ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Վերջին 2-ամսյա հետազոտությունների ընթացքում Սպառողների շահերի պաշտպանության միության փորձագետները երեւանյան վաճառակետերում հայտնաբերել են մոտ 2 տասնյակ կեղծված դեղամիջոցներ։ Ամենից հաճախ հանդիպող դեղերի ցանկը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
Կեֆզոլ
Սումամեդ-պատիճ թիվ 6, 250 մլգ
Կավինտոն
Սուպրաստին /հաբ/
Լեվոմիցետին /հաբ/
Նիզորալ /հաբ/
Վալոկարդին
Բիսեպտոլ /հաբ/
Բարալգին /հաբ/
Բարալգին /սրսկման համար/
Նեովիր /սրսկման համար/
Ռումալոն /սրսկման համար/
Նոշպա /հաբ/
Կլորիտին
Էնապ-հ
Այս դեղամիջոցների մեծ մասը բավական թանկ արժե։ Օրինակ, սումամեդը հանդիպում է 5 հազար դրամ եւ ավելի արժեքով։ Կեղծարարների գործունեությունն անբարո է միանգամից մի քանի տեսանկյունից։ Մեր իրականության մեջ աղքատներն ու անապահով խավը սոցիալական բուրգի մի քանի աստիճան են զբաղեցնում եւ սովորաբար դեղեր գնում են ծայր անհրաժեշտության դեպքում կամ անհրաժեշտ ինչ-որ բանից անպայման զրկելով իրենց։ Էլ չենք խոսում այն մասին, որ հարկավոր պահին դեղամիջոցի չընդունումն արդեն իսկ զարգացնում է հիվանդությունը։
Հատկապես ներարկման համար նախատեսված դեղերի կեղծումն առավել վտանգավոր է, քանի որ դրանք անմիջապես արյան մեջ են մտնում։ Ընդ որում, կեղծարարները գործում են կիսավճարունակ գնորդին խաբելու բազմիցս փորձված մեթոդովՙ կեղծված տարբերակները մի քանի հարյուր դրամից սկսած մինչեւ 30, 50 տոկոս ավելի էժան են վաճառվում իսկականից։ Սովորաբար կեղծված դեղերը պատրաստվում են ընդամենը սովորական կավիճից, որն այնքան էլ վտանգավոր չէ։ Սակայն ո՞վ կարող է երաշխավորել, որ սեւ շահույթի մոլուցքով տարվածները չեն դիմի առավել անթույլատրելի ու անկանխատեսելի միջոցների։
Դիտարկումների համաձայն, կեղծված դեղերի մեծ մասը Հայաստան է մտնում Վրաստանից։ Այստեղ դեղերն ազատված են ավելացված արժեքի հարկից, ոչ ինչպես մեզանում։ Այլ արտոնություններ ու առավելություններ եւս կան։
Վաճառակետերում հանդիպում են նաեւ դեղամիջոցներ, որոնք ընդհանրապես գրանցված չեն Հայաստանում։ Որպեսզի դեղը գրանցվի, հարկ է 1000-1500 դոլար պետական տուրք մուծել։ Այս ցուցակում ներկայացված կեղծված դեղերի մեծ մասը, սակայն, գրանցում ունի։
Կեղծված դեղը իսկականից տարբերելը առանձնապես բարդ խնդիր է սպառողի համար, որ հաճախ չի էլ կասկածում այդ մասին, ենթադրելով, թե մարդկային ագահությունը այդպիսի արատավոր սահմանի չի հասնի։ Նրան մնում է պարզ, սակայն կատարման իմաստով բարդ ու գլխացավանք պատճառող մեթոդի դիմել. հարկավոր դեղը գնելուց առաջ այցելել միանգամից մի քանի դեղատներ, եւ գուցե նրա բախտը բերիՙ փաթեթավորման ու գնային տարբերությունների բացահայտումով գտնի իսկականը։ Իսկ առայժմ վերահսկողության առումով դեղագործական շուկան բարձիթողության է մատնված։ Ժամանակ առ ժամանակ իրականացվող պլանային ստուգայցերը հիմնախնդրի լուծում չեն դառնում։