«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2003-09-06 | #161, 2003-09-09 | #162, 2003-09-10


ԱՐԹՈՒՐ ԲԱՂՐՅԱՆ. ՍԱՀՄԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Ութ տարի առաջ մոսկվացի ճանաչված բիզնեսմեն ու բարեգործ, «Ուրարտու մոտորս» կոնցեռնի նախագահ Արթուր Բաղրյանը Ռուսաստանի մայրաքաղաքում սեփական միջոցներով կառուցեց Սբ. Գեւորգ հայկական եկեղեցին։ Հատկապես թեմում տիրող ներքին հակամարտության պայմաններում մատուռը ինչ-որ չափով բավարարում է տեղի հայության հոգեւոր պահանջները։ Այս տարվա մայիսին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որը Մոսկվայում էր, օրհնաբեր այց կատարեց եկեղեցի։ Հայոց հայրապետի հետ ունեցած զրույցի ժամանակ Բաղրյանը պատմեց, որ որոշել է եկեղեցի կառուցել նաեւ Հայաստանում։ Կաթողիկոսը ողջունեց նրա աստվածահաճո նախաձեռնությունը եւ ամենայն աջակցություն խոստացավ։ Եվ շուտով Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում սկսվեցին շինարարական աշխատանքները։

Ես վաղուց եմ ճանաչում Բաղրյանին, եւ մեր զրույցը չէր կարող «պաշտոնական» բնույթ կրել։

- Արթուր, իսկ ինչո՞ւ հենց Ոսկեվանում։

¬ Կինսՙ Գայանեն, արմատներով նոյեմբերյանցի է։ Ամեն ամառ մենք ընտանիքով հանգստանում ենք Ոսկեվանի նրա հայրական տանը։ Ամեն անգամ նա պտտվում էր գյուղի կիսավեր եկեղեցու շուրջ ու հուզվում անմխիթար տեսքից. 1903 թ. հիմնադրված եկեղեցին ինչ ասես չի եղելՙ պահեստ, ակումբ, կինոսրահ եւ այլն։ Նա ցանկություն հայտնեց վերակենդանացնել այդ հոգեւոր օջախը։ Բայց սոսկ վերականգնելն անիմաստ էր, որոշեցինք փաստորեն նորովի կառուցելՙ պահպանելով հիմնական ճարտարապետական դրվագները։

- Ես էլ ծնունդով այդ կողմերից եմՙ Շամշադինից, եւ կարող եմ ասել, որ տարածաշրջանը, ցավոք, թերեւս «ամենաաթեիստականն» է Հայաստանում, գործող եկեղեցիներն այստեղ հատուկենտ են։ Ինչպե՞ս ընդունեց տեղի ժողովուրդը քո մտահղացումը։

- Սկզբիցՙ կասկածամտորեն, նույնիսկ անմիջականորեն ինձ ասում էին, որ ես, իբր, առաջին հերթին իմ անվան մասին եմ մտածում, մինչդեռ շատ ավելի «իմաստուն» կլիներ գյուղացիներից ամեն մեկին մի հարյուր դոլար տալ ու մի կողմ քաշվել։ Բայց շատ բան փոխվեց, երբ նրանք իրենց ձեռքով սկսեցին վերակառուցման աշխատանքները։

- Իսկ ինչպիսի՞ն է մարզի ղեկավարության վերաբերմունքը։

¬ Ամենայնս խրախուսական ու շնորհակալական։ Մարզպետ Արմեն Գուլարյանը, որն, ի դեպ, մասնագիտությամբ ճարտարապետ է, իմ խնդրանքով եկավ Ոսկեվան, հանգամանորեն ծանոթացավ նախագծին, շինաշխատանքներին եւ մեծ գոհունակություն հայտնեց։ Վերջում էլ տղամարդու պես սեղան պատվիրեց շինարարների համար։ Դու գիտես, որ նախկին Նոյեմբերյանը սահմանամերձ շրջան է, կյանքը դժվար է, չկա աշխատանք, չկան ապրուստի պայմաններ եւ շատերը ճարահատյալ լքում-հեռանում են հայրենի վայրերից։ Բազմաթիվ տների դռները փակ են։ Եվ հարց է առաջանումՙ ո՞վ պիտի պաշտպանի մեր հողը թշնամուց։ Ուզում եմ հուսալ, որ նորընծա եկեղեցին կօգնի հայ ոգու ամրապնդմանը։

- Ի դեպՙ ոգու մասին։ Նորերս ես էլ էի Հայաստանում եւ ինձ պատմեցին, թերթերն էլ էին գրում, որ հատկապես անապահով շրջաններ են թափանցում զանազան օտար կրոնական հոսանքներ, աղանդներ եւ այլն։ Մի բուռ ազգի համար դա բնավ էլ չի կարելի մխիթարական երեւույթ համարել։ Եկեղեցաշինությունն առավել քան հրատապ գործ է։

