի ձեռամբ եղավ։ 1994-ին Ավետիս¬Սիամանթո եւ Վահան (Սիամանթոյի եղբոր անունն է) տղաներուս հետ եկա։ Երեւանը քիչ մը իմ քաղաքս է, կհուսամ ապագային ավելի երկար մնամ։

Փարիզում, 1942 թ. է ծնվել Մանուկ Ադամյանը։ Սովորել է Սեւրի Մխիթարյան Սամուել-Մուրադ վարժարանում։ 1957-ին, հայտնի բանասեր Գեղամ Գեւոնյանի հետ ազգայնական գործունեություն է ծավալելՙ հետամուտ հայ դատին եւ ազգային ոգու վերազարթոնքին։ Մասնագիտացել է բժշկության ասպարեզում, այժմ աշխատում է Նորմանդիայում, տարօրինակ անվամբ փոքրիկ մի քաղաքումՙ EU (թագավորական անուն է, եղել է կոմսություն, որ մի ժամանակ Լուսինյաններին է պատկանել)։ Մանուկ Ադամյանի մայրըՙ Սիամանթոյի քրոջ աղջիկը, Շաքե Ադամյանը, 90 տարեկան է, ապրում է Փարիզում, Սիամանթոյի մասին շատ բան չգիտի, հայերեն չի կարդում, հայրը նրան Պոլսում ֆրանսիական դպրոց է ուղարկել, բայց ապրում է իր մեծ մորեղբոր սուրբ մասունքների աղոտ հիշողություններով ու քերթվածներով։

Ափ մը մոխի՜ր աճիւնիս հետ, Հայրենի տուն,

Ափ մը մոխի՜ր, քու մոխիրէդ, ո՜վ պիտի բերէ,

Քու յիշատակէ՛դ, քու ցաւէ՛դ, քու անցեալէ՛դ,

Ափ մը մոխիր... իմ սրտիս վրան ցանելու...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4