«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2003-09-06 | #161, 2003-09-09 | #162, 2003-09-10


ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՆՈՐԱՇԵՆԻ ԴՊՐՈՑԸ

2003-2004 թթ. ուսումնական տարին Տաշիրի տարածաշրջանում սկիզբ առավ նոր ուսումնական շենքի բացմամբՙ Նորաշեն համայնքում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամն այս դպրոցի հիմնանորոգման եւ տանիքի վերափոխման համար տրամադրել է 46 մլն դրամ։ Համայնքին վերապահված 10 տոկոս ներդրման գումարի հարցում աջակցություն է ցուցաբերել ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը։ Որոշ հարցերում օժանդակել է նաեւ «Լոռու դպրոց» հիմնադրամը։ Նորաշենի դպրոց են հաճախում 260 աշակերտներ։ Շնորհավորանքի իր խոսքում Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը կարեւորեց նաեւ դպրոցականների առաջադիմությունը, որովհետեւ վերջին տարիներին նվազել է Տաշիրի տարածաշրջանի գյուղական դպրոցներից առարկայական օլիմպիադաներին մասնակցողների թիվը, ինչի հետեւանքով նվազել է նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվող շրջանավարտների քանակը։

Լոռու մարզպետն այցելեց նաեւ Պետրովկա եւ Լեռնահովիտ համայնքներ, ուր եւս վերակառուցվում են դպրոցներ Հայաստանի սոցիալական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Հիշեցնենք, որ Տաշիրի տարածաշրջանում կապիտալ շինարարությունը լայն թափ է ստացել 2000 թ. հետո, երբ Լոռու մարզպետարանը կազմեց Տաշիրի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ծրագիր, որը հաստատեց նաեւ ՀՀ կառավարությունը։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4