- Զարմանալի բան ասեմ. արդեն մի քանի ամիս շինարարական աշխատանքներ են ծավալված, եւ մինչ օրս եկեղեցու տարածք ոտք չի դրել միայն... գյուղապետ Էմմա Հակոբյանը։ Սկզբում ինձ համար անհասկանալի էր նման քար անտարբերությունը։ Բայց ամեն ինչ պարզ դարձավ, երբ ինձ իրազեկեցին, որ այդ պաշտոնյա անձը Եհովայի վկաների հետեւորդ է։

- Այն աստիճան, որ նույնիսկ լրիվ մերժո՞ւմ է Հայ առաքելական եկեղեցին։

¬ Այդպես է ստացվում։ Գիտես, չէ՞, որ ես նախկին հակահետախույզ սպա եմ եւ ծանոթ եմ այլ երկրներում արեւմտյան հատուկ ծառայությունների ապազգայնացման քաղաքականության էությանը։

- Անդեմ ժողովուրդը դյուրին կառավարելի է։

¬ Եվ անընդունակ արարման։ Բայց եթե Հակոբյանի կեցվածքը կարելի է համարել նրա հոգեւոր սնանկության արդյունք, ապա անբացատրելի է Գուգարքի հոգեւոր թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանի «անհողդողդությունը». քանի անգամ նրան եմ հրավիրել իր հովվության ներքո գտնվող Ոսկեվանՙ ապարդյուն։ Պարադոքսն այն է, որ ես այդ մարդկանցից նյութական ոչինչ չեմ պահանջում, շինարարությունը վարում եմ սեփական միջոցներով, շինանյութերն ինքս եմ տեղում հայթայթում, մոտ 4 տասնյակ մարդու աշխատավարձ եմ տալիս։ Ավելին ասեմՙ եկեղեցու հարեւանությամբ մի նույնքան կիսաքանդ խանութ կար, առաջարկեցի նորացնել ու դարձնել իմ սիրած հունահռոմեական ըմբշամարտի մարզատուն։ Թող սահմանի պաշտպանները, բանակ գնալուց առաջ թե հետո, կրթեն իրենց մարմինը։ Եվ ինչ, առեւտրի կոոպերացիայի նախագահ Գեորգի Խաչիկյանը սկզբից պահանջեց 5 հազար դոլար, հետո իջավ 2,5-ի եւ իր ուզածն ստանալուց հետո ինձ ներկայացրեց... 900 դոլարի չեկ։

- Եվ չամաչե՞ց։

¬ Բնավ։

- Ողորմելի է այն պաշտոնյան, որը բարեգործության մեջ անգամ անձնական շահ է փնտրում։ Դու մտածում ես գյուղի երեխաների մասին, նաՙ միայն իր գրպանի։

- Նորից եմ ասում, Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջանները պետք է գտնվեն Հայաստանի ղեկավարության հատուկ ուշադրության կենտրոնում։ Սա ազգային անվտանգության ռազմավարական հարց է։

- Մի այսպիսի սադրիչ հարցՙ ինչպես Ռուսաստանում կասեին, դու «էթնիկ» ղարաբաղցի ես, ի՞նչ ես պատրաստվում անել քո հայրենի լեռնաշխարհի համար։

- Կոնկրետ չեմ պատասխանի, որովհետեւ գաղափարները դեռ խմորվում են։

- Ե՞րբ է բացվելու եկեղեցին։

¬ Հոկտեմբերի վերջին։ Հայոց հայրապետը խոստացել է անձամբ օրհնել սուրբ արարողությունը։ Քանի որ շրջանն իրոք քո ասած «աթեիստական» է, Վեհափառը կկնքի մի քանի տասնյակ երեխաների։ Այս կապակցությամբ կուզեի ասել հետեւյալը. ես անկախ մարդ եմ եւ իմ սկզբունքային համոզմունքներում կարող եմ հեռու մնալ կոնյունկտուրայից։ Ես գտնում եմ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայ եկեղեցու եւ հայոց պատմության մեջ կմտնի որպես արարող անձ։ Նորանկախ մեր պետությունը թեւակոխել է իր պատմության բնավ էլ ոչ դյուրին շրջանը, եւ նրա ինքնահաստատումը պահանջում է ակտիվ, լայնախոհ, հայրենասեր ու հայասեր մարդկանց։ Իմ աչքին կաթողիկոսն այդպիսին է։

Կուզեի նաեւ, որ բացմանը ներկա լինեին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Սահմանի մարդիկ գոնե ջերմ խոսքի կարիք ունեն։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4